
ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում մեկ հարց էր. անհետաձգելի կարգով հաստատել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կսահմանվեն փոխհատուցման միջանկյալ չափերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է միջանկյալ փոխհատուցման չափեր սահմանել` 25 000 -75 000 հազար դրամի սահմաններում, քանի որ գործող օրենքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու են հանդիսանում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները, իսկ այն զինծառայողները, որոնք վերափորձաքննության արդյունքում ճանաչվում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, փոխհատուցում չեն ստանում։
Կառավարությունն առաջարկում է վերանայել ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված և հաշմանդամության կարգավիճակ ստացած զինծառայողներին տրվող դրամական փոխհատուցման չափը։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Ներկայացնելով նախագիծը, փոխնախարարը հայտնեց, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է տրվում լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառուներին․
«Անցումային շրջանի համար, մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը, դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ»։
Նախագծով առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին` 75 հազարական, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 հազարական, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 հազարական դրամ հատկացնել։ Ըստ փոխնախարարի՝ գումարները սահմանվել են հաշվի առնելով, որ այդ անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար։ Այս փոփոխության շահառուները 114–ն են, բայց կանխատեսվում է, որ ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ և կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից: Գործող օրենքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու են հանդիսանում առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները, իսկ նրանք, որոնք վերափորձաքննության արդյունքում ճանաչվում են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, դադարում են փոխհատուցում ստանալ։ Օրենքի այս դրույթը շահառուների շրջանում լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել, ուստի՝ նոր նախագծով առաջարկվող փոխհատուցման չափերը ժամանակավոր բնույթ են կրում։ Նպատակն է մեղմել 3-րդ կարգի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական դրությունը․
«Ընդհանուր հետևյալ պատկերը կունենանք։ Սպայական կազմը, ում զինհաշմանդամության կենսաթոշակը միջինում կազմում է 38 400 դրամ, նաև ստանում է պարգևավճար՝ 36 000 դրամ հիմնադրամից, լրացուցիչ հատուցման դեպքում ընդհանուր կստանա շուրջ 150.000 դրամ՝ 200 000-ի փոխարեն, պայմանագրային ենթասպայական և շարքային կազմերը, կամավորագրվածները կստանան 116 000 դրամ՝ նախկին 150 000 դրամի փոխարեն և պարտադիր ժամկետային զինծառայողները կստանան 91 000 դրամ՝ նախկին 100 000 դրամի փոխարեն: Այս գումարները կտրամադրվեն 3 տարի ժամանակով և, եթե մինչև 2026 թվականը որևէ զինվոր հայտնվի այդ իրավիճակում, 3 տարի կշարունակի լրացուցիչ աջակցություն ստանալ»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը չի հերքում, որ այս փոփոխությունը որոշակի մեղմացուցիչ նշանակություն կունենա, բայց և կարծում է, որ ավելի ճիշտ կլիներ հարցին անդրադառնալ, երբ ֆունկցիոնալության գնահատման համակարգը լիարժեք կներդրվի․
«Այս օրենքի նախագծով մենք իրականում վատթարացնում ենք այսօրվա իրավիճակը։ Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի սպասել ևս մի քանի տարի, և այդ վատթարացումն այդ զինհաշմանդամների պարագայում չլիներ։ Եթե թվաբանական հաշվարկ կատարենք, կտեսնենք, որ խոսքը շատ չնչին գումարի մասին է։ Որևէ բան չէր խանգարի, եթե մենք 100 մլն դրամ չխնայեինք, և մարդիկ այդ վատթարացումը չզգային։ Բայց համաձայն եմ՝ սրանով ինչ որ չափով մեղմում ենք իրավիճակը»։
Արձագանքելով դիտարկմանը, փոխնախարարը հայտնեց, որ այս փոփոխությունը ֆինանսական և բարոյական անցման իրավիճակ է ապահովում։ Նաև պետք է հաշվի առնել, որ այդ զինծառայողների առողջական վիճակը ևս լավացել է, եթե հաշմանդամության կարգը իջեցվել է․
«Այս թվերը բավականին մոտ են նախկին ստացածներին, և կարծում ենք մի փոքր արդար չէր լինի, եթե ամբողջ ծավալով մենք այս գումարները պահպանեինք, որովհետև մենք ունենք զինծառյողներ, որոնք ի սկզբանե 3-րդ խումբ ունեն և այս հիմնադրամի շահառու չեն»։
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս արձագանքեց, ընդգծելով, որ շռայլ լինելու համար պետք է հաշվի առնել նաև հիմնադրամի հնարավորույթունները և երրորդ խմբի մյուս զինհաշմանդամների շահերը, որոնք, այսպես թե այնպես, հիմնադրամի շահառու չեն։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ որոշակի խտրականություն կձևավորվի, եթե 114 անձի համար աջակցության չափը պահպանվի նույնությամբ, իսկ նույն կարկավիճակում գտնվող մյուս զինհաշմանդամները չօգտվեն դրանից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` 2022 թ–ի օգոստոսի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամ է ճանաչվել 114 զինծառայող, որոնք նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ և հիմնադրամի շահառուներ, իսկ վերափորձաքննության արդյունքում զրկվել են փոխհատուցման իրավունքից։ Նոր օրենքով նախատեսվում է, որ հիմնադրամի շահառուների թիվը կավելանա երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով շուրջ 160 անձով, որոնցից 20-ը` սպաներ, 60-ը` պայմանագրային, զորահավաքային և կամավորական, 80-ը` պարտադիր ժամկետային:




