ԿարևորՔաղաքական

2020-ի մյունխենյան հայտնի բանավեճից հետո՝ նորից Մյունխեն

Ավարտվել է Հայաստան-Ադրբեջան նամակագրությունների 3-րդ փուլը. սա նշանակում է, որ Բաքվից Երևան և հակառակ ուղղությամբ արդեն 6 նամակ է փոխանակվել՝ խաղաղության պայմանագրին առնչվող առաջարկություններով: Գործընթացը սկսվել է 2022-ի մարտին: 5 կետանոց փաթեթի մասին Ադրբեջանը խոսեց անմիջապես Երևանի այն հայտարարություններից հետո, թե մտադրություն կա դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։ Ադրբեջանի առաջարկած 5 կետերին Հայաստանը պատասխանեց 6 կետով: Նամակագրության բովանդակությունից  թերևս հայտնի են միայն Ադրբեջանի հրապարակած 5 կետերը: Դրանից հետո բանակցությունների մանրամասները չեն բացահայտվում:

Գրեթե մեկ տարի շարունակվող նամակագրության մանրամասները չգիտեն ո՛չ Երևանում, ո՛չ էլ թերևս Բաքվում: Նախօրեին Բաքվին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին փոխանցված առաջարկությունները պաշտոնական Երևանում մշակել են այնպես, որ փաստաթուղթը ցանկացած պահի ընդունելի լինի ստորագրման համար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչ տրամաբանությամբ է տարվում աշխատանքը։

«Ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ բանակցությունների արդեն 3 փուլի արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել»:

Հայաստանի լավատեսությունն այս առումով չեն կիսում Ադրբեջանում: Այդ երկրի արտգործնախարարությունը շարունակում է մեղադրել պաշտոնական Երևանին իբրև թե ապակառուցողական դիրքորոշման մեջ: Բաքվի «ջղաձգման» պատճառն այս անգամ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին։ Միջազգային գործընկերների հետ Երևանը, ըստ Գրիգորյանի, այժմ աշխատում է այդ ուղղությամբ: Ադրբեջանի արտգործնախարարությունում սա մեկնաբանում են որպես «Հայաստանի՝ տարածքային պահանջներից չհրաժարում»:

Իսկ թե ինչ բովանդակություն ունեն Բաքու ուղարկված առաջարկները, նախօրեին որոշակիորեն մանրամասնել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա նշել էր, որ Ղարաբաղի մասին առաջարկված կետերում հիշատակում կա, բայց այդ հիշատակումը կարգավիճակի մասին չէ։

«Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ: Ես հասկանում եմ, որ հանրությունը հնարավորինս հստակություն է ակնկալում, բայց ես ակնկալում եմ որոշակի չափով հասկանալ մեզ, որ դա բանակցային գործընթաց է: Հայտնի մոտեցում կա բանակցություններում, որ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, դեռ ոչինչ համաձայնեցված չէ: Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտը և Բաքուն կքննարկեն անվտանգությունը և իրավունքները: Թե դա որ ձևաչափով կիրականացվի, առաջնային չէ, առաջնայինը ֆորմատի ստեղծումն է: Խաղաղության պայմանագիրը ընդհանրապես նրա մասին է, որպեսզի ամեն ինչը հնարավորինս հստակ լինի: Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա»:

Բաքու ուղարկված փաստաթղթի տրամաբանության մասին, առաջարկները ուղարկելուց հետո, հստակեցումներ է արել նաև Փաշինյանը։

«Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար: Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար, այլ ընդհակառակը՝ իսկապես նշանակի տևական խաղաղություն: Արտահայտում եմ խաղաղության հաստատման այսպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվությունը»:

Ուշագրավ փաստ. ինչպես այս հայտարարությունը, այնպես էլ Բաքվին ուղղված առաջարկները Փաշինյանը հասցրել է անել մինչև Մյունխեն մեկնելը: Վարչապետը փետրվարի 17-19–ին մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ նաև երկկողմ մի շարք հանդիպումներ են սպասվում: Մյունխեն հրավիրված է նաև Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում այդ հարթակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորությունը, պաշտոնական Երևանն այս հարցում  հստակեցումներ առայժմ չի անում:

Երկու երկրների ղեկավարները նման փորձ  արդեն ունեն. 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020-ի փետրվարին, Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ և բանավեճ էր ծավալվել: Ավելի ուշ Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հնչած թեզերն «Մյունխենյան սկզբունքներ» անվանումով էր ամփոփել:

Մյունխենում է լինելու նաև ԱՄՆ պետքարտուղարը, որը հայ-ադրբեջանական ուղիղ շփումների կողմնակից է։ ՌԴ ներկայացուցիչներն  անվտանգության համաժողովին  հրավիրված չեն: Փոխարենը հայտնի է, որ առաջիկա օրերին  Բաքու կմեկնի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս պահին ընթանում է նրա այցի նախապատրաստումը՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայաստանին և Ադրբեջանին ուղղված «մեսիջներ» մինչև Մյունխենը հնչել են նաև Միացյալ Նահանգներից։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն ասելիքն ուղղել է երկու երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով թուլացնել լարվածությունը և ընթանալ համապարփակ ու տևական խաղաղության ուղով: Փրայսը հստակեցրել է, որ ասելիքն ուղղված է նաև ողջ տարածաշրջանին: Ըստ պաշտոնյայի՝ իրենք ներգրավված են այդ ջանքերում երկկողմանիորեն ու բազմակողմանիորեն և կշարունակեն անել հնարավոր ամեն բան գործն առաջ մղելու համար: Հույս ունեն, որ մյուս երկրների ուղերձը ևս սա է:

Կարդացեք նաև

Back to top button