ԿարևորՔաղաքական

Ի՞նչ է փնտրում Բաքուն արբիտրաժային դատարանում

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ծանուցում է ստացել այն մասին, որ Ադրբեջանը  Էներգետիկ խարտիայի շրջանակում արբիտրաժային վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և Խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ՝  նշում է գրասենյակը՝  ընդգծելով, որ արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով այդ երկրին պարտադրվել է «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարել էր, թե Ադրբեջանը ավարտել է Հայաստանի դեմ հերթական՝ էներգետիկ ոլորտին առնչվող հայցի մշակումը․ փորձելու են ապացուցել, որ 30 տարի Հայաստանը օգտագործել է Ադրբեջանին պատկանող էներգետիկ հնարավորությունները։

Արբիտրաժը կոնկրետ վեճի մեկանգամյա լուծման հարթակ է, որն, ըստ էության դատարանի դեր է  կատարում։ Մասնագետների բնորոշմամբ՝ ավելի ճկուն, քան դատարանը։ Ի տարբերություն, օրինակ, ՄԱԿ–ի միջազգային արդարադատության դատարանի, որն ունի իր կանոններն ու հստակ ընթացակարգերը, արբիտրաժը կողմերին ավելի ճկուն լինելու հնարավորություն է տալիս՝ սկսած լեզվի ընտրությունից, արբիտրների քանակից մինչև լսումների կանոններն ու դրանց իրականացման վայրը։

Եթե պետությունները կոնկրետ ոլորտներում առանձին վեճեր ունեն, դրանք կարող են հանձնել միջազգային արբիտրաժի քննությանը։ Միջպետական հարաբերությունների տարր պարունակող  էներգետիկ խարտիան այդ հնարավորությունը տալիս է։ Փաստաթղթի 27–րդ հոդվածը պետություններին հնարավորություն է տալիս էներգետիկ հարցերին առնչվող վեճի դեպքում միջազգային արբիտրաժ սկսել։ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը նկատում է․

«Այս հոդվածը, որի վրա ես հղում արեցի, նախատեսում է երեք հոգանոց արբիտրաժ։ Առաջին անձը, որ ցանկանում է արբիտրաժային գործընթաց, ծանուցում է ուղարկում  հակառակ կողմին՝  տեղեկացնելով իր հետ ունեցած վեճի մասին ։  Ապա` նշանակում է իր արբիտրին։ Հակառակ  կողմն իրավունք ունի դրան  պատասխանել համապատասխան ժամկետում ՝ 60 օրվա ընթացքում , և եթե 90 օրվա ընթացքում որևէ բան չի ասում,  ապա երկրորդ արբիտրի նշանակման իրավասությունն անցնում է նշանակող մարմին։ Երկու նշանակված արբիտրները  միասին  150 օրվա ընթացքում նշանակում են երրորդ արբիտրին, որը նախագահողն է։ Եթե  180 օրվա ընթացքում չեն նշանակում, ապա նախագահողին նշանակում է նշանակող մարմինը »։

Միջազգային արբիտրաժի որոշումները պարտադիր են միջազգային պայմանագրերով, որոնցից մեկն էլ  Էներգետիկ խարտիան է։

Էներգետիկ Խարտիան հիմնադրվել է 1991թ.-ին` Հաագայում ստորագրված քաղաքական հռչակագրով: Կազմակերպությանն անդամակցում են 51 երկիր: Կազմակերպության կենտրոնակայանը Բրյուսելում է:

Հայաստանի Հանրապետությունը Էներգետիկ Խարտիայի պայմանագիրը ստորագրել է 1994թ.-ին:

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանն ընդգծում է․ «Էներգետիկ խարտիայի հիմնական դրույթները էներգետիկ պաշտպանության ոլորտում միջազգային ներդրումնհերի պաշտպանությանն ու խթանմանն ուղղված  գործառույթներն են,  որոնք վավերացրել են 50–ից ավելի երկրներ՝ իրենց վրա վերցնելով այդ պարտավորությունները»։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանից միջպետական արբիտրաժային վարույթ  նախաձեռնելու ծանուցում է ստացել։ Դիմող երկրի ձևակերպմամբ ՝ ֆինանսական փոխհատուցում է պահանջվում իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից մինչը  2020 թվականը անօրինականորեն շահագործելու համար։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շեշտում է հանգամանքը, որ արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից  ընդամենը մի քանի օր անց։

«Օրերս կայացրած վճռով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին՝ Էներգետիկ խարտիայի շրջանակում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել»:

Արբիտրաժի գործընթացը թեև դատականից ավելի արագ է համարվում, բայց 1-2  ամսվա գործ չի լինի։ Խոսքը դարձյալ տարիների մասին է՝ ասում է Օրբելյանը։

«Առաջին ծանուցում կոչվածը բավականին կարճ արբիտրաժ դիմելու մասին ցանկություն է։ Երբ կձևավորվի արբիտրաժը, ժամանակացույց կտա կողմերին, որպեսզի ներկայացվի հայց, հայցի պատասխան, պատասխանի վերաբերյալ դիրքորոշում, նաև՝ դիրքորոշման վերաբերյալ դիրքորոշում։ Եթե առանձին հարցի բաժանում տեղի ունեցավ, ու ենթադրենք չկարճվեց, ապա այս գործընթացը երկու անգամ է  լինելու։ Երկու, երեք, չորս տարի կարող է  տևել, եթե դիտարկենք ամբողջական քննությունը։ Արագ չի լինի»։

Մոտ վեց ամիս կպահանջվի արբիտրաժի  ձևավորման համար։ Մինչ այդ պետք կլինի հասկանալ՝    ՀՀ–ն վարձո՞ւմ է  միջազգային իրավախորհրդատու, թե՞ ոչ, սեփական ուժերով է մասնակցում գործընթացին, թե օգտվում է նախկին իրավախորհրդատուների ծառայություններից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը փակագծերն առայժմ չի բացում, իսկ ՀՀ արբիտրների ասոցիացիայի նախագահ Արամ Օրբելյանը խոսում է իր ընդհանուր տպավորության մասին։

«Ադրբեջանը շարունակում է  հայցեր ներկայացնելու իր հայելային քաղաքականությունը։ Ուղղակի մի հայց ներկայացնենք, որովհետև հայկական տնտեսավարողներն էլ իր դեմ են ներկայացրել, որ փորձի ինչ-որ եղանակով ինչ-որ պարիտետ դնել»։

Միջազգային արբիտրաժային ոլորտի անցուդարձին հետևող առաջատար մասնագիտացված կայքը՝ Global Arbitration Review–ն,  մի քանի ամիս  առաջ գրել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված փոքր ՀԷԿ-երի հայ ներդրողները մտադիր են միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ պնդելով, որ Բաքուն 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առգրավել և յուրացրել է իրենց սեփականությունը։ Ըստ կայքի՝ հայցը վերաբերում է Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի շրջաններում գտնվող 18 փոքր ՀԷԿ-երին, որոնց սեփականատերերի համոզմամբ՝ Ադրբեջանը, դրանք յուրացնելով՝ խախտել են էներգետիկ խարտիայի մի շարք դրույթներ։

Հայկական կողմի դիմումը ծանուցման փուլ դեռ չի մտել։

Կարդացեք նաև

Back to top button