
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ընտանեկան բռնությունը կանխելուն միտված հերթական նախագիծը։ Առաջարկվում է կիրառել էլեկտրոնային ձեռնաշղթաներ, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկել՝ արդյոք բռնարարը, դատարանի կամ ոստիկանության որոշման համաձայն, հեռու է մնո՞ւմ զոհից, թե՞ ոչ։ Արդյոք նախագիծը պաշտպանելո՞ւ է մի մարդու իրավունքը՝ առանց մյուսի իրավունքը խախտելու․ հանձնաժողովի նիստում փնտրել են խնդրի լավագույն ձևակերպումները։
Կառավարությունը նախատեսում է ձեռք բերել էլեկտրոնային ձեռնաշղթաներ՝ ընտանեկան բռնություն կատարող անձանց իրենց զոհերից հեռու պահելու նպատակով։ Գործող օրենքով ընտանեկան բռնությունը կանխարգելող 2 եղանակ կա: Առաջինի դեպքում ոստիկանության ծառայողը անհետաձգելի միջամտության որոշում է կայացնում։ Երկրորդ եղանակն ավելի ժամանակատար է՝ դատարանը պաշտպանության մասին որոշում է կայացնում։ Սա առավել արդյունավետ կազմակերպելու համար լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա՝ ասում է ներքին գործերի փախնախարար Արփինե Սարգսյանը․
«Շատ դեպքերում դժվար է լինում հասկանալ՝ արդյոք իրականում պահպանվե՞լ են, օրինակ, տարածքը լքելու, տարածքում չբնակվելու և այլ սահմանափակումները։ Այս դեպքերն արձանագրվում են պոստ-ֆակտում, եթե լինում է բացահայտում ոստիկանության ծառայողի կամ զոհն է արձագանքում։ Մնացած դեպքերում, երբ, օրինակ, բռնարարը կարող է զոհին հարկադրել չհայտնելու այդ տեղեկությունը, կամ ոստիկանության ծառայողը իր ամենօրյա գործունեության ընթացքում միգուցե չկարողանա բացահայտել այդ դեպքը (որովհետև չենք կարող ամեն անձի մոտ մեկ ծառայող ունենալ), կարող են դուրս մնալ մեր տեսադաշտից ու հանգեցնել բացասական հետևանքների»։
Այսպիսով հնարավոր է պարզել՝ արդյոք բռնարարը պահպանո՞ւմ է տարածքում չլինելու պահանջը, թե՞ ոչ։ Սա, սակայն, ենթադրում է հետևել անձի տեղաշարժին, որը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով, որոշակի ռիսկեր է պարունակում․
«Անհետաձգելի միջամտության որոշումը կիրառվում է մինչև 20-օրյա ժամկետով, սակայն այդ ընթացքում անձի տեղաշարժի նկատմամբ էլեկտրոնային միջոցով հսկողությունը կարող է անհամաչափորեն սահամանփակել կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված՝ անձի մասնավոր կյանքի իրավունքը։ Չի նախատեսվում, թե անհետաձգելի միջամտության որոշման կամ պաշտպանական որոշման վերացման պարագայում էլեկտրոնային միջոցների միջոցով կոնկրետ անձի վերաբերյալ հավաքագրված տվյալները ի՞նչ պետք է արվեն, արդյո՞ք դրանք ենթակա են ոչնչացման»։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ նման ռիսկ չկա։ Ասում է՝ Եվրոպական դատարանը առանձնացնում է երեք կետ, որոնց առկայության դեպքում խախտում չի կարող արձանագրվել․
«Առաջինը՝ պետք է իրավաչափ նպատակ հետապնդենք սահմանափակմամբ, երկրորդը՝ պետք է օրենքով նախատեսվի այդ սահամանփակումը, երկրորդը՝ պետք է անրաժեշտ լինի ժողովրդավար հասարակությունում իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Կարծում ենք, որ երեք կրիտերիաներին էլ այս օրենքը լիովին բավարարում է»։
Մեկ այլ առանցքային հարց էլ, Թագուհի Թովմասյանի դիտարկմամբ, անձնական տվյալների արտահոսքի հավանականությունն է։ Հիշեցնում է՝ նման դեպքեր եղել են և՛ մասնավոր, և՛ պետական սերվերներից։ Հանձնաժողովի նախագահը համարում է, որ անձնական տվյալների պաշտպանության խնդիրների դեպքում այդ տվյալների նոր շտեմարան սետեղծելը ռիսկային է։ Արփինե Սարգսյանը սակայն վստահեցնում է, որ տվյալները որևէ այլ նպատակով օգտագործվել չեն կարող․
«Բնականաբար ցանկացած դեպքում կոնվենցիայով երաշխավորված անձի մասնավոր կյանքի պահպանության իրավունքը մենք պահպանում ենք, և այ եթե մենք այս տեղեկատվությունը հավաքագրեինք ու անձի դեմ այլ պրոցեսների շրջանակում օգտագործեինք, միանշանակ համաձայն կլինեի, բայց տեղաշարժման պրոցեսներին մենք հետևում ենք զուտ ելնելով նրանից, որ բռնարարը չմոտենա զոհին»։
Նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթայի հավաքածուի ձեռքբերման համար կպահանջվի շուրջ 560 մլն դրամ: Ոստիկանության գնահատմամբ՝ այս պահին առկա սերվերային համակարգը պատրաստ է այս «ծանրաբեռնվածությանը», սակայն անհրաժեշտության դեպում ծրագիրը կյանքի կոչելու համար համակարգը ևս կհզորացվի։
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ անելու առաջարկությանը հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։ Նախագծի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում։




