ԿարևորՔաղաքական

«3+3»–ի ձևաչափն առաջ մղելու առաջարկ՝ Թեհրանից

Թեհրանը Մոսկվային առաջարկել է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Իրանում։

Ռուսաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը Թեհրանում կազմակերպելու առաջարկն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը փոխանցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյին՝ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։ Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած ձևաչափը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Փորձագետները Թեհրանի առաջարկը պատահական չեն համարում, կարծում են, որ այն բխում է այդ երկրի արդեն հայտնի դիրքորոշումից՝ տարածաշրջանի խնդիրները լուծել տարածաշրջանի երկրների ջանքերով, միաժամանակ նկատում են, որ հարթակում երկկողմ հակասություններն այնքան են սրվել, որ կասկածի տակ են դնում հարթակի արդյունավետությունը։

Թեհրանում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Քննարկել են երկու երկրների համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Իրանի արտգործնախարարը Մոսկվային առաջարկել է Թեհրանում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով։ 

Դիվանագետների հանդիպումը ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել։

«3+3»-ը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Առաջին նիստը, սակայն, տեղի ունեցավ «3+2» ձևաչափով Մոսկվայում 2021-ի դեկտեմբերին։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Մեկ տարվա ընթացքում հարթակի մաս կազմող երկրների հակասությունները ոչ թե հարթվել, այլ խորացել են։ Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով՝ փորձագետներն ավելի դժվար են պատկերացնում ձևաչափի արդյունավետությունը։

Իրանը շահագրգռված է «3+3» ձևաչափի կայացման  հարցում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է  իրանագետ Նվեր Դավթյանը։ Նրա խոսքով՝ այն Թեհրանի  համար տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանի երկրներով կարգավորելու  հնարավորություն է։

«Իրանը միշտ պնդել է և շարունակում է պնդել այս ձևաչափի ակտիվացումը, ինչն Իրանի համար ունի նաև մեկ այլ տեսանկյունից կարևորություն, քանի որ դա բացառում է արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման գործընթացում»։

Այս տարեսկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «վերաթարմացրեց» թեման՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին և «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարելով, որ «3+3» ձեւաչափի առաջխաղացումը Հարավային Կովկասում իրավիճակը կառուցողական կդարձնի։

«Հարավային Կովկասում իրավիճակը կառուցողական դարձնելու համար մենք /Ռուսաստանը/ խթանում ենք «3+3» ձևաչափը։ Առաջին նշանակալի շփումն արդեն տեղի է ունեցել, այն կշարունակենք»։  

Որոշ փորձագետների գնահատմամբ, սակայն, որևէ կառուցողական հարթակի ձևավորման և արդյունավետ գործունեության համար ինքնին խոչընդոտ է Բաքվի  հակաիրանական ու հակահայկական քաղաքականությունը։ Այս առումով՝ 3+3 ձևաչափի կայացումն ու արդյունավետ գործունեությունը դժվար է պատկերացնում իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հատկապես Բաքու-Թեհրան հարաբերություններում պարբերաբար արտահայտվող սրացումների համատեքստում։

«Իրան-Ադրբեջան հարաբերությունները առաջիկայում որևէ բարելավման հեռանկար չունեն՝ հաշվի առնելով Բաքվի բռնապետական վարչախմբի գործելաոճը և, ըստ էության, գաղափարախոսությունը, նաև՝ ինքնությունը, որը մի կողմից հակահայկական է, մյուս կողմից՝ հակաիրանական»։  

Իրանագետ Նվեր Դավթյանի գնահատմամբ՝ հարթակի լիարժեք կայացմանը խոչընդոտում է նաև Վրաստանի դիրքորոշումը։

«Վրացական կողմի մասով, ինչպես գիտենք, խնդիրներ կան այնտեղ։ 3+3 ձևաչափը լիարժեքորեն գործարկելը Վրաստանի մասով հարցականներ է առաջացնում»։  

Նվեր Դավթյանը չի բացառում, որ Իրանի կողմից ձևաչափը կրկին առաջ մղելու առիթ է դարձել Հայաստան ԵՄ դիտորդական նոր խմբի տեղակայումը։ Թեհրանը  բազմիցս միջնորդական առաքելություն ստանձնելու քաղաքական պատրաստակամություն է հայտնել ։

«ԵՄ միջամտությունները տարածաշրջանում որքան ակտիվանում է, բնականաբար, Իրանն էլ իր կողմից իր առաջարկություններով, իր քաղաքական հնարավորություններով, բոլոր գործիքակազմերով պետք է ակտիվացնի իր դերակատարությունը»։    

Ի դեպ, փետրվարի 20-ին ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ «բողոքները ճնշելու» պատճառով՝ սեւ ցուցակում ընդգրկելով եւս 32 ֆիզիկական եւ 2 իրավաբանական անձանց։ Ավելի վաղ՝ փետրվարի 15-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էր տեղեկացրել , որ Եվրամիությունը մտադիր է նաեւ փետրվարի 24-ին պատժամիջոցների առանձին բլոկ գործարկել Իրանի դեմ՝ հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի շրջանակում։ Այն կվերաբերի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, որոնք, ԵՄ-ի կարծիքով, կապ ունեն Ռուսաստան իրանական ռազմական մատակարարումների հետ։ Ի պատասխան Թեհրանը հայտարարել է, որ Արևմուտքի  գործողություններն  անպատասխան չեն մնա։ IRNA գործակալությունը հայտնում է.

«Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին տեղեկացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում պատասխան պատժամիջոցներ կմտցնի Եվրամիության դեմ»։

Այս համատեքստում այսօր ևս մի ուշագրավ տեղեկություն է հրապարակվել․ Իրանի նախագահի հրավերով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի կեսերին կայցելի Իրան։ Լուկաշենկոն հայտնել է, որ Թեհրանում  կքննարկեն երկկողմ հարաբերությունների կարևոր հարցերը։ «Սա կլինի մեր նշանակալից հանդիպումն ու բանակցությունները Իրանում, որոնք մեզ կբերեն համագործակցության ավելի բարձր մակարդակի»,- բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է այդ երկրի նախագահը։

Կարդացեք նաև

Back to top button