ԿարևորՔաղաքական

Զգուշացում, սպառնալիք և խոստում․ ում են ուղղված ՀԱՊԿ-ից ու Մոսկվայից հնչած մեսիջները

Երևանից Բաքու է ուղևորվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Տարածաշրջանային այցը նա սկսել էր Երևանից, այստեղ հանդիպել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ։

Ռուսական կողմը հայտարարում է, որ նախապատրաստում է արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը։ Մինչ կողմերի դիրքորոշումները ճշգրտվում են, Մոսկվայից ու ՀԱՊԿ-ից հայտարարություններ են հնչում, որոնք փորձագետների կարծիքով, ուղերձներ են պարունակում։

Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից մեկ օրում հնչել են զգուշացում, սպառնալիք և խոստում պարունակող, այսպես ասենք, մեսիջներ։ Վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե իրականում ում էին ուղղված դրանք։

Զգուշացումը հնչեց ՀԱՊԿ-ի նախագահությունը մեկ տարով ստանձնած Բելառուսից։ Այդ երկրի նախագահը՝ անվտանգային կառույցի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը զգուշացրեց․ կառույցի անդամ-երկրները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը ուկրաինական պատերազմի հարցում։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ուկրաինայի և ՌԴ-ի հակամարտությունը մեր հակամարտությունը չէ, որ ինչ-որ մի տեղ կարելի է աննկատ նստել ու սպասել, ապա նման բան չկա, այդպես չի լինի։ Կգա ժամանակը, այն հեռու չէ, բառացիորեն վաղը, կպահանջվի կողմնորոշում, որոշակի դիրքորոշման արտահայտում»։

Ի՞նչ կարող է ակնկալել ՀԱՊԿ-ը, օրինակ, Հայաստանից, եթե անգամ մեր հարցում կառույցի ներսում կա հակասական իրավիճակ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համար ակնհայտ է, որ Լուկաշենկոյի հայտարարությունը ոչ այնքան ՀԱՊԿ անդամ-երկրներին ուղղված կոչ էր ուղղված, որքան մանևրելու փորձ։

«Անկասկած է, որ Ռուսաստանը Լուկաշենկոյի հետ առնվազն քննարկում է Բելառուսի՝ պատերազմի մեջ մտնելու հարցը։ Այստեղ Լուկաշենկոյի ձեռքերը կապում է այն հանգամանքը, որ ի տարբերություն ՀԱՊԿ մնացյալ անդամների Բելառուսը Ռուսաստանի հետ ոչ միայն այդ ինտեգրացիոն միավորումների դաշնակից է, այլև անմիջականորեն ունի Միութենական պետության մեխանիզմը, և սա գործնականում չափազանց բարդացնում է Լուկաշենկոյի վիճակը։ Նա, իհարկե, պատկերացնում է, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել, եթե Բելառուսն էլ մտնի պատերազմի մեջ։ Լուկաշենկոն փորձում է ՀԱՊԿ-ում առկա խնդիրները իր համար դարձնել պատերազմի մեջ չմտնելու հարցում մանևրի հնարավորություն։ Սա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը տալու է Լուկաշենկոյին այդ խնդիրը լուծելու հնարավորությունը»։

Քաղաքական վերլուծաբանը ճշտում է, որ Հայաստանի դիրքորոշումը ուկրաինական պատերազմի հարցում եղել է և պետք է պահպանվի հնարավորինս չեզոք դիրքավորումը․ չպետք է հայտնվել պատերազմող որևէ ճամբարում, ինչը Հայաստանն անմիջապես կասոցացնի որևէ կողմի հետ։  

Սպառնալիքը հնչեց Մոսկվայից, Ռուսաստանի Պետդումայի ստորին պալատի նախագահի կողմից։  

Ո՞ւմ և ի՞նչ է ուզում ասել Վյաչեսլավ Վոլոդինը՝ իրար կապելով եվրոպական կառույցներին ուղղված հայտարարություններն ու երկիրը կորցնելու վտանգը։

Ուշագրավ է, որ հայտարարությունն արվել է Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության հարցը քննարկելիս։ Քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը ռուս պաշտոնյայի խոսքն ընկալում է ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես զգուշացում։ Իսկ այն, համարում է, ուղղված է երկու կողմին՝ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին․   

«Այսինքն՝ ուզում է ասել, որ այդ մոնիտորինգային խմբեր, ԵԽԽՎ, Եվրախորհրդարան և այլն որ գալիս են, գալիս են նոր պատերազմ հրահրելու։ Իրենց նպատակը դա է։ Եվ ինքը ( Վյաչեսլավ Վոլոդինը-խմբ․ ) զգուշացրեց, որ նրանք, ովքեր հույս են դնում այդ կառույցների վրա, թող իմանան, որ դրա հետևանքով կարող են պետությունը կորցնել ընդհանրապես։ Դա պարզ է, որ մասնավորապես հայկական կողմին է ուղղված, որը ամեն ինչ անում է, որ իրենք գան, բայց նաև ադրբեջանական կողմին է ուղղված, որպեսզի Ադրբեջանը չփորձի օգտվի առիթից և գնա էսկալացիայի»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը առանձնացնում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ կապեր և ակնկալիքներ ունեն հենց եվրոպական կառույցներից․  

Եվրախորհրդարանն, ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ ընդունել էր հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող բանաձև: Օրերս ներկայացվել էր նոր նախագիծ, որով դատապարտվում էր ադրբեջանական հարձակումը, կոչ էր արվում ապաշրջափակել Արցախը, դուրս գալ Հայաստանի տարածքից: Միևնույն ժամանակ, կա Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու որոշումը:

Դրան զուգահեռ, կա նաև Եվրամիության սերտ գործակցությունը Բաքվի հետ՝ էներգետիկ հարցերում: Ի դեպ, փորձագիտական կարծիք կա, որ Բաքուն կարող է իր գազը ավելի շատ վաճառել Եվրոպա, դրա դիմաց ստանալ ռուսական գազ: Այն, որ կա ԵՄ-Ադրբեջան էներգետիկ համաձայնությունների արդեն երկու հնչեղ օրինակ, ակնհայտ է: Բադալյանի համար նաև ակնհայտ է, թե ով է բացել Եվրամիության ներգրավվածության ճանապարհը․

«Ադրբեջանն է մերժում Ռուսաստանի նախաձեռնած ձևաչափով պայմանավորվածությունները, Ադրբեջանն է խախտում դրանք, Ադրբեջանն է հարվածի տակ դնում ռուսական մանդատի ( խաղաղապահների մանդատի-խմբ․) արդյունավետությունը՝ օգտվելով առիթից, որ ուկրաինական պատերազմի պատճառով իրավիճակ է փոխվել համաշխարհային միջավայրում։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բերել են թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի կարևորության նշանակության աճի Մոսկվայի համար։ Բայց միևնույն ժամանակ նաև աճել է Թուրքիայի և Ադրբեջանի նշանակությունը Արևմուտքի համար էլ։ Ադրբեջանը փորձում է օգտվել այդ իրավիճակից։ Ըստ իս, որպես նվազագույն խնդիր առավելագույնս թանկ գին ուզել Ռուսաստանից իր մանդատը պահելու համար, իսկ առավելագույն խնդիրը Ադրբեջանի պարագայում թերևս չերկարաձգել այդ մանդատը և փակել Արցախի հարցը՝ հասնելով Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչման, որի տրամադրությունները կան նույն ԵՄ պաշտոնյաների մոտ և որոնք հենց այդպես են դիտարկում խնդրի հանգուցալուծման հնարավորությունը»։ 

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հասկանում Մոսկվայի նյարդային արձագանքները։ Նշում է, որ ՌԴ գործընկերների հետ քննարկվել են ԵՄ դիտորդներին հրավիրելու պատճառները։ Ասում է՝ մեր անվտանգային համակարգը չի աշխատել։

«Ես չեմ կարող Մոսկվայի փոխարեն պատասխանել իրենց մտահոգությունների և այլ հարցերի հետ կապված։ Մենք, բնականաբար, մեր ՌԴ գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, և այդ հարցերը քննարկում ենք իրենց հետ, ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները ու բացատրում, թե ինչու ենք այս քայլերը կատարել։ Օրինակ, 2021 թվականին մայիսին և նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, տարածքի օկուպացիա է տեղի ունեցել, և այդ վտանգը շարունակում է մնալ։ Այդ սպառնալիքը չեզոքացնելու համար անհրաժեշտ է որոշակի միջազգային երաշխիքներ ստեղծել, որի ուղղությամբ էլ աշխատում ենք»։

Խոստումը հնչել է ՀԱՊԿ-ի կողմից։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն «Կովկասում դաշնակցին թիկունք լինել», հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։

Ըստ զինվորականի՝ եթե իրավիճակը պահանջի Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի և միջոցների  ներգրավում, դրա փորձը կա, ծրագրերը ևս որոշակիորեն մշակված են։ Կարծում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն թիկունք լինել Կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցին։

Կարդացեք նաև

Back to top button