
Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ հնարավորինս ամեն ինչ հստակ լինի, հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԽ քատրուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր երեք տարվա փորձը։ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի ու Բաքվի միջև։ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկեների հետ, որ այս մեխանիզմը կայանա»,-ասել է նա։
Ըստ Գրիգորյանի՝ այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում: «Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների, կամ այլ ֆորմատով: Դա հստակ չէ, քննարկման առարկա է, պետք է շարունակենք քննարկել՝ հստակեցնելու համար»,- ասել է Գրիգորյանը:
Լրագրողի հարցին՝ քննարկվող փաստաթղթերում կա արդյո՞ք հիշատակում Արցախի մասին, Գրիգորյանը նշել է, որ պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այդ փաստաթուղթը վերջնական չէ։
«Պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը վերջնական չէ դեռ։ Բանակցություններ են ընթանում։ Ես հասկանում եմ, որ հանրությունը, լրագրողական համայնքը հնարավորինս հստակ բաներ է ակնկալում, բայց ես ակնկալում եմ որոշակի չափով հասկանալ մեզ, որ դա բանակցային գործընթաց է։ Մի մոտեցում կա բանակցություններում, որ եթե ամեն ինչ համաձայնեցված չի, դեռ ոչ մի բան համաձայնեցված չի», — հավելեց Գրիգորյանը։




