
Ստեղծված իրավիճակում Լաչինի միջանցք և Արցախում միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն․ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարությունը։ Փորձագետները, սակայն, նկատում են, որ նման առաքելության տեղակայումն այսօր քիչ հավանական է, իսկ այդ մասին խոսելով՝ Հայաստանը նախ ցույց է տալիս իր դժգոհությունը ռուս խաղաղապահներից, ապա ցանկանում է մեծացնել միջազգային հանրության ուշադրությունը մեր խնդիրների նկատմամբ։ Որոշ փորձագետների դիտարկմամբ էլ՝ ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը Արցախում միջոց է ՄԱԿ-ի դատարանի որոշումն ի կատար ածելու համար։
ՀՀ-ն ջանքեր է գործադրում Արցախ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։ Օրերս Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» խորագրով քննարկման ժամանակ իր բացման խոսքում այս մասին նշել էր ՀՀ վարչապետը։ Փաշինյանն այդ հարցը շեշտել էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում․
«Շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և ԼՂ՝ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար»:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն Արցախում ու Լաչինի միջանցքում ՄԱԿ-ի առաքելություն տեղակայելու հարցը քննարկել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Գուտերեշը նշել էր, որ այդ հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փետրվարի 28-ի նիստում հայտարարել էր․
«ՄԱԿ-ի միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում»։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը նկատում է, որ եթե անգամ միջազգային հանրությունը մեծ ցանկություն էլ ունենա փաստահավաք առաքելություն միջանցքում տեղեկայելու, ապա դա հնարավոր չի լինի։ Նրա խոսքով՝ միջազգային հանրություն ասվածը, որն ըստ էության, հավաքական Արևմուտքն է, առանձնապես ցանկություն չունի նման քայլի գնալու։ Համախմբված Արևմուտքն, ըստ վերլուծաբանի, այս պահին բոլորովին այլ հետաքրքրությունների շրջանակ ունի․
«Մեր տարածաշրջանը քիչ է հատաքրքրում միջազգային հանրությանը։ Եթե անգամ հետաքրքրում է, ապա բոլորովին այլ համատեքստով։ Միջազգային հանրությանը մեր տարածաշրջանում ոչ թե կայունություն է պետք, այլ պետք են այնպիսի իրադարձություներ, որոնք կթուլացնեն Ռուսաստանը։ Այդ իմաստով, բնականաբար, ինչքան մեծ լինի դժգոհությունը տրածաշրջանում ռուսներից, ինչքան ավելի ակնհայտ դառնա, որ նրանք իրենց պարտավորությունները պատշաճ չեն կատարում, այնքան լավ։ Այնպես որ, այս հարցում պետք չէ հույսեր կապել միջազգային հանրության հետ, որովհետև միջազգային հանրության դաշնակիցը մեր տարածաշրջանում, ցավոք, մենք չենք. ավելի շատ Ադրբեջանն է»։
Քաղաքագետներն այդ հարցը կարևոր են համարում Հաագայի դատարանի որոշումների կատարման համատեքստում, քանի որ տեսնում են, որ Բաքուն պատրվակներ է ներկայացնում վճիռը չկատարելու համար։
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի՝ Արցախ ու Լաչինի միջանցք ՄԱԿ-ի առաքելություն տեղակայելու մասին բարձրաձայնելը փափուկ ուժի կիրառման լավ միջոց է համարում։ Նա նկատում է, որ կա ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշում, ըստ որի պետք է ապաշրջափակվի միջանցքը, իսկ Բաքուն հապաղում է իրականացնել այն։ Հետևաբար, քաղաքագետի կարծիքով, ՄԱԿ–ի առաքելության ներկայությունը տեղին կլինի․
«Եղել է որոշում, սակայն Ադրբեջանն այլասերում է որոշումը։ Ուզում եմ հիշեցնել Բաքվին, որ դատարանի որոշումները չեն քննարկվում, այլ կատարվում են, բայց դա թուրքական կամ մի քիչ սլավոնաթուրքական խասյաթ է՝ այլասերել իրականությունը։ Հիմա իրենք պետք է ամեն բան անեն, որ չկատարեն դատարանի որոշումը, բայց չեն կարող։ Ադրբեջանը հայտարարեց, որ այնտեղ գրված չէ, որ Ադրբեջանն է փակել, սա նշանակում է, որ Բաքուն պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա, քաշում է Մոսկվային։ Բայց որոշմամբ պատասխանատվությունը դրված է Ադրբեջանի վրա և այս հարցում Ադրբեջանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ է մտել, դա 100 տոկոսով»։
Ըստ Հայկ Սուքիասյանի՝ ՄԱԿ-ի առաքելության տեղակայման մասին հայտարարությունը միջոց է ազդելու Բաքվի վրա։ Նա հնարավոր է համարում, որ Արցախ մտնի ՄԱԿ-ի առաքելությունը, եթե միջանցքը չբացվի։ Դա, քաղաքագետի ձևակերպմամբ, խայտառակություն կլինի Ռուսաստանի համար։
Արմեն Բաղդասարյանն էլ նկատում է, որ Ռուսաստանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարումը Լաչինի միջանցքի մասով, սակայն, ակնհայտ է, որ դա լիարժեքորեն չի անում։ Հետևաբար, ըստ նրա, միջազգային փաստահավաք խումբ հրավիրելու անհրաժեշտությունը ծագել է հենց դրանից.
«Ռուսաստանի՝ իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելուց։ Այլ հարց է, որ դա այս պահին ես գործնականում հնարավոր չեմ համարում, որովհետև դրան դեմ է և Ռուսաստանը, և Ադրբեջանը։ Իսկ եթե այդ երկու երկրները դեմ են, չեմ կարծում, թե մեզ կհաջողվի հասնել դրան»։
Կովկասի ինստիտուտի վերլուծաբան Հրանտ Միքայելյանը, սակայն, կարծում է, որ մի առաքելությունը մյուսը չի բացառում։ Ըստ նրա, սակայն, հարց է, թե ինչ ձևաչափով պետք է Արցախում ու Լաչինի միջանցքում տեղակայվի ՄԱԿ առաքելությունը․
«Գլխավոր հարցը, որ լինի իրավական ու քաղաքական համաձայնություն Բաքվի հետ, քանի որ, եթե Ադրբեջանը համաձայնություն չտա, կխանգարի, որ որևէ առաքելություն տեղակայվի Արցախում»։
Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը, նման պայմաններում բարձրաձայնելով միջանցքում միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին հարցը, ընդամենն իր դժգոհությունն է արտահայտում ռուս խաղաղապահներից՝ ռուսական կողմից.
«Վստահ եմ, հայկական կողմը շատ լավ գիտի, որ այդ նպատակին, գոնե այս պահին, հասնել հնարավոր չի լինելու։ Բայց, քանի որ հայկական կողմի մարտավարության, կամ նույնիսկ ռազմավարության հիմնական ուղղություններից մեկն էլ միջազգային հանրության ուշադրությունը մեր խնդիրների վրա հրավիրելն է, կարծում եմ, հենց այդ համատեքստում է արվում»։
Այսինքն, վերլուծաբանի կարծիքով, հարցն առաջ քաշելու նպատակը ոչ այնքան անմիջապես այդ առաքելությունը բերելն է, որովհետև դա հնարավոր չէ, այլ այդ հարցը բարձրացնելով, փորձել փոքր-ինչ ավելի մեծացնել ուշադրությունը մեր խնդիրների վրա և դրանով իսկ նվազեցնել նոր լարվածության, նոր ագրեսիայի հավանականությունը։




