ԿարևորՔաղաքական

Միջանցքի բացման կոչերը բոլոր կողմերից են, սակայն այն շարունակում է փակ մնալ

Ադրբեջանի նախագահը նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ 2023 թվականին հայ-ադրբեջանական հարաբերություններում բեկման մասին է ակնարկել։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է եռակողմ հանդիպմանը, իսկ Հայաստանը վերջնական համաձայնություն չի տվել։ Հայաստանյան որոշ փորձագետներ եզրակացնում են, որ խաղաղության պայմանագրի ստորագրման պահը մոտ է։ Չնայած այս բոլոր զարգացումների՝ Արցախի կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ։

 

Մոսկվան պատրաստ է բանակցությունների միջնորդ լինել՝ Բաքվում վերահաստատել է ՌԴ գլխավոր դիվանագետը։ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ այդպիսի առաջարկ արել են Երևանին ու Բաքվին։ Ադրբեջանական կողմը դրան պատրաստ է, իսկ Հայաստանն ասել է՝ դեմ չէ, բայց վերջնական պատասխան չի տվել, նշել է Լավրովը: Նա շեշտել է, որ Մոսկվան շատ չի պնդելու իր այդ ծառայությունը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Լավրովի այս հայտարարությունը սպառնալիք պարունակող է համարում։ Մեզ հետ զրույցում քաղաքագետն ասում է՝ Հայաստանի հասցեին տարբեր մակարդակի սպառնալիքները, թե՛ պաշտոնյաների, թե՛ հասարակական-քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կողմից, նորություն չեն․

«Ակնհայտ է, որ Բաքուն և Մոսկվան շատ հարցերի վերաբերյալ ունեն համադրվող շահեր և նրանց մոտեցումները համընկնում են»։

Քաղաքագետը նկատում է՝ ընդհանուր առմամբ երկու բարեկամ երկրների հանդիպում էր Բաքվում․

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ընդլայնում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհագրական առումով Ադրբեջանը բավական լուրջ  հնարավորություն է ստացել տարածաշրջանում ենթակառուցվածքային, տրանզիտային և այլ գործընթացներում առաջատար լինելու։ Ռուսաստանն էլ փորձում է օգտագործել այդ հնարավորությունները, ինչը իրեն հատկապես պետք է, հաշվի առնելով այն վիճակը, որի մեջ հայտնվել է պատժամիջոցների, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում»։    

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանին Բաքվից հղված ուղերձները նաև այն ենթատեքստն ունեին, որ պետք չէ եռակողմ հայտարարությունից դուրս խնդրի դիվերսիֆիկացման վրա հույս դնել, ինչը ամբողջապես համընկնում է Ադրբեջանի շահերին և որևէ կերպ չի համընկնում Հայաստանի շահերի հետ։ Հայաստանն ու Բաքուն էլ հեռակա միմյանց մեղադրում են խաղաղության պայմանագիր կնքելը ձգձգելու մեջ։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև, որ հայկական կողմը հետաքրքրված չէ Լաչինի խնդրի լուծմամբ։ Բայրամովը երեկ հայտարարեց, մեջբերում եմ․ «հայկական կողմը դիրքավորվել է այնպես, ասես ոչ մի առնչություն չունի այդ հարցի հետ։ Փորձում է ամբողջ պատասխանատվությունը գցել Ադրբեջանի ու Ռուսաստանի վրա»։

Անկախ այս բոլոր գործընթացներից, Արցախը Հայաստանին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ, անգամ ՄԱԿ-ի դատարանի որոշումից հետո։ Ըստ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի՝ Ադրբեջանը դեռ որոշակի հարցեր ունի, որոնք այս պահին պետք է լուծի ոչ ուղիղ Հայաստանի հետ, այլ՝ Ռուսաստանի և Թուրքիայի․

«Ինչ վերաբերում է Լավրովի հայտարարության մեջ հնչած վերահսկման մեխանիզմներին. քանի որ Ռուսաստանն է վերահսկում միջանցքը, շատ հնարավոր է Ադրբեջանին որոշակի գործողություններ փորձ արվի պատվիրակել, բայց դա կախված է, թե ինչպես Հայաստանը կաշխատի։ Եթե հնարավոր լինի և Հայաստանը կարողանա պնդել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած դրույթները, ապա նույնիսկ դա Ադրբեջանը չի կարողանա ստանալ»։

Ռուսաստանը միջանցքում անցակետի տեղադրմանը կողմ չէ։ Լավրովը շեշտել է, որ Լաչինի միջանցքը պետք է առաջին եռակողմ հայտարարությունում նշված մեխանիզմով գործի, ինչը ապահովում է ազատ տեղաշարժը, բայց չի բացառում նաև, որ տեխնիկական միջոցներով հնարավոր է վերահսկել ամցուդարձը միջանցքով ու ցրել Բաքվի կասկածները, որոնք վերաբերում են զինամթերք տեղափոխելուն։

Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իր տեղեկություններով՝ ռենտգեն սարքեր տեղադրելու համաձայնություն արդեն կա․    

«Որքան ես տեղյակ եմ՝ առաջին հերթին քննարկվում է բեռնատար մեքենաների՝ ռենտգեն սարքով անցկացումը, որը հնարավորություն կտա ադրբեջանցիներին որևէ ձևով, կարծես թե այս պահին մինչև վերջ  քննարկված չէ, վերահսկելու, թե ինչ ապրանքներ են մուտք գործում Արցախ»։

Ինչպե՞ս են Արցախցում վերաբերվում միջանցքում ռենտգեն սարքերի տեղադրմանը։ Հարցն ուղղեցի արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանին.

«Եթե այստեղ ամեն դեպքում դա արվում է պարզապես նրա համար, որ ձեռք բերված համաձայնությամբ թույլ չտրվի, որ Արցախ զենք և զինամթերք մտնի, ապա այս տրամաբանության մեջ, ըստ էության, սա բնական է, որովհետև ադրբեջանական կողմը, հասկանալի պատճառներով, փորձում է թույլ չտալ, որ Արցախը ռազմականացվի»։

Արցախցի քաղաքագետն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ ռուսական կողմի հետ համաձայնություն կա, որ այդ սարքերը վերահսկեն խաղաղապահները, բայց որոշակի օնլայն դիտարկման հնարավորություն ունենալու է նաև Ադրբեջանը։  Փորձագետներն, այնուամենայնիվ, նկատում են, որ միակ լուծումը միջանցքի ամբողջական ապաշրջափակումն է, իսկ ստեղծված իրավիճակը նաև աշխարհաքաղաքական իրողությունների հետևանք է, որից փորձում է առավելագույնս օգտվել Ադրբեջանը։

Բայց, ըստ նրանց, Լաչինի միջանցքը առաջիկայում կբացվի, քանի որ կա նաև ՄԱԿ-ի դատարանի վճիռը, որը չկատարելը Ադրբեջանի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ։       

Կարդացեք նաև

Back to top button