ԿարևորՀասարակություն

440 հա տարածք, 190 միլոն դոլար ներդրում և 7 տարի ժամանակ․ նոր գյուղ՝ Արագածի ստորոտին

7 տարի հետո Հայաստանը մի նոր գյուղ կունենա։ Համենայնդեպս, կառավարությանը հավանությանն արժանացած «Արագած» ներդրումային ծրագրում այդպես է գրված։ Ծրագրով նախատեսվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկո-գյուղատնտեսական նոր համալիր ստեղծել։ Նախագիծը ներառում է Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնում է ծրագիրը՝ նոր գյուղը կառուցվելու է 440 հեկտար տարածքի վրա, ունենալու է 300 մինի ֆիրմաներ, հյուրատներ։

«Այնտեղ կկառուցվի նաև 3 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որ գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանլիություն։ Նաև կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիներով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով և այլն։ Կառուցվելու է 25 260 քմ ճանապարհ և 109 920 քմ բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ»։

Ծրագրի իրագործման համար 190 միլիոն դոլար կպահանջվի։ Այս պահին նախագիծը հասել է  հաստատման փուլին։ Ծրագիրը պաշտոնական կմեկնարկի, երբ Ապարան համայնքը առաջին հողամասը կօտարի ներդրողին․

«Կառավարությունը Ապարան համայնքին հողատարածքի ուղղակի վաճառքի համաձայնություն է տալու, բայց, միևնույն է, Ապարան համայնքը ինքն է հողատարածքի վաճառքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Մենք գերակա շահի վերաբերյալ որոշում ենք կայացնելու 113 հեկտար տարածքի վերաբերյալ և 3643 հեկտար տարածքի երկարաժամկետ վարձակալության պայմանագիր կնքելու համաձայնություն ենք տալու Ապարան համայնքին»։

Նախագծով Ապարան համայնքին առաջարկվում է որոշ հողատարածքներ արոտավայրերի նշանակությունից տեղափոխել խառը բնակավայրերի կառուցապատման նշանակության, ապա օտարել այդ հողակտորները՝ այս ծրագրի իրականացման նպատակով։ Քերոբյանի խոսքով՝ ներդրող «Ռիդ» ընկերությունը վստահելի է, Հայաստանում այլ ծրագրեր ևս իրականացնում է։ Բայց, ամեն դեպքում, ռիսկերի կառավարման մեխանիզմներ ևս մշակել են։

Մանրամասնում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը․

«Խոշոր 4 աուդիտորական ընկերություններից մեկը ներդրումների չափի հետ կապված գնահատում է իրականացնելու։ Ստուգվելու է 4-րդ տարվա ավարտին փաստացի կատարված նեդրումների չափը։ Եթե 4-րդ տարվա ավարտին դրանք չգերազանցեն 20 միլիարդ դրամը, ապա փաստացի կատարված ներդրումների պակաս չափի նկատմամբ մենք նախատեսել ենք որոշակի ֆինանսական տուգանային միջոց»։

Երկրորդ վերահսկողական մեխանիզմը վերաբերում է ծրագրի ավարտին։ Այն պետք է ազդարարվի ճիշտ 7 տարի հետո։ Եթե այդ ժամկետում ծրագրի որևէ բաղադրիչ կատարված չլինի, ապա ներդրողը կամ պետք է հրաժարվի տարածքների վարձակալման իրավունքից, կամ պետք է պատրաստ լինի տարեկան վճարել 500 մլն դրամ, որպեսզի շարունակի պահպանել իր վարձակալության իրավունքները այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտել բոլոր բաղադրիչներով խոստացված ներդրումները։

Կառավարությունն այսօր հավանություն է տվել այս նախագծին՝ համարելով, որ այն նաև կարևոր սոցիալական նշանակություն ունի։

Սա հայկական համայնքային տեղաշարժի առաջին նախագիծը չէ։ Բոլորովին վերջերս քննարկվում էր Հայաստանի հյուսիսում նոր մոդելի էկոգյուղ կառուցելու հնարավորությունը։ Ըստ այդ նախագծի Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձոր բնակավայրը ամբողջովին կտեղափոխվի այլ տարածք՝ մոտակա սարահարթը։

Կարդացեք նաև

Back to top button