ԿարևորՏնտեսական

Իրանական ընկերությունները պատրաստակամ են ներդրում ունենալ Հայաստանի ենթակառուցվածքներում. նախարար

Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։

Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր վիճակին, Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում կարևորվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ի որոշման իրականացումը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել Է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Այս օրերին Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառաուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։

Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատտի փոխարեն  կդառնան ժամում 1200 մեգավատտ: Իսկ դա  նշանակում է, որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա  արտահանելու հնարավորություն կունենա։  

Իրանի և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի և բազմոլորտ հարաբերությունները մշտապես կարևորում է նաև իրանական կողմը։ Այս մասին նշել է Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին։ Նա նաև հավելել է. 

«Բայց մենք չպետք է բավարարվենք եղածով։ Մենք պետք է աշխատենք, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք»։

Իրանցի նախարարը նաև ընդգծել է Հայաստանի կարևորությունը Իրանի համար՝ ԵԱՏՄ շուկա մտնելու առումով։    

Ի դեպ՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ։ Մասնագետներից շատերի համոզմամբ՝ Հյուսիս–Հարավ մայրուղին կնպաստի, որ Հայաստանն, իսկապես, կամուրջ դառնա Իրանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև։

Ռազմավարական նշանակության Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը, սակայն, դեռ ձգձգվում է։ Հստակ ժամկետ, թե երբ, ի վերջո, կիրագործվի ավելի քան 10 տարի ընթացող ծրագիրը, չկա։ Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կսկսվեն տարբեր հատվածների շինարարակական աշխատանքները՝ հստակեցրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․

«8 կմ-ում, որտեղ սկսկել են աշխատել, 18 ամսից պատրաստ կլինի։ Հաջորդ 34 կմ՝ նորից ժամկետը 18 ամիս է, Թալին -Լանջիկն այս տարի կավարտվի։ Բավրայի հատվածը նախատեսված է  երեք տարի, մնում է, երբ որոշում կկայացնենք։ Ամենաբարդը ժամկետի առումով Արտաշատից Սիսիանն է, քանի որ չկա նախագիծ»։

Նախարար Սանոսյանի փոխանցմամբ՝ իրանական ընկերություններից նույնպես առաջարկներ կան շինարարությանը մասնակցելու համար։

ՏԿԵ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Իրանական կողմին Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել է, աճել են նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ Հայաստանում հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք կա։

«Ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,-ասել է Սանոսյանը։

Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ ԻԻՀ մասնավոր հատվածի ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթգծի, թունելների կառուցման գործում։

Այս պատրաստակամությունը Հայաստանը ողջունում է։ Սանոսյանն ու Մորթազավին պայմանավորվել են առաջիկայում գույքագրել Հայաստանի կարիքները և դրանք դեսպանատան միջոցով փոխանցել իրանական կողմին։

Կարդացեք նաև

Back to top button