
Ժողովրդական պատկերացումներում աշխարհը ժամանակ առ ժամանակ ավերվում և նորից է կառուցվում։ Մեծ պահքին նախորդող Բուն Բարեկենդանի օրը թույլատրվում է այն, ինչ արգելվում է մնացյալ օրերին։ Խելահեղ օրերին ամեն ինչ թույլատրվում է, դրա համար է ասվում՝ Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորել է։
Սահմանապահ Խաչիկ գյուղում «Կէան» կրթամշակութային կենտրոնը փորձում է տոնածիսական մշակույթը վերադարձնել կենցաղ։ «Խան փաշան» հատուկ ծիսախաղ է. փաշային մեծարում են, թագադրում, ապա ավանակին թարս նստեցնում են, պոչը տալիս ձեռքը։ Խան փաշան պտտվում է, սկզբում հարկեր է հավաքում, փաշային մեծարում են, խոնարhվում նրա առջև։ Հետո նստեցնում են գահին, և գյուղացիները հարցեր են տալիս, բարձրաձայնում բացթողումները, սխալներն ու անխնա քննադատում են։ Դրան հաջորդում է դատավարությունը․ որոշում են 50 մտրակի հարված հասցնել կամ քարկոծել։ Այդպես, ժողովուրդն իր կուտակած զայրույթը, որ չի կարող իրական արքայի նկատմամբ արտահայտել, «թափում է» փուչ փաշայի գլխին։
Խաչիկում ծիսական երթի մասնակիցներն ասում են՝ ինչքան ուժ ունեք, ուրախացեք, որ թուրքը տենա՝ ճաքի։
Վանուհի Սիմոնյանը «Կեան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրն է։ Կազմակերպությունը ստեղծվել է 7 տարի առաջ։ Յուրաքանչյուր ազգային տոնից առաջ առցանց հանդիպում են կազմակերպում Գանձաքար, Մովսես, Մեղրաձոր, Խաչիկ, Բուրաստան, Այգեզարդ, Արագած գյուղերի մշակույթի տների հետ։ Տեղեկություններ են հաղորդում տոնի բվանդակության, կառուցվածքի և խորհրդի մասին։ Միասին միջոցառուման սցենար են մշակում, հաշվի առնելով բնակավայրի առանձնահատկությունները։
«Հիմնականում երեխաներն են տոնում, լավ կողմն այն է, որ 5-10 տարի հետո այդ երեխաները երիտասարդներ կլինեն և իրենք արդեն գիտեն տոնի խորհուրդը, ծիսախաղերը։ Նրանք կլինեն իրականացնողները, և այլ որակ կլինի։ Մենք համառորեն շարունակում ենք, դեռ ցանքս ենք անում և պտուղները պետք է քաղենք մի քանի տարի հետո», — ասում է «Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիրը:
Վանուհի Սիմոնյանը կրթությամբ ազգագրագետ է։ Նա իրեն «միջին օղակ» է համարում։ Ասում է՝ կա գիտնականը, որ նյութը հավաքել է, և կա ժողովուրդը՝ այդ նյութի տերը, իսկ իրենց կազմակերպությունը փորձում է այդ նյութը հանրամատչելի մատուցել ժողովրդին։
«Նկարագրության մեջ շատ ճոխ բաներ կան, որ դեռևս կենցաղ չենք կարողանում բերել։ Հասուն տղամարդիկ հագնում էին կանանց շորեր, կանայք տղամարդկանց, փափախ, բեղեր էին դնում, դուրս էին գալիս գյուղամեջ։ Շատ զվարճալի կլինի, եթե դա անեն 30-40 տարեկան մարդիկ։ Բայց այսօր մեծերը չեն մասնակցում»։
Նաիրա Տեր Ասատրյանը «Կայթ» մշակութային հանգույցի «Արև է ելել» ծրագրով նոյեմբերի 1-ից գործուղվել է Արենի համայնքի Խաչիկ գյուղ՝ որպես մշակութային կառավարիչ։ Սկզբում «Մշակութամետի» հետ Տավուշի սահմանամերձ համայնքներում է դասավանդել, հետո տեղափոխվել է Աղավնո։ Ազգային պարերի, կիթառի, նվագախմբի և երգուսուցման ուսուցչուհին է եղել։
««Արև է ելել» ծրագրի նպատակն է Հայաստանում մշակութապես համաչափ զարգացած համայնքներ ունենալը։ Համայնքների մշակութային ներուժը բացահայտելը և այդ ներուժը հենց համայնքի համար օգտագործելը։ Ձգտում ենք՝ համայնքներում մշակութային ավանդույթների վերարժևորմանը, նաև տոնածիսակարգերի վերականգմանը, ներառելով համյանքների անդամներին»,–ասում է Նաիրա Տեր-Ասատրյանը։
Բարեկենդանը նաև սահմանապահ Երասխում են նշում։ Հենց դպրոցի դիմաց թշնամու և մեր դիրքերն են։ Դա, սակայն, Բարեկենդանի տոնակատարության ժամանակ, կարծես, անտեսված փաստ է։
Շուշան Բաբայանը բանասեր է։ «Մշակութամետին» միացել է 2021թ-ի հոկտեմբերին։ Աղավնոյում դասավանդող մշակներից է։ Պատմում է՝ լսել էին, որ կա գյուղ, որի ճակատագիրն այդ պահին անհասկանալի էր։ Ասում է՝ հենց այդ հարցականն էր իրենց գյուղ տարել։ Սզբում համոզված է եղել, որ նման գյուղերը նախաձեռնող, ամեն ինչ մի կողմ թողնող, համարձակ մարդկանց կարիք ունեն։ Հիմա մի փոքր այլ կերպ է մտածում․
«Երբ հետ եմ նայում, չեմ ասի՝ սխալ եմ արել, բայց հիմա նույն կերպ չէի վարվի։ Եթե հիմա առաջարկեին, չէի գնա։ Միշտ չէ, որ տաք գլուխ որոշում կայացնելով, խորը հայրենասիրության դրսևորումներով կարող ենք ինչ-որ բան փոխել։ Մենք այդ ինչ-որ բան փոխելը կարող ենք անել սովորական աշխատանքով, ոչ թե գնալով խնդրի էպիկենտրոն, այլ իրենից հեռու, այնպիսի բան անելով, որ օգտակար լինի այդ խնդրով ապրող մարդկանց ու այդ շրջանին։ Հիմա գնալու փոխարեն կանեի այն, ինչով զբաղվում եմ։ Աշխատում եմ հայկական ընկերությունում, որտեղ հայկական գորգանախշ, ասեղնագործ բարձեր ենք արտադրում։ Հրամաններ եմ տալիս մեքենային, որ մեր հին հայկական գորգանախշերը կյանքի կոչվեն՝ կիրառական բարձերի տեսքով։ Մենք հաճախ ասում ենք, որ ամեն ինչ սահմանից է սկսվում, բայց հաճախ մշակութային, ճանաչողական խնդիրներ մայրաքաղաքում էլ կան։ Այստեղ էլ շատ անելիք կա»։
Շուշան Բաբայանի խոսքով՝ մշակներից հետո տեղի դպրոցի ուսուցիչները որդեգրում են իրենց սկզբունքները և այդ կերպ շարունակում երեխաների հետ աշխատանքը։ Ասում է՝ եթե հուսհատվեի, հիմա այստեղ չէի լինի․
«Այսօր Երասխ գյուղի Հայոց լեզվի և գրականության նախկին ուսուցուհին պատմում էր՝ պատերազմի օրերին Վազգեն Սարգսյանն այստեղ, այս դպրոցի բակում Բարեկենդան է տոնել։ Այսինքն, այնպես է արել, որ մարդիկ ոգևորվեն, միասնական լինեն ու տոնեն։ Այդ ամենը միասին անեն այդ կրիտիկական պահին։ Հակասությունների շրջան է ինձ մոտ, չգիտեմ՝ որն է ճիշտ, որը սխալ։ Ուղղակի գործում եմ, գործել եմ։ Հետ նայելով, այնպես չէ, որ փոշմանել եմ»։
Հայկ Թումանյանը Ավստրալիայում է ծնվել։ Բժշկական համալսարանի ուսանող է։ Արձակուրդն անցկացնում է Հայաստանում, ուզում է մշակույթին ծանոթանալ։ Առաջին անգամ է Բարեկենդանի մասնակցում․
«Իմ առաջին Բարեկենդանն էր, ազգագրական պար սովորեցի։ Եթե հայերը չպահպանեն իրենց մշակույթը, ոչ մեկ չի պահպանի։ Ափսոս կըլլա և ամոթ կըլլա մեր պատմությունը թողնենք և մոռանանք։ Ես շատ հետաքրքրված եմ Հայաստանի եկեղեցական մշակույթով և ավանդույթներով, դա էր Հայաստան գալու պատճառը։ Երեք օրով Օշականում էի, որտեղ Մաշտոցի գերեզմանը տեսա։ 10 օր ՈՄԱ գնացի, քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ և չեմ ծառայել, ինձ համար շատ կարևոր է, որ եթե ժամանակը գա՝ կարողանամ իմ երկիրը պաշտպանել»։
Հայկ Թումանյանը ցանկություն ունի համալսարանն ավարտելուց հետո Հայաստան տեղափոխվել։ Կարծում է՝ իր մասնագիտությամբ կարող է օգտակար լինել:
«Պատերազմից հետո հասկացա, թե որքան կարևոր է մեր մշակույթը պահպանելը, քանի որ մեր թշնամիները 100-200 տարի առաջ և հիմա փորձում են մեր մշակույթը քանդել, ուզում են գողանալ։ Ինձ համար կարևոր է, որ գամ և իմանամ՝ այդ մշակույթն ինչ է իրենից ներկայացնում և պաշտպանեմ այն»։
Անի Թանիելյանը մեկուկես տարի առաջ է տեղափոխվել Հայաստան։ Ծնվել և մեծացել է Փարիզի արվարձաններում։ Այժմ Փարիզի համալսարանում հայագիտություն է ուսումնասիրում, աշխատում է Calfa կազմակերպությունում։
«Երկու ձևով են արձագանքում, երբ իմանում են, որ Ֆրանսիայից եմ եկել։ Առաջինը՝ մեծ զարմանք են ապրում, թե ինչու ես լքել Ֆրանսիայի պես երկիրը Հայաստան գալու համար, երկրորդը՝ մարդիկ ուրախանում են, հետաքրքրվում, ուզում են իմանալ՝ ինչու, ինչպես», — ասում է Անին։
Հայաստանում գորգագործության դասին հանդիպում է «Մշակութամետի» անդամներից մեկին։ Առաջարկում են միանալ իրենց։ Հիմա Երասխում հետևում է դասերի ընթացքին, ցանկանում է միանալ մշակներին։ Նկատում է՝ երեխաները հետաքրքրված են, և սիրով են սովորում։ Ասում է՝ մշակների հետ ընդհանուր հայացք ունեն․
«Առաջ, որ գալիս էի, չէի տեսնում՝ ինչով է տարբերվում հայը, ինչ է իր մշակույթը, ինչն է իրեն բնորոշում։ Այսօր պայքար ենք տանում, կարելի է ասել՝ մեզ պաշտպանում ենք վերանալու վտանգից, պետք է հասկանանք ի՞նչն ենք պաշտպանում»։
Վաղուց է ցանկացել Հայաստան գալ, սակայն վստահ չի եղել՝ կարո՞ղ է այստեղ ապրել, թե ոչ։ Պատերազմն արագացրել է որոշում կայացնելու ընթացքը․
«Զգացողություն կար, որ ամբողջովին չեմ պատկանում այդ հասարակությանը, այդ երկրին։ Դու մեծանում ես ինչ-որ արժեքների, պետության մեջ, և երբ պատերազմ է սկսվում, հասկանում ես, որ այդ ամենի մեջ ինչ-որ սուտ բան կա։ Դրա համար բախում է առաջանում։ Դու զգում ես, որ ամբողջովին, 100 տոկոսով չես պատկանում այդ հասարակությանը և բազմաթիվ հարցեր են առաջանում»։
Գոհար Գեղամյանը Ամերիկյան համալսարանի ուսանող է։ Նախաձեռնությանը միացել է նախորդ տարի, հենց Բարեկենդանի ժամանակ։ Ընթերցանության խմբակի ուսուցիչներից է։ Ասում է՝ երեխաների հետ բոլոր դասերն «ինքնաքննություն» են․
«Երեխաների հետ հիմնականում ոչ թե ուսումնասիրում ենք գրողին, այլ փորձում ենք կարդալ գիրքն ու այնպես անել, որ երեխաներն իրենք մեկնաբանեն, վերլուծեն ու հարցերի միջոցով ինչ-որ մի հետաքրքիր միտք բացահայտեն։ Նպատակը ոչ թե ինչ-որ քանակի գրողների ու նրանց գրքերը ճանաչելն է, այլ յուրաքանչյուր գրքից մի խորհուրդ, իմաստ քաղելը։ Նաև դասագրքերից դուրս մնացած գորղների հետ ծանոթացնելը»։
Մինչ այժմ ուսումնասիրել են Դանիել Քիզի, Շուշանիկ Կուրղինյանի, Հովհաննես Գրիգորյանի, Վիլյամ Սարոյանի, Ռիչարդ Բախի ստեղծագործությունները։
Գոհար Գեղամյանի խոսքով՝ նախաձեռնության շնորհիվ երեխաները սկսում են ինքնակազմակերպվել, մեծանում է համայնքի ակտիվությունը։










