
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան չկայացավ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնի վատ, անգրագետ մարկետինգի, սխալ քաղաքականության հետևանքով»,- դիտարկումը կինոգետ, գրականագետ Զավեն Բոյաջյանին է: Հիշեցնենք, որ կինոթատրոնը հայտարարել էր, որ փետրվարի 13-ին կայանալու է «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, սակայն որոշ ժամանակ անց էլ տեղեկացրել, որ հրաժարվում է ֆիլմի ցուցադրությունից` պատճառաբանելով, որ «Սինեմա Սթար Դալմա Գարդենը» «ընտանեկան տարածք» էև ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել այցելուների մոտ:
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմը Բեռլինի միջազգային կինոփառատոնի հիթերից էր եւ ցուցադրվում էր եվրոպական մի շարք երկրներում: Ֆիլմի պրեմերիան միաժամանակ պետք է տեղի ունենար նաեւ Հայաստանում: Բայց պրեմիերան տեղի չունեցավ ու սկսվեց հայ հասարակաության բուռն քննարկումները դեռեւս չցուցադրված ֆիլմի շուրջ:
Նկատենք, որ Հայաստանում ցուցադրելու պարտականությունից հրաժարվել էր «Սինեմա Սթար» կինոթատրոնը, մասնավորապես, պատճառաբանելով, որ մի շարք անձինք եւ հասարակական խմբեր դեմ են ֆիլմի ցուցադրությանը: Բացի այդ կինոթատրոնը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ այն ընտանեկան ժամանցի վայր է: Կինոգետ Զավեն Բոյաջյանը նշում է, որ կինոթատրոնը դրսևորում է կամայականություն և այն հրամցնում է որպես հասարակության ցանկություն:
«Այդ ֆիլմը կինոթատրոնի տնօրինությունը կամ մարքեթինգի բաժինը մամուլում ներկայացրել է որպես «պոռնոդրամա», ինչն ինքնին անհեթեթ բնորոշում է, որովհետեւ ընդհանրապես կինոգիտության մեջ եւ կինոգրագիտության առումով այդպիսի ժանր գոյություն չունի»:
Կինոգետը հակված է կարծելու, որ ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկը կինոթատրոնի վատ, ավելին անգրագետ մարքեթինգի հետեւանք է: Վերջինս խոսքով «Նիմֆոմանուհի» ֆիլմը ոչ թե պոռնոգրաֆիա է, այլ բարձրակարգ արթ-հաուսի նմուշ: Սակայն կինոգետի կարծիքին հակադրվում է բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով կինոթատրոնի այդ քայլն անվանում է «վիրուսային» մարքեթինգի օրինակ:
«Իմ կարծիքով, «Սինեմասթար»-ն ուղղակի սադրեց ժողովրդին: Այստեղ պետք է հաշվի առնենք նաեւ, թե երբ էին ցանկանում ցուցադրել. այդ եկեղեցական տոնի՝ Տեառնընդառաջի օրն էր, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, որպեսզի հավատացյալ մարդիկ նույնպես ընդվզեն»,- նշեց բլոգերը:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն իր հերթին զարմանք արտահայտեց ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկի կապակցությամբ՝ կինոթատրոնի որոշումը պարզապես մարքեթինգային քայլ անվանելով: Նա նաեւ ներկայացրեց «պոռնո» ժանրի բնորոշումը, «Ինչպես շատերն են կարծում, խոշոր պլանով սեռական օրգանները ցուցադրելը պոռնո է, ֆիլմ է, որը նկարահանված է միայն մարդուն սեռական առումով գրգռելու նպատակով: Բայց եթե սեքսը միջոց է խոսելու շատ հոգեբանական խնդիրների մասին…Իսկ մարդու սեռական կյանքը ցուցադրելու միջոցով կարելի է շատ ու շատ խորը հոգեբանական խնդիրներ ներկայացնել»:
Զավեն Բոյաջյանի դիտարկմամբ` մենք բավականաչափ տեղյակ չենք՝ ով է Լաս ֆոն Տրիերը, ինչ է նկարել: Նա իննսունականներից է նման ֆիլմեր նկարում` «Ճեղքելով ալիքները» կամ «Ապուշները», որտեղ նույնպես կան սեռական ակտեր, սեռական օրգանների ցուցադություններ, բայց այս տարիներին նա պոռնոգրաֆիա անվան չի հասել: Մինչդեռ Տիգրան Քոչարյանի կարծքով` սեռական օրգաների ցուցադրությունը արդեն իսկ պոռնոգրաֆիա է:




