
2020-ին` 800, 2021-ին՝ 350, 2022-ին՝ 300 սփյուռքահայ Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավվելու, 1 տարով որևէ գերատեսչությունում աշխատելու ցանկություն է հայտնել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 4-րդ անգամ մեկնարկում է «իԳործ» ծրագրի հայտադիմումների ընդունումը։ Ընտրված 50 մասնակիցները հնարավորություն են ստանում մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում։
Անի Հարությունյանը ծնվելուց 20 տարի անց գնաց Հայաստանից, գնալուց 15 տարի անց՝ վերադարձավ։ Մոսկվայում 15 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքը, աշխատանքային փորձը, նոր գաղափարները վերցրել և եկել է՝ դրանք «իԳործ»-ի շրջանակում հօգուտ հայկական պետական համակարգի օգտագործելու։ Առաջին մասնագիտությամբ լրագրող, երկրորդով՝ արվեստաբան Անին հայրենադարձվելուց հետո աշխատում է ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի բաժնում։
«Երբ դու գալիս ես մի քանի օրով ու գնում ես, դա ինտեգրացիա չի, Հայաստանի մասին տեղեկություն չի, որովհետև երբ դու ապրում ես երկրում, ամեն օր գնում ես աշխատանքի, ամեն օր շփվում ես ոլորտի մասնագետների հետ, դա լրիվ ուրիշ է»։
Կյանքի ինչ–որ փուլ հայրենիքից հեռու անցկացրած սփյուռքահայերն այդ հայրենիքը ճանաչելու հնարավորություն են ունենում ամենաներսից՝ մասնակցելով պետական կառավարմանը։ Այս հնարավորությունն արդեն 4-րդ անգամ ստեղծում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ «իԳործ» ծրագրով։ Մասնակիցները հնարավորություն են ունենում մեկ տարի աշխատել Հայաստանի 20-ից ավելի գերատեսչություններում։ Ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյան․
«Պարտադիր է հայ լինելու հանգամանքը, բարձրագույն կրթությունը։ Եթե մասնագետն ունի բակալավրի աստիճան, անհրաժեշտ է, որ նա ունենա առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, իսկ մագիստրոսի կամ ավելի բարձր կոչում ունենալու դեպքում պահանջում ենք առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ։ Եվ, իհարկե, պարտադիր պայման է առնվազն 5 տարի Սփյուռքում աշխատելու սովորելու հանգամանքը»։
Յուրաքանչյուր տարի պետական բյուջեն միջոցներ է հատկացնում 50 մարդու մասնակցությունը ապահովելու համար։ Հերմինե Հարությունյանը հպարտությամբ է նշում՝ մասնակիցների 60 տոկոսը ծրագրի ավարտից հետո իրենց մասնագիտական և անձնական կյանքը շարունակում են այստեղ։
«Ընտրված մասնակիցներին ապահովում ենք երկկողմանի ավիատոմսով։ Նշում եմ երկկողմանի, բայց միշտ հույս եմ ունենում, որ հետդարձի տոմսը չեն պահանջի։ Հետդարձի տոմսը տրամադրվում է այն ժամանակ, եթե մասնակիցը ողջ տարին ինչպես սահմանված է աշխատում է և, այնուամենայնիվ, որոշում է, որ չի շարունակում իր կյանքը Հայաստանում»։
Ամեն տարի ծրագրով հետաքրքրվում են աշխարհի 10-14 երկրներում ապրող հայերը։ Առավել հաճախ դիմում են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Գերմանիայից։ Լատինական Ամերիկայից ևս ակտիվություն է նկատվում։ Սակայն եթե հայրենք վերադարձողները միշտ սպասված են, նրանց նոր գաղափարները բոլոր գերատեսչությունները չեն, որ գրկաբաց են ընդունում․
«Իհարկե, կան պետական կառույցներ, որոնք դիմադրում են մեր նոր փորձագետների նոր գաղափարներին, քանի որ գիտեք, որ նոր գաղափարները միշտ չէ, որ գրկաբաց են ընդունվում, բայց դա մեզ համար մարտահրավեր է, որը մենք փորձում ենք մեղմել»։
Այնուամենայնիվ՝ իրենց փորձը Հայաստան բերող մարդկանց Հայաստանը փորձում է պահել ոչ թե մեկ տարի, այլ մեկ ամբողջ կյանք։ Ծրագրի մասնակիցների համար կազմակերպվում են ինտեգրացիային նպաստող միջոցառումներ՝ հանդիպումներ տարբեր մասնագետների հետ, այցելություններ, լեզվի զարգացմանը նպաստող դասընթացներ և այլն։ Ամենը հույսով, որ Հայաստան վերադարձածները հետադարձ ավիատոմս չեն պահանջի։
Մասնակիցներին տրամադրվում է կեցություն նպաստ` ամսական մոտ 340 հազար դրամ, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:
Ցանկացողների հայտերին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սպասում է մինչև ապրիլի 5-ը։







