ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ստեղծած էներգետիկ ճգնաժամը ոռոգման ջրի ճգնաժամ կստեղծի հենց ադրբեջանցիների համար  

Երկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված էներգետիկ ճգնաժամի հետևանքներն Արցախում կրիտիկական են որակում։  Խոսքն, առաջին հերթին,  Սարսանգի ջրամբարի ռեսուրսների սպառման մասին է։ Հունվարի 9-ից ամբողջությամբ ընդհատված էլեկտրամատակարարման և պարբերաբար ընդհատվող  գազամատակարարման պայմաններում  հենց Սարսանգի ջրամբարի ռեսուրսներով է ապահովվում էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Իրավիճակը կարող է ջրային ռեսուրսների ծայրահեղ պակասի հանգեցնել, որի հետևանքներն, ի դեպ զգալու են նաև ադրբեջանցիները։

Ադրբեջանի ստեղծած էներգետիկ ճգնաժամը լուրջ խնդիրներ կստեղծի հենց այդ երկրի բնակիչների համար․ ադրբեջանցի գյուղացիները  հնարավոր է իրենց իշխանությունների շնորհիվ այս տարի ոռոգման ջուր չունենան։

Հունվարի 9-ից վնասված է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Արցախն իր էներգետիկ պահանջարկը փորձում է բավարարել սեփական ռեսուրսների հաշվին՝ Սարսանգ ՀԷԿ-ից արտադրվող հոսանքի միջոցով։ Էներգետիկ ճգնաժամի հետևանքով  ջրամբարից ավելի շատ ջուր է բաց թողնվել, քան լցվել է։ 1976 թ․-ին  շահագործման հանձնված  ջրամբարի օգտակար ծավալը 550 մլն խորանարդ մետր է, բայց  այս պահին ջրի ծավալը կրկնակիից քիչ է՝ շուրջ 150 մլն խորանարդ մետր։  Արցախի ջրային կոմիտեի նախագահ Գևորգի Հայրիյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ ջրամբարում ջրի լցվածության խնդիր կա։

«Այս պահի դրությամբ նիշը բավականին իջել է։  Իր հնարավորություններից 30 մետրո ներքև է»։

Ադրբեջանն արդեն երկու ամիս թույլ չի տալիս վթարի վայր մեկնել ու վերանորոգել Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։   ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ մինչև վթարը Արցախը սպառում էր ժամում 60–65 մեգավատ հոսանք կամ օրական 1․5 մլն կիլովատ/ ժամ էլեկտրաէներգիա։

«Դրանից 900 հազարից 1 մլն կվտ ժամը Հայաստանից էր ներմուծվում, 600 հազար կլիովատ ժամն արտադրվում էր Արցախում։ Վթարից հետո էլեկտրաէներգիայի պակասորդի պայմաններում արդյունաբերական շատ օբյեկտներ դադարեցրել են գործունեությունը։ Այս պահին, չհաշված այդ մեծ ձեռնարկությունները, Արցախին նորմալ  էլեկտրամատակարարման  համար 45 մեգավատտ ժամ հոսանք է անհրաժեշտ»։

Բայց  30-ից 35 մեգավատտ հոսանք է արտադրվում։ Այդ ծավալը կախված է Սարսանգի ջրամբարում առկա ջրի քանակից, որն աստիճանաբար նվազում է։  Ադրբեջանի ստեղծած էներգետիկ ճգնաժամն առաջիկայում խնդիրներ կստեղծի հենց ադրբեջանցիների համար։ Արցախում Սարսանգի ջրամբարի ջուրն օգտագործվում է միայն էլեկտրաէներգիա ստանալու համար։ Սակայն աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ հոսանքի արտադրությունից  հետո Սարսանգի ջրերը թափվում են Մատաղիսի ջրամբար, որտեղից էլ Ադրբեջանի տարածք և օգտագործվում ոռոգման նպատակով։ Այժմ ոռոգման սեզոն չէ, բայց ջրի մեծ մասն արդեն  ծախսվել է՝ զգուշացնում է ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը։

«Գարնանային սելավներն էլ չգիտենք, դեռ ինչքան ջուր է  կուտակվելու, բնական է, որ Սարսանգի ջրամբարից ջուր տալու հետ կապված խնդիրներ կունենանք»։

Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը օրերս  թելեգրամյան ալիքում գրել էր, որ Սարսանգի ջրային ռեսուրսների կրճատումը գարնանն ու ամռանը լուրջ խնդիրներ է  ստեղծելու հենց ադրբեջանցիների համար․ ոռոգման ջուր չի ունենալու Թարթառի, Աղդամի, Բարդի, Գորանբոյի, Եվլախի և Ախջաբադի շրջաններում շուրջ  96 000 հեկտար տարածք։

Արցախում՝Թարթառ գետի վրա, 17․3 մեգավատ հզորությամբ նոր ՀԷԿ է կառուցվում։  Եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, աշխատանքները կավարտեն հաջորդ տարի։ Բայց  նախատեսվածից շեղում արդեն կա․այս փուլում շինանյութ հնարավոր չէ ներկրել։

«Մեր տնտեսության զարգացումը կախված է ճանապարհից։ Եթե չունենանք ճանապարհ, նոր ՀԷԿ  էլ չենք ունենա»։

Արցախում,  ի թիվս այլ խնդիրների, ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ էլ  կան։ Նոր համակարգեր են կառուցվում, բայց աշխատանքը ծավալուն է։

«2022թվականին ոռոգովի տարածքների 75 տոկոսը ոռոգվել են մեխանիկական եղանակով՝ պոմպերի միջոցով։ 25 տոկոսն է միայն ինքնահոս եղանակով ոռոգվել։ Եթե այսօրվա խնդիրները շարունակվեն՝ էլեկտրաէներգիայի գետ կապված, ապա ոռոգման ջրի հետ կապված էլ շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Միաժամանակ կապիտալ շինարարությամբ ուղղությամբ են աշխատանքներ իրականացվում, որպեսզի առկա  բնական հոսքերը կարողանանք հավասարաչափ բաշխել և շատացնել ինքնահոս ոռոգման համակարգերը»։

Իսկ Արցախում այս տարի նախատեսում են գյուղատնտեսական արտարդրանքի մեջ  շեշտը դնել  բանջարեղենի արտադրության  վրա։  Գիտեն, որ գյուղմթերքի մասով դժվար կլինի ինքնաբավություն ապահովել, բայց վստահ են, որ այդ ուղղությամբ աշխատանքը պետք է հնարավորինս շուտ սկսել։

Կարդացեք նաև

Back to top button