
«Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար ինքնասիրության, իսկ Ղարաբաղի հայերի համար կյանքի ու մահվան հարց է»,- Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարել է Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր Սթիվեն Փաունդը։ Ըստ նրա՝ դժվար է հասկակալ եւ գործնականում անհնար է գնահատել Լեռնային Ղարաբաղում 1988-94 թթ. ծավալված պատերազմի ողջ սարսափը»։
Խոսելով հակամարտության ներկա վիճակի մասին՝ նա նշել է, որ միայն 2013- ին շփման գծում զոհվել է 20 զինվոր՝ հակառակ զինադադարի համաձայնագրին։ «Մենք վճռական դեր ունենք խաղալու։ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ առեւտրի ծավալը շատ մեծ չէ, 10- ից պակաս բրիտանական ընկերություններ են գործունեություն ծավալում Հայաստանում։ Անցյալ տարի մենք Հայաստանին որպես օգնություն տրամարդել ենք 882 հազար ֆունտ ստեռլինգ։ Ես գնահատում եմ Երեւանում մեր դեսպանների՝ Քեթի Լիչի եւ Ջոնաթան Էյվսի աշխատանքը, որոնք ջանասիրաբար աշխատում են՝ առաջ մղելու բրիտանական առեւտրային հետաքրքրություններն այս տարածքում։ Սակայն մենք կարող ենք շատ ավելին անել։ Դրան հակառակ՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանին տրամադրվել է 1 մլն 335 հազ ֆունտ ստեռլինգ եւ մենք շատ սերտ առեւտրային հարաբերություններ ունենք։ ՄԹ- ն Ադրբեջանի 15- րդ առեւտրային գործընկերն է եւ չի կարելի թերագնահատել «Բրիթիշ Փեթրոլիումի» դերը նավթի արդյունահանման, մշակման եւ իրացման գործում»,- ասել է նա։
Պատգամավորը նաեւ հիշեցրել է, որ «մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին եւ, եթե կա մի ժամանակ, որ այս պալատը աջակցությամբ, ընկերակցությամբ նայի Հայաստանին, դա հենց այդ տարելիցի նախօրյակն է»,- հայտարարել է Փաունդը։
Պատգամավորը նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցի Համայնքների պալատում ցանկացած քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ գերադասել են այն անվանել «այսպես կոչված», հայտարարել է, որ դա ամոթ է։ «Ամոթ է, որովհետեւ կարծում եմ, որ եթե կա մի բան, ինչի շուրջ Համայնքների պալատը կարող է համաձայնության գալ, այն է, որ Անատոլիայում, Վանում եւ այն տարածքում, որ այն ժամանակ կոչվել է Արեւմտյան Հայաստանը, ահռելի չափսերի ցեղասպանություն է տեղի ունեցել»։
«Լավ չէ՞ր լինի արդյոք, եթե առաջարկեինք մեր աջակցությունը եւ առաջ մղեինք Մինսկի գործընթացը այս զարհուրելի ցեղասպանության հիշատակման օրերին»,- հարց է տվել պատգամավոր Փաունդը։ «Ես հայ չեմ, ադրբեջանցի չեմ, ոչ մի կաթիլ այդ ազգերի արյունից իմ երակներով չի հուսում, բայց չեմ կարող չնշել, որ այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք, եղել է անցյալում։ Բայց դա անցյալ է, որ դեռ արձագանքում է»։
Իր հերթին արտաքին գործերի եւ համագործակցության հարցերի փոխնախարար Մարկ Սիմոնդսը ընդգծել է, որ խնդրի երկարատեւ լուծում գտնելը կենսականա նշանակություն կունենա տարածաշրջանի համար։ «Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում եւ հայ- ադրբեջանական սահմանում զինադադարի շարունակվող խախտումներով։ Հունվարին եւ փետրվարին հաղորդումներ են եղել զինադադարի աճող խախտումների մասին։ Մենք ուրախ էինք, որ երկու երկրների նախագահները հանձն առան պահպանել հրադադարը Օլիմպիական խաղերի ժամանակ։ Քանի դեռ շարունակվում են գործողությունները, միշտ կա իրավիճակի սրացման վտանգ, լինի դա միտումնավոր, թե՝ ոչ։ Կոչ ենք անում կողմերին դրսեւորել զսպվածություն եւ խուսափել սադրանքներից»,- հայտարարել է փոխնախարարը։




