ԿարևորՀասարակություն

Ազատականացում և ընտրության հնարավորություն․ էներգետիկ շուկան կգործի նոր կանոններով

Հայաստանում վերացվել է էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։ 2023 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկ շուկան անցել է ազատական մոդելի։ Սա ենթադրում է, որ սպառողը կարող է հրաժարվել ՀԷՑ-ի տրամադրած հոսանքից ու այն ստանալ շուկա մտնող նոր մատակարարներից։

Մինչ այժմ ՀԷՑ-ը հոսանք արտադրող բոլոր կայաններից վերցնում էր հոսանքն ու բաշխում սպառողին, այդպիսով նաև ձևավորելով միջինացված վերջնական սակագինը։ Մինչդեռ ազատականացումից հետո  սակագնի հաշվարկը ժամային կտրվածքով է կատարվելու։ Դաշտի ազատականացումը մոտավորապես  հեռահաղորդակցության ոլորտի նման է լինելու՝  բացատրում են փորձագետները։ Ըստ էության՝ սպառողի համար նշանակություն չունի՝ ով է մատակարարը։ Կարևորը՝ գինը լինի ցածր, սպասարկումը՝ հուսալի։

Հայաստանի էներգետիկ շուկայում այլևս  սահմանափակում չկա․ այս փուլում խոշոր սպառողները պարտավոր են էլեկտրաէներգիա ձեռք բերել ոչ թե ՀԷՑ-ից, այլ ավելի էժան գին առաջարկող ընկերություններից՝ թրեյդերներից կամ  հոսանքի մեծածախ վաճառքով զբաղվողներից։ Հայաստանում արդեն 11 նման ընկերություն կա, հայտնում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Ըստ նախագծի հեղինակների դաշտում մարցակցային պայմաններ են ստեղծվել։

Շուկայական փոփոխությունները «Ռադիոլուրի» համար մեկնաբանում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը․

«Անցյալ տարվա փետրվարի 1-ից կամավոր, այս տարվա փետրվարի 1-ից արդեն պարտադիր է՝ հաղորդման ցանցին կպած 110 կվտ և բարձր սպառողները, որոնք սպառում են 1 մլն և ավել կվտ ժամ էլեկտրաէներգիա, պարտադիր շուկայից են գնում։ Իհարկե, ընկերությունները դիմել են, քանի որ պարտադիրության սկզբունքով է արդեն։ Շուկայում գոյություն ունեն և արտադրողներ, որոնցից կարող են ուղիղ  հոսանք ձեռք բերել, և մատակարար սպառողներից։ Եթե չդիմեն, իրենց մոտ հոսանքի գինը կդառնա ամենաբարձրը»։

Նախկինում խոշոր սպառողները էլեկտրականությունը մոտ 35 դրամով էին գնում։  Ազատականացված շուկայում նրանք ավելի ցածր գնով առաջարկներ կարող են գտնել։ Եթե որոշեն ՀԷՑ-ի ծառայություններին վերադառնալ, ապա ստիպված կլինեն մոտ 53 դրամ վճարել։ Սա խոշոր սպառողին ձեռնտու չէ։ Օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» մեկուկես օրում մեկ միլիոն կիլովատ  հոսանք է սպառում։ 

Հոսանքի մատակարար դառնալու համար պետք է լիցեզնավորման փուլ անցնել։ Դա հստակ գործընթաց է՝ «Ռադիոլուրին» ասում  է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ, իրավաբան Սեդա Շահինյանը․

«Կանոնակարգերը ենթադրում են համապատասխան պահանջների պահպանում, այդ թվում՝ համակարգի հուսալիության, անվտանգության առումներով։ Գործընթացը անցնելուց հետո միայն կկարողանան լիցենզավորվել ու գործունեություն իրականացնել»։    

Դաշտի ազատականացումը նման է լինելու հեռահաղորդակցության ոլորտի փոփոխություններին՝  բացատրում են փորձագետները։ Նրանք ընդգծում են՝ սպառողի համար, ըստ էության, նշանակություն չունի՝ ով է մատակարարը։ Կարևորը՝ գինը լինի ցածր, սպասարկումը՝ հուսալի։ Նոր մատակարարների հայտնվելը չի խանգարի, որ էներգետիկ շուկայում առաջնային խաղացողը մնա ՀԷՑ-ը։ Նրա  գործառույթն էլեկտրաէներգիայի տեղափոխումն է մի կետից մյուսը։ Ցանկացած պահի սպառողը կարող է փոխել իր պայմանագիրն ու  հոսանք գնել ՀԷՑ-ից, բայց այդ դեպքում՝ ավելի բարձր սակագնով։

ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը  վստահեցնում է՝ դաշտի ազատականացումը էներգետիկ շուկայի վրա արդեն ազդեցություն ունի․

«Ազատականացումը չի տանելու միջին սակագների իջեցմանը, բերելու է արդարացի գնագոյացման յուրաքանչյուրի համար։ Մեկը կարող է ավելի թանկ, մյուսը՝ ավելի էժան վճարել։ Ով ինչ հոսանք որ պահին գնում է, դրա համար է վճարում։ Այժմ որևէ մեկը այդ պատասխանատվությունը չի կրում։ Այն բաժանվում է բոլորի վրա։ Եթե որևէ ընկերություն կանգնում է, չի սպառում, իր էլեկտրաէներգիան բոլորիս վրա է հաշվեկշռվում։ Այժմ ամեն մեկը ինքն է պատասխանատվությունը կրելու»։

Այս փուլում շուկայի ազատականացումը շարքային բնակիչ-բաժաներդներին չի վերաբերում։ Մասնագետները կարծում են, որ մոտ հինգ տարի հետո միայն կարելի է մտածել շուկայի ազատականացման մոդելը նաև բնակիչ-բաժանորդների շրջանում կիրառելու մասին։

Կարդացեք նաև

Back to top button