
2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգը Հայաստանում ամբողջությամբ ազատականացվելու է։ Եվ պետական մարմինները և քաղաքացիները կկարողանան ընտրել ապահովագրական այն ընկերությունը, որը լավագույն սակագին — որակ հարաբերակցությունը կառաջարկի: Բացի ազատականացման արդյունքում ձևավորված գնից, ապահովագրական ընկերությունները կարող են նաև լրացուցիչ զեղչեր առաջարկել։ Ընդ որում՝ փոփոխության արդյունքում շատ վարորդների համար ապահովագրության արժեքը կնվազի, մյուսների համար՝ կավելանա։
2023 թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվելու է։ Սա նշանակում է, որ ինչպես պետական մարմինները, այնպես էլ քաղաքացիներն իրենք կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը թե առաջարկած սակագնով, թե ծառայության որակով կլինի ամենաշահավետը։ Բացի այդ՝ փոփոխության արդյունքում կարգապահ վարորդների համար ապահովագրության արժեքը կնվազի, մյուսների համար՝ կավելանա։ Համակարգի փոփոխությունները «Ռադիոլուրի» հետ զրույցում մեկնաբանում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը․
«Շատերն էին բարձրաձայնում, որ վթարներ չեն ունեցել, բայց սակագինը բոլորի համար նույնն է։ Իսկ այս փոփոխությունը արդարացի մոտեցում է։ Բացի դա կան մի շարք վարորդներ, որոնք տաքսի ծառայություն են մատուցում։ Այդ վարորդները ևս դժգոհում էին, թե ինչու պետք է առանց որևէ վթարի համարվեն բարձր ռիսկայնության վարորդներ»։
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում ամեն մի ապահովագրական ընկերություն հնարավորություն կստանա իր սակագինն առաջարկել։
«Ամեն ապահովագրական ընկերություն ինքն է իր գինը սահմանելու և շահագրգռված է լինելու այնպես անել, որ ավելի շատ հաճախորդներ ներգրավի։ Մրցակցությունը կբերի գնի ճկունության և ավելի մատչելի կդառնա ծառայությունը։ Ապահովագրական ընկերություններ կան, որոնք այդ ամենից բացի նաև լրացուցիչ զեղչեր են սահմանելու , եթե պայմանագիրը քաղաքացին առցանց կնքի»։
ԱՊՊԱ համակարգում մրցակցային դաշտ ստեղծելու գաղափարը նոր չէ, սահմանափակումները պայմանավորված են ֆիքսված գնով։ Այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է, նկատում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը․
«Երբ ԱՊՊԱ համակարգը ներդրվեց, այդ ժամանակ ոչ մի ակտուարական հաշվարկ չի կատարվել, և ոչ ոք չի իմացել, թե որն է արդար սակագինը։ Բնականաբար փորձել են հաշվեկշռել մարդկանց շահը և համակարգի ձևավորման կարևորությունը, ուստի սակագինը որոշվել է մի գին, ժամանակի ընթացքում կուտակվել են տվյալներ, համակարգը կայացել է, և այժմ կարող ենք փաստել, որ ապրիլի մեկից ազատականացումը տեղի կունենա»։
Ապրիլի մեկից ուժի մեջ մտնող փոփոխությամբ պարտադիր ապահովագրության սակագինը որոշվելու է հաշվի առնելով երթևեկության մեջ վարորդի կարգապահությունը։ Ըստ այդմ՝ այն վարորդների համար, որոնք վթարներ չունեն, ապահովագրական սակագինը կնվազի, իսկ վթար ունեցողների համար՝ կավելանա:




