ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ է ուշանում նոր օմբուդսմենի ընտրությունը. իրավապաշտպանները հորդորում են լուրջ մոտենալ ինստիտուտին

Արդեն 24 օր է, ինչ Հայաստանը չունի Մարդու իրավունքների պաշտպան։ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո ԱԺ-ն նոր օմբուդսմեն պետք է ընտրի։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՄԻՊ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, հետո նաև լրացուցիչ տասնօրյակում։

Թեկնածուներ առաջադրելու հնարավորություն ունեցող խորհրդարանական բոլոր երեք խմբակցություններն առայժմ լուռ են, թեկնածու չեն առաջադրել։ Պաշտպանի հրաժարականի դեպքում նոր օմբուդսմեն պետք է նշանակվի նախորդի լիազորությունների դադարեցման օրվանից երեք ամսվա ընթացքում: Մինչև նոր Պաշտպանի նշանակվելը նրա պարտականությունները կատարում է տեղակալը:

Նոր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու լրացուցիչ երկրորդ տասնօրյակն էլ անցավ. հավակնորդներ, կարծես թե, չկան։ Թեկնածուների անունները պետք է ներկայացվեն Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին։ Մինչ օրս առաջադրումներ չեն եղել՝ «Ռադիոլուրին» հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․

«Այս պահի դրությամբ, արդեն երկու տասնօրյակ է անցել, դեռ որևէ խմբակցություն, ընդդիմադիր կամ իշխանական, որևէ թեկնածու չի առաջադրել։ Հիմա միացել է երրորդ տասնօրյակի ժամկետը, բայց կրկին դեռ որևէ թեկնածու չունենք»։ 

Ըստ օրենսդրության՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, նախորդ օմբուդսմենի հրաժարականից հետո, պետք է պարդտադիր ընտրվի երեք ամսվա ընթացքում։ Այսինքն, այդքան ժամանակ ունի խորհրդարանը թե՛ թեկնածուների առաջադրման, թե՛ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ անցկացնելու, թե՛ ԱԺ հերթական լիագումար նիստում հարցը քննարկելու և քվեարկելու համար։ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ սա օրենսդրության հստակ պահանջ է ու, եթե այդ ընթացքում առաջադրումներ չլինեն, դա կնշանակի, որ Հայաստանն օմբուդսմեն չի ունենա․        

«Նշանակում է, որ մեզ այդ պաշտոնը պետք չէ, որպես Հայաստանի Հանրապետություն և, որպես անկախ սահմանադրական մարմին, ըստ էության, իշխանության կողմից ըստ արժանվույնս չի գնահատվում։ Այն էլ այս փուլում, երբ մեր երկիրն, առավել քան երբևէ, ունի օմբուդսմենի կարիք, և ՀՀ քաղաքացիներն, առավել քան երբևէ, ունեն օմբուդսմենի պաշտպանության կարիքը, ու ստացվում է, որ Հայաստանում չկա օմբուդսմեն։ Ունենք նաև 120 հազար շրջափակված արցախցիներ, որոնք նաև Հայաստանի օմբուդսմենի միջոցով պիտի ամբողջ աշխարհին լսելի լինելու իրենց իրավունքը իրացնեն, քանի որ Արցախի օմբուդսմենը, ցավոք սրտի, որպես չճանաչված հանրապետության օմբուդսմեն, չի կարող այդ ազդեցությունը և այդքան լսելիությունը ապահովել»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում օմբուդսմենի հարցը դեռ քննարկում են և, որոշում լինելուն պես, պատշաճ կտեղեկացնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր իշխանական խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը․

 «Քննարկումներ եղել են և շարունակվում են։ Տարբեր անձանց շուրջ են այդ քննարկումները։ Որևէ կոնկրետ անձի մասով չեմ կարող տեղեկություն տալ։ Առաջարկում եմ չշտապել։ Որոշում լինելուն պես՝ պատշաճ կհրապարակվի»։    

Ընդդիմադիր խմբակցությունները նույնպես ունեն օմբուդսմենի թեկնածու առաջադրելու իրավունք, որից, սակայն, նրանք էլ չեն շտապում օգտվել։ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին նախագահ Թագուհի Թովմասյանը, որը նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ է, ասում է, որ դա շատ պարզ բացատրություն ունի

 «Ընդդիմությունը վստահ է, որ իր առաջադրած թեկնածուին իշխանությունը չի ընտրելու։ Իսկ, եթե չի ընտրելու, որևէ մեկին դժվար է համոզել, որ ինքը գա առաջադրվի և չընտրվի։ Եթե իշխանությունը իսկապես Սահմանադրական այս անկախ մարմնի կարևորությունը գիտակցի, բնականաբար, այս պաշտոնը կարող էր վերապահել ընդդիմությանը, ասելով՝ դուք բերեք թեկնածու, մենք բոլորս կընտրենք, որպեսզի օմբուդսմենը իսկապես լինի իշխանությունից անկախ»։     

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ Մարդու իրավունքների պաշտպան լինելը գրավիչ չէ, քանի որ ՄԻՊ ինստիտուտը հեղինակազրկվում է։ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը ՄԻՊ ինստիտուտի համար ամենակարևոր պայմանը վստահությունն է համարում։ Նա հորդորում է երկար մտածել, նախ՝ առաջարկողներին, ապա նաև նրան, ով կստանձնի օմբուդսմենի կարգավիճակը.

 «Հասարակության վստահությունը լրիվ խարխլվել է։ Ամենակարևոր բանը, որ տեղի է ունեցել անցած շրջանում, դա հասարակության մոտ վստահության կորուստն էր։ Պիտի կարողանան հասարակությանը ճիշտ մեսիջները ուղարկել, որովհետև կարևորը պետությունն է, ժողովրդավարությունը, մարդը, մարդու իրավունքները։ Մնացածը անցողիկ է»։

 «Իրականում, իսկապես, հեղինակազրկվում է այն ինստիտուտը, որը երկրի ողնաշարն է։ Եթե երկրում մարդը չլինի պաշտպանված, մենք ժողովրդավարական պետության մասին խոսել չենք կարող։ Ուստի, եթե ՄԻՊ-ի ինստիտուտի հանդեպ, որը իրապես բարձրացել էր վերջին տարիներին և այդ իներցիայով շարունակում էր գործել մինչ վերջերս, լինի անվստահություն, չլինի դիմելիություն, մենք կորցնելու ենք այդ հնարավորությունը՝ բարձրաձայնված խնդիրների լուծման»,-ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։  

Իրավապաշտպանների գործիքակազմը մեծ չէ և մի շարք հարցերով նրանք մարդկանց ուղորդում էին հենց ՄԻՊ-ին դիմելու՝ վստահ, որ այդ հարցերով օմբուդսմենն արդյունավետ զբաղվում է։ Իսկ ու՞մ պիտի դիմեն, երբ չլինի ՄԻՊ-ը կամ չլինի մարդկանց մոտ վստահությունն այդ ինստիտուտի հեղինակության հանդեպ՝ հարց է հնչեցնում Զարուհի Հովհանննիսյանը։    

Իրավապաշտպանները կոչ են անում լուրջ վերաբերվել այս ինստիտուտին, քանի որ չափազանց կարևոր է ՄԻՊ-ի ստատուսը։

«Յուրաքանչյուր հաջորդ մարդ պիտի իրեն հաշիվ տա՝ ինքը համապատասխանում է, թե ոչ։ Ինքը կարո՞ղ է հարված պահել, թե ոչ, իսկ մենք էլ, բոլոր այն դեպքերում, երբ թիրախավորված կլինի ինստիտուտը, կլինենք Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանը»,-ասում է Նինա Կարապետյանցը։  

ՄԻՊ պաշտոնում նշանակվում է 35 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ գիտելիքներ և փորձ, հասարակության մեջ վայելում է բարձր հեղինակություն:

Պաշտպանին նշանակում է Ազգային Ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ից ավելիով` ՀՀ նախագահի և ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջարկված թեկնածուներից: Պաշտոնի նշանակվելիս Պաշտպանը երդվում  է՝ հավատարիմ լինել Սահմանադրությանն ու օրենքներին, հասարակական համակեցության և արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, և իր պարտականությունները կատարել անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը նշանակվում է 6 տարով:

Կարդացեք նաև

Back to top button