
Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացված զբաղվածությանը։ Միջին մասնագիտական կրթության ոլորտի շրջանավարտների 90 տոկոսն ավարտելուց հետո մասնագիտական աշխատանք կգտնի, «Ռադիոլուրին» ասել է ԿԳՄՍՆ Մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը։ Նա նշել է այն քայլերը, որոնցով մոտենալու ենք այդ ցուցանիշին։ Նաև ասել է, որ աշխատաշուկան միջին որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետների կարիք ունի, ժամանակի պահանջն է՝ վերանայել և նաև որոշակիորեն վերախմբագրել առկա մասնագիտությունների ցանկը։
Բուհերի բազմազանության, դրանց առաջարկած նոր մասնագիտություններին զուգահեռ գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց պահանջարկը շուկայում ևս փոքր չէ։ Մասնագիտական շրջանակներում կարծում են, որ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության հանդեպ, կոտրելով անպայման բարձրագույնի դիպլոմ ունենալու կարծրատիպը: Կրթական այս ոլորտը, սակայն, առանձնահատկություն ունի, չի կարող կայանալ առանց գործատուի մասնակցության։ Հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանի կարծիքով այս դեպքում ցանկությունը, անհրաժեշտությունն ու առաջարկները համընկնում են․
«Հայաստանում դեռևս ձևավորված չէ այդ մշակույթը։ Կարծում եմ՝ այս օրենքը կնպաստի, որ սոցիալական գործընկերները երկարաժամկետ կտրվածքով փորձեն իրենց համար կադրեր դիտարկել և այն բազան ձևավորել, որ մեր պատրաստի կադրերը դուրս կգան աշխատաշուկա։ Որովհետև, ըստ շատ գործատուների, հայաստանյան ՄԿՈՒ համակարգից դուրս եկած ուսանողների ճնշող մեծամասնությունն իրենց պահանջներին չի բավարարում»։
Քանի որ մասնագիտական կրթությունն ու աշխատաշուկան փոխկապակցված են, կրթական համակարգը պետք է այնքան ճկուն լինի, որ կարողանա համապատասխանել աշխատաշուկայի և տնտեսության կարիքներին, ասում է ԿԳՄՍՆ Մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը․
«Այսօր մենք լուրջ բաց ունենք աշխատաշուկայի պահանջարկին հմտությունների և կարողությունների համապատասխանեցման առումով։ Ռազմավարությունում բերված մի շարք գործողություններ ինքնին այն քայլերն են, որոնք պետք է նպաստեն ունենալ այնպիսի շրջանավարտներ, որոնք կարողանան համապատասխանել այդ կարիքին և ավարտելուց հետո ունենան համապատասխան զբաղվածություն»։
Աշխատաշուկան այսօր միջին որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետների կարիք ունի, ժամանակի պահանջն է՝ վերանայել և նաև որոշակիորեն վերախմբագրել առկա մասնագիտությունները, նկատում է պաշտոնյան․
«Տնտեսությունն այսօր արագ է փոխվում, և տեխնոլոգիաները թելադրում են նոր, ապագայի մասնագիտություններ։ Կան նաև մասնագիտություններ, որոնք արդեն հնացել են և արդիականացման կարիք ունեն։ Մյուս խնդիրը ուսուցանվող մասնագիտությունների վերանայումն է, որոնք պետք է համապատասխանեցվեն տվյալ մարզի զարգացման կարիքներին, առանձնահատկություններին, տնտեսական զարգացման և աշխատաշուկայի պահանջարկին»։
Գերատեսչությունում առանձնակի կարևորում են նաև աշխատանքի վրա հիմնված կրթությունը՝ դուալ ուսուցումը, որն անմիջապես գործատուի մոտ է կազմակերպվում։ 14 մասնագիտությունների գծով արդեն իսկ փորձնական ծրագիրը կյանքի է կոչվել․
«Դրանք դեռ փորձարկվող մասնագիտություններ են, հիմնականում տուրիզի ոլորտում, գինեգործության, գյուղատնտեսության, ճշգրիտ ճարտարագիտության և ՏՏ ոլորտի մասնագիտություններն են։ Բնականաբար, պետք է ընդլայնենք և ոլորտները, և մասնագիտությունների թիվը»։
Դուալ ուսուցումը կրթական հաստատություն–գործատու կապի հաստատմանն ու ամրապնդմանը նպաստող ծրագրերից մեկն է միայն։ Նախարարությունում աշխատում են այդ կապը ամրապնդելուն ու հետագայում նաև զբաղվածությանը նպաստելուն միտված այլ քայլեր ևս ձեռնարկել, ասում է Արմենուհի Պողոսյանը․
«Նոր մեկնարկող ծրագրերից է հանրապետական նշանակության ուսումնական հաստատությունների ստեղծումը, որով նպատակ ունենք այնպիսի մասնագիտական ծրագրեր իրականացնել, որոնք միակն են և ռազմավարական նշանակություն ունեն պետության համար։ Օրինակ՝ Գյումրու պետական տեխնիկական քոլեջը, որը մասնագետներ է պատրաստում երկաթգծային ոլորտում»։
Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությամբ նախտեսվում է միջին մասնագիտական կրթության ոլորտի շրջանավարտների համար 90 տոկոս զբաղվածություն ապահովել։ Արմենուհի Պողոսյանը հավաստիացնում է, որ դա բավականին իրատեսական ծրագիր է։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, այդքան էլ լավատես չէ։ Ծրագրեր գուցե իրականացվում են, բայց սպասվող արդյուքն էլ ուռճացված է, ասում է փորձագետը «Ռադիլուրի» հետ զրույցում․
«Շրջանավարտների 90 տոկոսը գուցե գտնի աշխատանք, բայց չեմ կարծում, որ մասնագիտական աշխատանք գտնելը հնարավոր կլինի այդքան մեծ թվով մարդկանց համար։ Այս առումով՝ ես վատատես եմ և կարծում եմ, որ առաջիկա տարիներին ավելի է վատանալու կրթության վիճակը, և սա ազդելու է այդ մասնագիտությունների վրա։ Կարծում եմ, որ թիվը բավական ուռճացված է, բայց գուցե զարգացումները այնպիսին լինեն, որ ստացվի»։
Մինչ փորձագետը տարակուսում է, նախարարության ներկայացուցիչը հավաստիացնում է, որ բացի ընթացիկ ծրագրերից, շուտով կառավարության հավանությանը կներկայացվի նաև համապատասխան օրենսդրական նախագիծը, որում սկզբունքորեն նոր մոտեցումներ են շեշտադրված։ Ըստ այդմ՝ Հայաստանը կունենա 3 տիպի ուսումնական հաստատություն՝ մասնավոր, պետական և հանրային։ Վերջինը կհամատեղի պետության և գործատուի ռեսուրսները՝ արագ արձագանքելով աշխատաշուկայի պահանջարկին։




