
«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2020թ. պատերազմից հետո։ Նպատակն է համախմբել մարդկանց զենքի մշակույթի և զինագործության զարգացման շուրջ՝ հանուն ինքնիշխան հայկական պետականության շարունակականության և հզորացման։ Կազմակերպության տարեկան համագումարի ընթացքում ամփոփվել են 2022 -ին կատարված աշխատանքները, ներկայացվել է առաջիկա 5 տարվա ռազմավարությունը, նաև ընտրվել է կազմակերպության խորհրդի նոր կազմը։
Ուտիք նահանգի Բանանց գյուղի զինագործները 19-րդ դարում մի թուր են պատրաստել, որը 21-րդ դարում Երևանում անցկացվող համագումարի խորհրդանիշ է։ Կիրառությունից դուրս մնացած զենքը զինվելու անհրաժեշտությունը շրջանառության մեջ դնելու առաքելություն ունի։ «Ազատազէնի» խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանի խոսքով՝ պատերազմող երկրում չի կարող միայն մեկ քաղաքացիական հրաձգարան լինել։ Այս տարի նախատեսում են հրաձգարաններ բացել մարզերում։
«Երկու տարբերակ կա տարածվելու․ մեկը, որ մարզերում ինչ-որ թիմեր որոշեն աշխատանքը սկսել, ու մենք աջակցենք, մի քանի թիմի հետ հենց հիմա ընթացքի մեջ ենք, կամ գնանք, մի նոր տեղ գտնենք և հրաձգարան բացենք: Մեծ հույս կա, որ մյուս տարվա համագումարին երկրորդ կամ ավելի հրաձգարանների մասին ենք պատմելու»։

2022-ին «Ազատազէն» կազմակերպությունը զենքի կիրառման և հրաձգության մինիմալ գիտելիքներ է փոխանցել հիսուն հազար մարդու, մասնակցություն է ունեցել զենքի օրենքի փոփոխության գործընթացին, ստեղծել դուստր ընկերություն, որը լիցենզավորվել է եւ գործում է որպես զենքի խանութ։ Իշխան Գևորգյան․
«Դուք չգիտեք, որ մենք զենքի խանութ ունենք, որովհետև դեռ ոչ մի վաճառելու ապրանք չունենք։ Հայաստան զենք բերելը դժվար գործ է, եթե վաղը պատերազմ սկսվի ու օրինակ` որոշեք մեր դիպուկահարների թևին լավ զենքեր գնել, որովհետև այդքան շատ լավ զենքեր չունենք, այդ զենքերը անհրաժեշտ քանակով Հայաստանում չկան։ Մենք խանութը հիմնել ենք, որ ազատազէններին ավելի հասանելի դառնա ու ուղղակի այդ զենքը լինի։ Այդ խանութը պետք է 2023-ին կայանա»:
Կազմակերպություն նախատեսում է նաև ընդլայնել ծառայությունները, մասնավորապես, ստեղծել պրակտիկ հրաձգության տեղամաս, ավելացնել զինատեսակները, մշակել 1 շաբաթյա նախազորակոչային դասընթաց, կազմակերպել զենքով քայլարշավներ և ճամբարներ, կառուցել անօդաչուների օդանավակայան։ Իշխան Գևորգյան․

«Ինչպես Ազատազէնը կրակողների համար միանալու տեղ է եղել, ու իրար կողք կողքի ԱԱԾ-ի Ալֆայից է մի տղա կրակել , կողքին էլ մեկը՝ կյանքում առաջին անգամ, այդ նույն ձևով ուզում ենք անօդաչուների օդանավակայան ստեղծել , որԱԹՍ ստեղծող փորձառուները նորեկների հետ աշխատեն»։
Պրակտիկ հրաձգության տեղամասի աշխատանքներն այս պահին ընթանում են։ Իշխան Գևորգյան․
«Հենց հիմա, ովքեր սարում եղել են, տեսած կլինեն, որ տրակտոր է աշխատում, պրակտիկ հրաձգության տեղամաս ենք կառուցում։ Նույնիսկ մենք մինչ այսօր պատրաստվել ենք դիրքից կրակելուն։ Բայց մեր բոլորի պլաններում ինչ–որ մի բան ազատագրելը կա, ու դրա համար թարսի պես շարժվել է պետք։ Այդ հատվածը հենց շարժվելով մարզվելու համար է»։
Կազմակերպությունը մասնակցել և առաջիկայում էլ շարունակելու է մասնակցություն ունենալ օրենսդրական բարեփոխումներին։ Մանավորապես, ձգտելու է Հողային օրենսգրքում հրաձգարանների մասով հստակեցումների հասնել, նաև հրաձգարանների քանակի ավելացման հետ հրաձգարաններին ներկայացվող պահանջների և գործելու պայմանների փոփոխություններ մշակել։ Կազմակերպության տնօրեն Նաղաշ Բաղդասարյան.
«Որպես ռազմավարական ուղղություն՝ նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին աշխատել առնվազն 100 մասնավոր և պետական դպրոցների հետ, իրագործել ՆԶՊ դասընթացի կիրառական գործառնական պարապմունքեր «Ազատազէնի» հրաձգարանում կամ «Ազատազէնի» միջոցներով ստեղծել այդ ենթակառուցվածքները՝ դասընթացներն անցկացնելու համար։ Նախատեսում ենք 10 մասնավոր և պետական բուհերի հետ ինտենսիվ աշխատանք, որ ամեն ամիս ուսանողների որոշակի քանակ պարբերաբար այցելի մարզումների»։

Ռազմավարությամբ նախատեսում են հասնել մտածողության փոփոխության, համագործակցել պետական ատյանների հետ, զարգացնել համապարփակ պաշտպանության համակարգը, զինագործությունը և տեղական արտադրության սպառումը։ Թվային պատկերը հետևյալն է․ 2027-ին արդեն ստեղծվել 12 հրաձգարան, 3 զենքի խանութ, 2 ուսումնական կենտրոն։ Տարեկան մարզվում է 500 հազար մարդ, հրահանգիչների թիվը հասել է 150-ի։ Կազմակերպությունը մտադիր է զարգացնել զենքի մշակույթը, հասնել նրան, որ զենք չունենալն ամոթ համարվի։
«Նախատեսում են, որ հինգ տարի հետո կունենանք 30 հազար ազատազէն։ Ազատազէնը մարդ է, ով մարզված է, զինված է և պատրաստ է մարտական գործողության։ Այդ 30 հազար զինված և մարզված մարդիկ իրենք չեն լինելու Ազատազէնի ջոկատը, այդ մարդկանց մենք մարզում եք և պետությունը, ԶՈւ–ն օգտագործում է, ըստ իր անհրաժեշտության, ոչ թե մենք որոշելու ենք սեփական բանակ ստեղծել»։

Կազմակերպությունն իր ֆինանսական կայունությունն ապահովելու է ապրանքների վաճառքով, ծառայությունների մատուցման, անդամակցության և նվիրատվության միջոցով։
«Ազատազէնը» խնդիր է դրել Հայաստանում զենքի մշակույթը դարձնել կենցաղի մաս, ռազմարդյունավբերությունն այնքան զարգացնել, որ խաղաղություն պարտադրելու համար բավարար ներուժ լինի, իսկ պետությունն այնքան ուժեղանա, որ ինքը որոշի պատերազմի տեղն ու ժամը։





