ԿարևորՀասարակություն

Ամրանի դիրքի ճիշտ հաշվարկ ու բետոնի պաշտպանիչ շերտի ապահովում․ հայ գիտնականի գյուտը մեդալի է արժանացել Քուվեյթում

40 երկրների թվում Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցել է Քուվեյթում անցկացվող շինարարական ամենամյա փառատոնին։ Ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանի շինարարության տեխնոլոգիաների կազմակերպման ամբիոնի վարիչ, վաստակաշատ շինարար Վարդգես Գրիգորյանը այնտեղից արծաթե մեդալով է վերադարձել։ Նրա առաջարկը գրանցվել է որպես գյուտ։ Հայաստանում գործող շինարարական նորմերով ու միջազգային ստանդարտներով յուրաքանչյուր մետաղական ձողի համար սահմանված բարձրություն կա, որն ապահովվում է ամրանի աշխատանքային ճիշտ բարձրությունը։ Հաջողության հիմնական գրավականը  անկյունային ճիշտ հաշվարկն է։ 

Բազմահարկ շենքեր կառուցելիս անգամ մեկ մետաղյա ձողի դիրքի ճիշտ ընտրությունից է նաև կախված կառույցի ամրությունը։ Ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանի շինարարության տեխնոլոգիաների կազմակերպման ամբիոնի վարիչ Վարդգես Գրիգորյանը փաստում է՝ Սպիտակի երկարաշարժի ժամանակ շենքերի փլվելու պատճառներից մեկն էլ այն է եղել, որ մետաղե ամրանները ճիշտ տեղում չեն եղել։ Ավելին՝ առաստաղներում էլ ժանգոտած ամրաններ են եղել։ Վարդգես Գրիգորյանը գիտական առաջարկ ունի, ֆիքսատոր, որը լուծում է այդ խնդիրը, բացառելով մարդկային գործոնը։ Այն ավտոմատ կերպով ապահովում է ամրանի աշխատանքային ճիշտ բարձրությունը․

«Ամրանային կմախքի դիրքի ճիշտ տեղադրումը կաղապարի մեջ։ Անվանում ենք ունիվերսալ ֆիքսատորներ։ Շինարարության մեջ կիրառվող մոտ 14 –15 տրամագծի մետաղները մենք ֆիքսում ենք մեկ դետալով։ Ներկայիս պայմաններում ամեն ֆիքսատոր պետք է ունենա իր չափը՝ սկսած 10 մմ–ից մինչև 30–35 մմ։ Մեզ մոտ մեկ ֆիքսատորը ունիվերսալ ձևով լուծում է բոլոր մետաղների հարցերը։ Գյուտի էությունը մետաղը կորոզիայից պաշտպանելն է։ Քանի որ ցանկացած միջավայրում օդի խոնավություն կա, իսկ խոնավ միջավայրը վնասում է մետաղը, նրա  հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով»։

Ֆիքսատորի գաղափարը սոսկ գիտական առաջարկ չէ, այլ գրանցված գյուտ։ Այն  փետրվարին ներկայացվել էՔուվեյթում անցկացված ամենամյա մասնագիտական հավաք փառատոնին։ Չնայած միջոցառումը արդեն 13 տարի անցկացվում է, Հայաստանը դրան մասնակցել է առաջին անգամ։ Եռօրյա ցուցադրությունից հայ գիտնականը մեդալով է վերադարձել․

«Մենք հավաստագիր ստացանք, ընդունեցին որպես գյուտ։ Դա ասում եմ, քանի որ 40 երկրի 183 գյուտերի մի մասը ժյուրին անգամ չքննարկեց։ Մեկ մաղով արդեն դրանք անցել էին։  Մրցականաբաշխության ժամանակ ես արժանացա արծաթե մեդալի, դա իրոք անկանկալ էր, քանի որ մեր մասնակցությունն արդեն իսկ շատ բան տվեց»։

Հայաստանում գործող շինարարական նորմերով ու միջազգային ստանդարտներով ամրաններում կիրառվող յուրաքանչյուր մետաղաձողի համար սահմանված բարձրություն կա։ Հենց դա է ապահովում ամրանի աշխատանքային ճիշտ բարձրությունը։ Այստեղ հաջողության հիմնական գրավականը անկյունային ճիշտ հաշվարկն է։ Վարդգես Գրիգորյանի առաջարկած ֆիքսատորը հնարավոր է արտադրել տարբեր նյութերից՝ փայտից, պլաստիկ թափոններից  և այլն։ Ընդ որում՝ արտադրությունը հնարավոր է արագ կազմակերպել։ Ֆիքսատորն ունի նաև մի կարևոր առանձնահատկություն՝ տեղադրվում է միայն այն հատվածում, որտեղ անհրաժեշտ է ֆիքսել ամրանի բարձրությունը։ Ճարտարապետության ու շինարարության ազգային համալսարանի դասախոս Աշոտ Մխիթարյան․

«Այն, ինչ դուք տեսնում եք, սա իր իրական չափն է, որ շինարարությունում կարող է օգտագործվել։ Ինքը շատ ոչ մեծ ծավալի դետալ է, արտադրությունը հնարավոր է իրականցնել շատ հեշտ տեխնոլոգիայով ու այս չափով։ Ինքը տեղադրվում է այն հատվածում, որտեղ պետք է ֆիքսել բարձրությունը, ոչ թե ամրանի ամբողջ երկարությամբ»։

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերի մեծ մասը բոլորել է հիսուն տարին։ Դրանք կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել են բնական մաշվածության: Բացի այդ, շենքերը նախագծվել և կառուցվել են 7-8 բալային կայունությամբ, ինչի արդյունքում ունենք բարելավման կարիք ունեցող «ծերացած» բնակֆոնդ: Այսօրվա սեյսմակայունության շինարարական նորմը 9 և ավելի բալն է։ Այդ հաշվարկով են 1990-ից հետո կառուցվել շենքերը։ Այսինքն՝ դրանք բավարարում են նորմերի պահանջներին ու սեյսմակայուն են, վստահեցնում են փորձագետները։

ԱԻ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Կառուցվածքների սեյսմակայունության վարչության գլխավոր մասնագետ  Արմեն Խաչատրյան․

«Մեր բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի մեծ մասը, որը կառուցվել է  Խորհրդային Միության տարիներին,  չի բավարարում այսօրվա նորմերի պահանջներին։ Ուստի այդ շենքերը ունեն միջին և բարձր սեյսմիկ խոցելիություն»։

Հայ գիտնականը վստահ է՝ իր առաջարկից  պետք է օգտվեն ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։

Կարդացեք նաև

Back to top button