ԿարևորՄշակույթ

«Classic Winds» մրցույթի մասնակիցները եզրափակիչ փուլում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, փետրվարի 26-ից մարտի 1-ը ներկայանում է Դուբայում «Inclassica» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում անցկացվող «Classic Winds» միջազգային մրցույթին որպես պաշտոնական նվագախումբ։ Մրցույթի չորրորդ` եզրափակիչ փուլում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երաժիշտներ ժյուրիի առջև հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Երաժշտական այս ստուգատեսը նպատակ ունի բացահայտելու տաղանդավոր երիտասարդ ֆլեյտահարների, կլարնետահարների, սաքսոֆոնահարների և հոբոյահարների։

Մրցույթը կազմակերպվել է «SAMIT Event Group»-ի կողմից։ Մրցույթի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Նշենք նաև, որ «Inclassica» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որ համախմբում է աշխարհի լավագույն երաժիշտներին, առանձին համերգով նշվել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Փետրվարի 16-ին Ուզբեկստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Վալսը «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից, հատված «Գայանե» բալետից, ինչպես նաև Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ ղազախ ջութակահարուհի Այման Մուսախաջաևայի կատարմամբ։

Կարդացեք նաև

Back to top button