
Սիրիայում երկրաշարժից հետո հաստատվել է 4574 մարդու մահ:Թուրքիայի Արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի վերջին տվյալներով զոհերի թիվը երկրում մոտենում է 32 հազարի: Աղետի գոտուց տարհանվել է 147 934 մարդ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը խոսել է այդ երկրների՝ աղետի գոտու հայկական համայնքներից հնարավոր հայրենադարձության միտումների մասին։ Նրա կարծիքով՝ հայերնադարձությունն այլընտրանք չունի Հայաստանի զարգացման, առաջընթացի համար։ Հովհաննես Ալեքսանյանը խոսել է այդ ուղղությամբ կատարվող քայլերի, ծրագրերի մասին։
Վերջին տարիներին նկատելի են հայրենադարձության միտումներ տարբեր երկրներից։ 2022 թվականին մեծ թիվ են կազմել ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողները։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը փաստում է՝ անցած տարի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ավելի քան 25 հազար մարդ է դիմել։ Այդ ցուցանիշը1991 թվականից ի վեր ամենամեծն է։ Ընդհանուր առմամբ՝ վերջին 3-4 տարում աշխարհի 40-45 երկրից դիմել են ՀՀ քաղաքացի դառնալու համար։ Դիմողների մեծ մասը Հայաստանուм մշտական բնակություն է հաստատել։ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։
«Հայրենադարձությունը պայմանավորված է մի շարք գործոններով, բայց պետք չէ այն քաղաքականեցնել, քանի որ հաճախ նշում են, որ դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով կամ սիրիական հակամարտությամբ։ Հայրենադարձության լավագույն փորձ ունեցող երկրները միշտ փորձում են օգտագործել ճգնաժամային իրավիճակները, որոնք թույլ են տալիս ակտիվորեն խթանել հայրենադարձությունը կամ կազմակերպել դա սկզբից մինչև վերջ»,-ասում է Հովհաննես Ալեքսանյանը։
Հայրենադարձվող քաղաքացիներն, ըստ Ալեքսանյանի, միայն կացության հարց չեն բարձրացնում, նրանք գրասենյակ են դիմում երեխաներին մանկապարտեզ տեղավորելու, առողջապահական խնդիրներով, մաքսակետերով իրեր տեղեփոխելու հարցերով․
«Շատերը համոզված են, որ միայն քաղաքացիության ձեռք բերումը բավարար չէ։ Իհարկե, այդպես է, բայց սա առաջին ու ամենակարևոր քայլն է հայրենադարձության ճանապարհին, և չպետք է մոռանանք, որ շատ երկրներ, որ հայրենադարձության քաղաքականություն են տանում, շատ մեծ գումարներ են ծախսում, ընդ որում՝ Հայաստանի պետական բյուջեից ավելի մեծ գումարներ և, հաշվի առնելով մեր սեղմ միջոցները, որ ներդնում ենք այդ ուղղությամբ, արդյունքներն անհամեմատելի են։ Համոզված եմ, որ հայրենադարձությունն այլընտրաքն չունի մեր պետության զարգացման, մեր առաջընթացի համար։ Այս ուղղությամբ ծախսված ցանկացած գումար արդյունավետ է, և պետական ծրագրերն այս ուղղությամբ պետք է ավելանան»։
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը միգրացիոն հոսքերի մասին է նշում և շեշտում է այն, որ նախորդ տարի Հայաստան եկողների մեծ մասը չմնաց երկրում՝ անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով։
«Նախորդ տարի ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված հոսքեր ունեցանք, բայց նրանք չմնացին մեր երկրում։ Շատ հնարավոր է որ հոսը նվազի կամ ընդհատվի և իրավիճակը վերադառնա հին հունին, երբ ունեինք միգրացիոն արտահոսք»,-ասում է ժողովրդագիրը։
Սակայն, ըստ Եգանյանի, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է փոխել իրադրությունը և կրկին ավելանան միգրացիոն հոսքերն ու հայրենադարձությունը։
Միայն 2023 թվականի հունվարին հայրենադարձության ու ինտեգրման հարցերով հանձնակատարի գրասենյակ է դիմել 300 մարդ։ Այդ ցուցանիշը համեմատելի չէ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Հովհաննես Ալեքսանյանը տեղեկացնում է, որ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակին կից «Հայրենադարձության ինտեգրման կենտրոն» է ստեղծվում, և մեկ պատուհանի սկզբունքով հնարավորություն կտրվի արձագանքել դիմումներին։ Ասում է, որ ամենից շատ դիմում են ՌԴ-ից և մերձավորարևելյան երկրներից։
Ռուսաստանից Հայաստան ժամանողները ավելի շատ ՏՏ ոլորտի մասնագետներ են, իսկ Մերձավոր Արևելքից ժամանողները հիմնականում ծառայությունների ոլորտում են ընդգրկվում՝ հյուրանոցային բիզնես, ռեստորաններ և այլն։
Այս պահին երկրաշարժի պատճառով Թուրքիայից ու Սիրիայից Հայաստան տեղափոխվել ցանկացող հայերի մասին խոսելը Ալեքսանյանը վաղ է համարում, իրավիճակը դեռ պետք է կայունանա, հետո կպարզվի վիճակը․
«Այս պահին ունենք հրապարակային մեկ դիմում՝ Զամբակչյան ընտանիքից։ Ընտանիքն Իսքենդերունի շրջանում կորցրել է իր տունը։ Այլ դիմումներ չեն եղել։ Զամաբակչյանների որդին՝ Կարապետը, ՀՀ քաղաքացի է, բայց ծնողները՝ Հարությունը և Մարին՝ ոչ, մեկը Թուրքիայի, մեկն էլ Սիրիայի քաղաքացի է, և փաստաթղթեր այս պահին չունեն։ Իրավիճակի կարգավորումից հետո նոր պարզ կլինեն թե դիմումները, թե վերադարձի դեպքերը»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում թեժ գիծ է գործում, որի միջոցով Թուրքիայի և Սիրիայի մեր հայրենակիցները դիմում են իրենց հուզող հարցերով, «Ռադիոլուրին» տեղեկացրեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը․
«Զանգերը փաստաթղթերի վերականգնման հարցերով են։ Ամենայն հավանականությամբ երկրաշարժից հետո կորցրել են փաստաթղթերը և ցանկանում էին հասկանալ, թե ինչպես կարող են վերականգնել։Եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են ճշտել զոհի ինքնությունը, հասկանալու համար, թե ինրենց ազգականներից կամ հարազատներից կան ցուցակում, թե ոչ։ Եղել են դեպքեր, երբ փորձել են տեղում աջակցություն ստանալ կացարանով ապահովելու, և Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը աջակցություն է տրամադրել»։
Նախնական տվյալներով՝ երկրաշարժից Սիրիայում երկու, Թուրքիայում տասնմեկ հայ է մահացել։
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ փաստաթղթերը կորցրած ՀՀ քաղաքացիները ԱԳՆ-ի միջոցով կարող են մեկ օրում ստանալ վերադարձի թուղթ։ Իսկ փաստաթղթերը կորցրած օտարերկրյա քաղաքացիներին որոշակի փաստաթուղթ է պետք ելքի թույլտվություն ստանալու և Հայաստանի սահման հասնելու համար։





