
Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցի շուրջ քննարկումները միս ու արյուն ստանում։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում կարծում են, որ մինչև տարեվերջ հստակ որոշում կունենան, թե Հայաստանին ինչ դիզայնի ու հզորության էներգաբլոկ է անհրաժեշտ լինելու։ Այս քննարկումներին զուգահեռ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ մի առիթ բաց չեն թողնում՝ դժգոհելու հայկական ատոմակայանի աշխատանքից։ Ադրբեջանի նախագահը վերջերս էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին բողոքել Հայաստանի ատոմակայանի գործունեությունից։ Այն դեպքում, երբ 2022 թվականի հոկտեմբերին Ռաֆայել Գրոսսին անձամբ էր այցելել Մեծամորի ատոմակայան ու բարձր գնահատել կայանի աշխատանքը։ Մեծամորի ատոմակայանում 2021–ի գարնանը շահագործվել է նոր սերնդի անվտանգության համակարգ, որն աշխատում է Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշներով։
Մինչև 2036 թվականը երկրի հոսանք արտադրող գլխավոր կայանը կաշխատի 2-րդ էներգաբլոկով, իսկ հետո արդեն՝ նոր բլոկով։ Թե ինչ հզորությամբ ու ինչպիսի էներգաբլոկ կաշխատի, դեռ քննարկվում է։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ նոր ատոմակայանի կառուցմանը վերաբերող քննարկումներն արդեն միս ու արյուն են ստանում։
«Նոր ատոմակայանի հետ կապված այժմ նախնական տեխնիկական հիմնավորումների շուրջ ենք աշխատում։ Ավելի կոնկրետ այժմ հզորությունների բաշխման սխեման ենք մշակում, որպեսզի հասկանանք, թե առաջարկվող ատոմային բլոկները այդ հզորությամբ ինչպես են սինխրոնացվելու մեր համակարգի հետ, ինչպես է բաշխվելու էլեկտրաէներգիան։ Դա բավականին բարդ աշխատանք է, որն այս պահին կատարվում է»։
Մինչև տարեվերջ հստակ որոշում կլինի, թե Հայաստանին ինչ դիզայնի ու հզորության էներգաբլոկ է անհրաժեշտ լինելու։ Արժեքը պարզ կլինի որոշումից հետո;
«Հակված ենք ունենալ այն բլոկը, որը լավագույնս կաշխատի մեր համակարգում։ Այս պահին չեմ կարող ասել՝ մինչև ուսումնասիրությունը չավարտենք»։
Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար Մեծամորի ատոմակայանի փակման պահանջ են ներկայացնում, խոսում դրա վտանգավորությունից Միջազգայնագետ Արմեն Մանվելյանը ընդգծում է՝ Բաքուն այս հարցում էլ իր շահերով է առաջնորդվում՝ փորձելով հնարավորինս շատ վնասել Հայաստանին
«Քանի որ ատոմակայանը Հայաստանի, այսպես ասենք, կրիտիկական կառույցներից է, պարզ է, որ Ադրբեջանը ձգտում է փակել, որպեսզի Հայաստանը հայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ։ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը չպետք է զարմանք առաջացնի։ Սա միշտ էլ եղել է իր քաղաքական մենստրիմը։ Իր համար միշտ էլ կարևոր է Հայաստանին տնտեսական, էներգետիկ, ռազմական վնասներ հասցնելը»։
Ադրբեջանի նախագահը վերջերս էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին բողոքել Հայաստանի ատոմակայանի գործունեությունից։ Այն դեպքում, երբ 2022 թվականի հոկտեմբերին Ռաֆայել Գրոսսին անձամբ էր այցելել Մեծամորի ատոմակայան ու բարձր գնահատել կայանի աշխատանքը։
Թուրք–ադրբեջանական պահանջները քաղաքական են՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։
«Բայց ոչ էներգետիկ, ոչ տեխնիկական։ Բոլոր պնդումները, որ ատոմակայանը ինչ–որ մեկին վնաս է հասցնում կամ սպառնալիք է, կեղծ են ու սուտ»։
ՀԱԷԿ–ն ամեն տարի պլանային վերականգնողական փուլ է անցնում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ–ի կողմից վերահսկվում է ՀԱԷԹԿ–ի անվտանգության բաղադրիչը։ Մասնագետները պարբերաբար այցելում են Հայաստան, ստուգում, թե ինչ վիճակում է ատոմակայանը։ 2021թ․–ին արդիականացվեց Մեծամորի ատոմակայանի է ռեակտորի ակտիվ գոտու սառեցման վթարային համակարգը։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հստակեցնում է․
«Կառուցվել է նոր սերնդի՝ Ֆուկուսիմայի վթարից հետո մշակված չափանիշերով աշխատող անվտանգության համակարգ։ Վթարային համակարգը գործում է վթարը լոկալիզացնելու, արագ սառեցնելու և համապատասխան քանակությամբ ջուր մղելու միջոցով, ինչը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ–ի պահանջներին»։
Իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։
1990-ականներից, երբ փակվեց երկաթուղին, օգտագործված վառելիքի արտահանում չի կատարվել։ Մինչ այդ այն ՌԴ էր արտահանվում։ ՀԱԷԿ–ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը տեղեկացնում է․ «3 շինություն արդեն կառուցված է, չորրորդի համար ունենք բոլոր պահեստամասերը։ Կկառուցենք։ Մենք մինչև 2034–2036թթ միջուկային վառելիքի պահպանման խնդիր չունենք»։
Գիտությունն արագ է զարգանում, և գուցե ոչ հեռավոր ապագայում հնարավոր լինի օգտագործված վառելիքը դարձյալ օգտագործել։ ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներում նախանշված է նաև մինչև 2040թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ։




