Հասարակություն

Ամերիկահայությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել սիրիահայությանը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես 

Սիրիահայերի զորակցության մարմնի Լոս Անջելեսի մասնաճյուղը շարունակում է միջոցառումներ կազմակերպել` օգնելու պատերազմական գոտում գտնվող հայրենակիցներին: Այս անգամ կառույցի պատասխանատուները որոշել են հասարակությանը իրազեկել Սիրիայում տիրող վիճակի ու հայ համայնքի խնդիրենրի մասին` դրամահավաքը խթանելու նպատակով: Միջոցառումներն են, որ խթանում են դրամահավաքը, հայտնել են Սիրիահայերի զորակցության մարմնի ղեկավարները։ Հանգանակությունների ալիքը, որպես կանոն, մարում է, եթե թեման տևական ժամանակ չի արծարծվում, ուստի նրանք մտադիր են հաճախակի նախաձեռնել տեղեկատվական ձեռնարկներ:

Իրազեկումը սիրիահայերին առաջին օգնություն հասցնելու լավագույն գործիքն է։ Մարդիկ որքան լավ տեղեկացված լինեն, այնքան արագ և առարկայական աջակցություն կցուցաբերեն հակամարտության գոտում ապրող հայրենակիցներին: Նաև այդ ուղղությամբ է առաջիկայում ջանքերն ուղղելու Սիրիահայերի զորակցության մարմինը: Այդ նպատակով Լոս Անջելեսում կազմակերպվել էր հանդիպում սիրիրահայ գործիչների հետ, ովքեր նոր են եկել պատերազմական գոտուց: Ամերիկահայերը նրանցից մանրամասնորեն տեղեկացան Սիրիայի ներկա վիճակի, հայ համայնքի կարիքների մասին, լսեցին նաև հակամարտության մասին քաղաքական վերլուծությունն ու կանխատեսումները:

Պատերազմի մոտ երեք տարվա ընթացքում Սիրիայի` ժամանակին 80-100 հազար գնահատվող համայնքի ավելի քան մեկ երրորդն արտագաղթել է. մոտավոր հաշվարկով՝ 10-12 հազար հայ ապաստանել է Լիբանանում, գրեթե նույնքան` Հայաստանում, շատ փոքր հատված փոխադրվել է Եվրոպա, Կանադա և ԱՄՆ։ Տունը չլքած սիրիահայերն այսօր մեծապես նյութական ու բարոյական աջակցության կարիք ունեն, որը, ցավո, վերջերս նվազել է, փաստում են սիրիահայ գործիչները։

Նրանք հայտնեցին, որ պատերազմի դժվարությունների առաջ համայնքը չի ընկրկում. ազգային կառույցները շարունակում են աշխատել, մշակութային միջոցառումներ կազմակերպել, նեցուկ կանգնել միմյանց, շեշտեցին, որ մինչև այսօր ոչ մի երեխա դպրոցը չի թողել վարձը չվճարելու պատճառով, կարիքավոր ընտանիքները ամսական աջակցություն, հիվանդները` անվճար դեղորայք են ստանում, և որ կարևորն է` չեն կորցնում լավատեսությունը, որ շատ շուտով մղձավանջը կավարտվի:

Բայց այդ ամենը տրվում է մեծ ջանքերի գնով. հայահոծ բնակավայրերը մոտ են ռազմական գործողությունների գծին, ինչի հետևանքով համայնքը մեծ կորուստներ է ունենում։ Սիրիահայերի զորակցության մարմնի ԱՄՆ արևմտյան ափի կառույցը մինչև այժմ մոտ 700 հազար դոլար է ուղարկել Սիրիա: Դա ծախսվել է համայնքի կենսական կարիքները հոգալու համար: Առաջիկայում դրամահավաքը կշարունակվի, քանի դեռ սիրիահայերը նյութական աջակցության ու դրանից էլ առավել` բարոյական զորակցության կարիք ունեն։

Ամերիկահայերն ակնկալում են, որ մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայկական ամենահին գաղթօջախի կյանքը նորից նորմալ հունի մեջ կմտնի, և համայնքը կշարունակի ապահով ապրել ժամանակին Եղեռնից մազապուրծ հայերի փրկության առաջին դուռը դարձած երկրում։

Back to top button