
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր ամփոփեցին 2013 թվականի գործունեության արդյունքները, անդրադարձան այս տարվա անելիքներին: Ըստ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանի՝ անցյալ տարին բավական հագեցած է եղել գերատեսչության համար՝ կազմակերպչական, տեխնիկական և համագործակցության առումներով:
Ընհանուր առմամբ՝ անցյալ տարի մեր երկրում գրանցվել է 11091 տարաբնույթ արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 615, տուժել 8647 մարդ: Բոլոր այս ցուցանիշներով 2012 թվականի հետ համեմատ գրանցվել է աճ։ Հավելենք, որ անցյալ տարի հաջողվել է փրկվել 139 մարդ՝ 2012 թվականի 93- ի դիմաց։
Նախարարության այս տարվա օրակարգը ևս չափազանց հագեցած է, փաստում է Փրկարար ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ Այս տարի, մասնավորապես, կշարունակվի մարզային ստորաբաժանումներում ճգնմաժամային կառավարման կենտրոնների ձևավորումը, փրկարարական խմբերի և հենակետերի ստեղծումը հեռավոր շրջաններում՝ արտակարգ դեպքերի օպերատիվ արձագանքման նպատակով: Շարունակվում է նախարարության ստորաբաժանումների ենթակառուցվածքների արդիականացումը և զարգացումը։
Անցյալ տարի մոտ 60 հազարով ավելացել է 911 ծառայություն զանգերի թիվը: Այս փաստը պայմանավորված է ծառայության հանդեպ վստահությամբ, նկատեց Փրկարար ծառայության փոխտնօրենը։




