
2020-ին կառավարության որոշմամբ լուծարվեց «Հայինկասացիա» ՓԲԸ-ն: Ընկերության 30-ից ավելի աշխատակիցներ դիմեցին դատարան՝ պահանջով փոխհատուցել չվճարված աշխատավարձը սահմանվածից ավել աշխատելու դիմաց: Նախկին ինկասատորների շահերը ներկայացնող փաստաբանը վստահ էր, որ հայցը բավարարվելու է, այժմ նա խուսափում է ինկասատորների հետ շփումներից, դատական նիստերն էլ բաց է թողնում: Նախկին ինկասատորները կասկածներ ունեն:
«Հայինկասացիա»-ի մի խումբ նախկին աշխատակիցների դատական գործը, որին «Ռադիոլուր»-ն անդրադարձել էր դեռ 2021-ին, ձգձգվում է: 33 հայցվոր ինկասատորները շուրջ 330 մլն.դրամի փոխհատուցման պահանջ են ներկայացրել, որը «Հայինկասացիան» չի վճարել արտաժամյա աշխատանքի դիմաց ու պարտքեր կուտակել:
Վանաձորցի Վահան Մարդանյանը, որ «Հայինկասացիա»-ի հին աշխատակիցներից է, ասում է պատասխանող լուծարային հանձնաժողովը հիմա էլ նոր փաստաթղթեր է ներկայացրել դատարանին՝ առաջարկելով առաջնորդվել այդ փաստաթղթերով, որոնցում իբր արձանագրված է նրանցից յուրաքանչյուրի աշխատած ժամաքանակը: Դրանք, սակայն, ոչ միշտ են պատշաճ լրացվել: Ստացվում է, որ այս կերպ փորձ է արվում փոխել մեր հայցի ընթացքն ու խուսափել ոչ միայն կուտակված պարտքերը մարելու պատասխանատվությունից, այլև ավելի քիչ գումար վճարել՝ Վահան Մարդանյանն է ասում։
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Վահան Մարդանյան. «Էս անգամ էլ դատը եղավ, մեր փաստաբանը չկար, ուրիշ դատի էր, դատավորն ասավ կարաք համաձայնության գաք, որ էդ դատը շուտ վերջանա, մենք էլ կանգնեցինք 180 միլիոնի վրա, որ հետո կբաժանվեր տղաների մեջ, դա էլ է ձգձգվում: Էս անգամ էլ ասին դատ չի լինելու, ես պատահական գնացի, տեսա դատն սկսվել է: Հիմնարկությունը նոր թղթեր ա բերում, էն գրքերը, որոնցով ոչ մի բան չի երևում»:
Մարտին Մարիկյանը միայն 30 տարի «Հայինկասացիա» ընկերությունում է աշխատել, նաև դատական ատենակալ եղել: Չի հիշում, որ դատական նիստերը երբևէ այդքան կարճ տևեին: Իրենց գործով այս տարվա փետրվարի 14-ի նիստն ընդամենը 8 րոպե է տևել: 4 ժամ 20 րոպե՝ 3 տարվա դատական նիստերի ողջ տևողությունը, ու ավարտ չկա՝ Մարիկյանն է ասում։
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Մարտին Մարիկյան. «Չի ստացվում, անընդհատ մի բան հորինվում է: Դատավորն առաջարկեց 2 կողմին, որ հաշտության համաձայնության գանք: Հակառակ կողմը չընդունեց: Ասում են 30 մլն.կտանք ու վերջ: Էս փաստաբանը մեր գլխին եսիմ ինչ դուրս եկավ: Դատերին չի գալիս, 2 դատ բաց է թողել, մի քանի դատի ինչ-որ աշխատող է եկել, իրեն էլ 1,5 մլն-ից ավելի գումար ենք վճարել, չենք հասկանում՝ ինչ է կատարվում»:

Դատարանում նախկին ինկասատորների շահերը ներկայացնող «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեվը, նախկին ինկասատորների խոսքով, խուսափում է նիստերին ներկայանալուց ու անպատասխան թողնում իրենց հեռախոսազանգերը: Մարտին Մարիկյանը նշում է, որ Կոչուբաեվը մտերիմ է գործը քննող դատավոր Զարուհի Նախշքարյանի հետ, որի նկատմամբ, ի դեպ, 2021-ից ի վեր 4 կարգապահական վարույթներ են հարուցվել։
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Մարտին Մարիկյան. «Հեռախոսազանգերին չի պատասխանում, ինձ թվում է կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ, ոչ թե միայն ես, այլ տղաներով ենք կասկածում: Ամսի 14-ի մեր դատի ժամանակ մեր փաստաբանը եկել, ասում է՝ գիտեք, կարող է ամսի 20-ին դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ լինի, էլի զրկեն: Դատալեքսում նայեցինք, ինչ-որ ուրիշ դատավոր է մեր վրա կցած»:
«Ռադիոլուր»-ի հետ նախորդ զրույցում փաստաբան Կոչուբաեվն ասել էր, որ խախտվել են աշխատանքային պայմանագրի մի շարք կետեր, որոնց հիման վրա են ուզում պարտավորեցնել «Հայինկասացիա»-ի լուծարային հանձնաժողովին վճարել սահմանվածից ավել աշխատելու դիմաց: Աշխատանքային պայմանագրով պետք է աշխատեին 5 ժամ, աշխատել են 12- 16 ժամ: Մի կողմից՝ պայմանագրով ունեցել են 2 ժամ հանգստի իրավունք, մյուս կողմից՝ ինկասացիայի ղեկավարության ներքին ակտերով արգելված է եղել մեքենայից դուրս գալը: Մեր նախորդ զրույցի ժամանակ փաստաբանը կարծիք էր հայտնել, որ դատական հայցը միանշանակ բավարարվելու է հօգուտ ինկասատորների: Այս անգամ, սակայն, Ալեքսանդր Կոչուբաեվն անպատասխան թողեց նաև «Ռադիլուր»-ի հեռախոսազանգերը:
Մինչ օրս «Հայինկասացիա»-ի նախկին աշխատողներին անհասկանալի է՝ ինչո՞ւ լուծարվեց շահույթով աշխատող իրենց հիմնարկը, որը հաշվեկշռում մեծ գույք ու բավական լուրջ ավանդներ ուներ բանկերում: Կասկածները, որ քաղաքական դրդապատճառներ կային, գնալով հիմնավորվում են, որովհետև իրենց գործառույթները պատվիրակվել են ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Արարատինկասացիային»:
Հիշեցնենք՝ դեռ 2020-ին Սուքիասյանի մամլո խոսնակը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր այդ լուրերը: Կենտրոնական բանկից ևս պարզաբանել էին, որ «Հայինկասացիա»-ի լուծարումն ընկերության միակ բաժնետիրոջ որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով է սկսվել և ընկերության լուծարման հետ գործարար Խաչատուր Սուքիասյանը կապ չունի:






