
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզպետն այցելել է Տաթև համայնքի Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ և Քաշունի բնակավայրեր։
Ռոբերտ Ղուկասյանը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ ու եղել է մարզային և համայնքային ենթակայության կառույցներում։

Հալիձորում, մասնավորապես, մարզպետին ներկայացրել են հողի սեփականաշնորհման վկայականների հետ կապված, ոռոգման ջրի, գազիֆիկացման, հաճախակի հոսանքազրկումների խնդիրները․ մարզպետը տեղեկացրել է, որ բնակավայրի ոռոգման համակարգի կառուցումն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրերի ցանկում, ու գործարկումից հետո զգալի տարածքներ ոռոգելի կդառնան։

Ռ․Ղուկասյանն այցելել է նաև Հալիձորի միջնակարգ դպրոց (կենտրոնական ջեռուցման ու ջրահեռացման խնդիր ունի), մանկապարտեզ, գրադարան ու բուժկետ (գույքի ու կահավորանքի կարիք ունի)։
Հալիձորում «Ապրելու» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգվում է մշակույթի կենտրոնը։

Տաթևի դպրոց ևս այցելել է մարզի ղեկավարը, եղել է նաև սուբվենցիոն ծրագրով նորոգվող մանկապարտեզի շենքում։ Իսկ այս գյուղում բնակիչները բարձրաձայնել են գիշերային լուսավորության, նոր ճանապարհի կառուցման հետևանքով կորցրած հողերի փոխհատուցման, խմելու ջրի, աշխատատեղերի բացակայության մասին։

Ռ․Ղուկասյանը հավաստիացրել է, որ այս ու մյուս բնակավայրերում նոր ճանապարհների իրացման գոտում հայտնված հողերի տերերը կստանան փոխհատուցում։
Սվարանցում ևս առաջնահերթ խնդիրներից է խմելու ջրի սղությունը, գյուղացիները խոսել են նաև ճանապարհների ասֆալտապատման, գյուղտեխնիկայի կարիքների մասին։

Սվարանցի երիտասարդ վարչական ղեկավարին մարզպետն առաջարկել է գյուղի զարգացման ծրագիր մշակելու համար բոլորի հետ քննարկել ու պարզել, թե ինչ նորարարական ուղղություններ կարելի է ընտրել՝ գյուղն ակտիվացնելու համար։

Տանձատափում ու Քաշունիում ևս մարզպետը լսել է գյուղացիների խնդիրներն ու առաջարկները։
Այսօր Ռոբերտ Ղուկասյանը կայցելի Շինուհայր։




