
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հունվարի 23-ին կառավարությունը հավանություն է տվել կրթության և գիտության նախարարության առաջարկած «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին: Նախատեսվում է պետպատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողներին այսուհետ տարկետում տրամադրել գրավի պայմանով: Գրավի չափը 8.5 միլիոն դրամ է: Մեդիա կենտրոնում կառավարության օրենսդրական առաջարկն այսօր քննարկել են ԿԳՆ ներկայացուցիչը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավարն ու փորձագետը:
Արտերկրի բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կառավարությունը փորձել է կանոկարագել դեռ 2002 թվականի օգոստոսին ընդունված որոշմամբ: Ըստ դրա՝ անձնական նախաձեռնությամբ դրսում սովորելու մեկնորղներին տարկետման իրավունքը տրվում էր 8,5 մլն դրամ գրավի պայմանով: Այժմ կառավարությունը փոփոխություն է մշակել «Զինապարտության մասին» օրենքում և առաջարկում է նույն կարգը տարածել նաև պետպատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով այլ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ սովորելու մեկնողների վրա։
ԿԳՆ արտաքին կապերի և Սփյուռքի վարչության պետ ՏիգրանՍահակյանն ասում է, որ փոփոխությունն առաջարկվում է վերջին 3 տարիների իրավիճակի ուսումնասիրության արդյունքում: Տարկետման իրավունքըը, ըստ ԿԳՆ ներկայացուցչի, վերջին տարիներին չարաշահվել է: «Մենք փորձում են հնարավորինս փակել բոլոր այն սողանցքերը, որոնցով մարդիկ փորձում են խուսափել զինծառայությունից: Նաև մեր քաղաքականությունը միտված է նրան, որ մարդու կրթություն ստանալը չպետք է պայմանավորված լինի բանակից խուսափելով»։
ԿԳՆ-ն տարեկան մոտ 200 ուսանող է գործուղում արտերկիր: Տիգրան Սահակյանն ասում է, որ նրանց մոտ 80 տոկսոն արական սեռի ներկայացուցիչներ են: Նրանց մի մասն օտարերկրյա բուհերում ուսում ստանալը դիտարկում է որպես պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն: Կրթության և գիտության նախարարությունը փորձում է այնպես անել, որ սովորելու մեկնեն միայն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է:
Սրանով խնդիրը ոչ թե լուծում եք, այլ ավելի սրում, հակադարձում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը: Նա համոզված է, որ փոփոխությամբ անհավասարությունը չի վերացվում, կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական. «Այսինքն, էստեղ էլ է օլիգարխացվում»։
Աշոտ Բլեյանն այս հարցում արմատական մոտեցում ունի. կարծում է, որ սովորելու համար տարկետում ստանալու իրավունքն ընդհանրապես պետք է վերացնել։ Երիտասարդը դպրոցն ավարտելուց հետո նախ պետք է ծառայի բանակում, հետո արդեն սովորի որտեղ և ինչպես ուզում է։ Բլեյանը համոզված է, որ խտրական մոտեցումը հենց տարկետման հնարավորության մեջ է։
Ելնելով այս տրամաբանությունից՝ Բլեյանն ավելորդ է համարում այն հարցի քննարկումը, թե արդյո՞ք ողջամիտ է 8.5 միլիոն գրավի պայմանը: Փոխարենը կրթության ոլորտի ներկայացուցիչը, պատմականգիտություններիթեկնածու Հովհաննես Հովհաննիսյանն այն ողջամիտ չի համարում։
«Արտերկրում սովորել ցանկացողները, մանավանդ՝ միջպետական ծրագրերով, պետք է հասկանան, որ այդ ուսումը ձրի չէ ու բավական մեծ ծախսեր է ենթադրում: 8.5 մլն դրամը պետության կողմից իրականացվող ծախսն է»,- ասում է կառավարության ներկայացուցիչը։




