ԿարևորՀասարակություն

Դեսպան Հովակիմյանը Չեխիայի Պլզենի երկրամասի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Փետրվարի 21-ին կայացավ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Չեխիայի Պլզենի երկրամաս և հանդիպումը երկրամասի ղեկավար Ռուդոլֆ Շպոտակի հետ, որը ներկայացրեց երկրամասի նկարագիրը, տնտեսական, գիտական և մշակութային զարգացման հիմնական ուղղությունները: Դեսպանը տեղեկացրեց հայ-չեխական փոխգործակցության երկկողմ օրակարգի, Հայաստանի ու Չեխիայի միջև միջտարածաշրջանային համագործակցության առկա լավ փորձի, Հայաստանի ու Արցախի շուրջ վերջին զարգացումների, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Կողմերն անդրադարձան Պլզենի երկրամասի ու հայաստանյան գործընկերների միջև համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին ու ուրվագծեցին առաջիկա ծրագրերը։

Հանդիպմանը ներկա գտնվող Արևմտյան Բոհեմիայի համալսարանի պրոռեկտոր Բլանկա Շեդիվան ներկայացրեց համալսարանի կառուցվածքային ու գործունեության ուղղվածությունների առանձնահատկությունները: Դեսպանը զրուցակիցներին հայտնեց չեխական մի շարք համալսարանների հետ իրականացվող ակտիվ համագործակցության մանրամասները, պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ դիտարկել Արևմտյան Բոհեմիայի համալսարանի և հայկական բուհերի միջև կապերի հաստատման եղանակները, հայագիտության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Այցի շրջանակներում դեսպանն Արևմտյան Բոհեմիայի համալսարանի պրոռեկտոր Բլանկա Շեդիվայի ուղեկցությամբ այցելեց Պլզենի “Techmania” գիտական կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի գործունեությանը և իրականացվող ծրագրերին, քննարկեց հայկական գիտական կենտրոնների հետ համագործակցության հաստատման ու փորձի փոխանակման հնարավորությունները:

Կարդացեք նաև

Back to top button