ԿարևորՀասարակություն

ԱՆ նոր որոշումը կկարգավորի անվճար բուժօգնության դաշտը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարարությունը մշակել և ՀՀ կառավարությանն է ներկայացրել 2004 թվականին N318 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի` պետպատվերի շրջանակներում բուժօգնությունից այսուհետ կարող են օգտվել ավելի շատ մարդիկ և որոշումը կկարգավորի անվճար բուժօգնության դաշտը: Հիշեցնենք, որ 318 որոշումը կոչվում էր պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում, իսկ այժմ փոփոխված 1515 որոշումը անվճար և արտոնյալ բժշկական օգնության մասին է:

Կառավարության որոշման համաձայն`առողջապահության նախարարությունն արդեն հստակեցրել է այն խոցելի խմբերը, որոնք կառավարության որոշմամբ կարող են օգտվել անվճար բուժօգնությունից։ Նախկինում անվճար բուժօգնության արտոնություն սահմանող անապահովության միավորի շեմը հունվարի 1- ից 36- ից իջեցվել է 30- ի, ինչի արդյունքում պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ստացողների թիվն ավելացել է շուրջ 270 հազարով: Հստակեցվել են բուժօգնության և սպասարկման գների նոր մոտեցումները։ Ըստ այդմ՝ գները պետք է սահմանվեն առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի երակացությունների հիման վրա:

Սահմանվել են նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակները, այդ թվում՝ սրտի վիրահատության։ Այս վիրահատության համար նախարարության կողմից 6- 7 տարի որևէ փոխհատուցում չէր կատարվում, սակայն այժմ անվճար վիրահատվողների ցանկն ընդլայնվել է:

«36 և ավելի բալ ունեցող 110 մարդու ամբողջովին անվճար ենք իրականացնում: Մյուսը՝ սոցիալապես հատուկ խմբերում գտնվողներին պետության մասնակցությամբ փոխհատուցում ենք տալիս 365 հազար դրամ: Նոր սոցխմբեր են ավելացել` քաղծառայողներ, պետական ծառայողներ, զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, որոնք նույնպես օգտվում են սրտի վիրահատությունից անվճար: 0-ից 7 տարեկան երեխաներին, բնականաբար անվճար է և 7-ից 18 տարեկանները, որոնք գտնվուն են սոցիալապես անապահովների ցանկում նույնպես անվճար է»:

Առողջապահության և սոցիապ նախարարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և մարզպետների կողմից սահմանվել են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված անձանց բուժօգնության ուղեգրման նոր մոտեցումներ: Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շրջանակներում 0-ից 7 տարեկան երեխաների և’ ամբուլատոր, և’ հիվանդանոցային բուժօգնությունը ՀՀ-ում անվճար է: Սակայն պոլիկլինիկաներում հաճախ են երեխայի բուժման համար պահանջում այս կամ այն դեղը: Վահան Պողոսյանը շեշտեց, որ կա դեղերի հստակեցված ցանկ.«Կառավարության որոշմամբ` հաստատված է հիմնական դեղերի ցանկը, որը տեղադրված է մեր կայքում։ Շատ բազմազան ցանկ է»:

Քննարկման փուլում է ամբուլատոր պոլիկլինիկական ցանցում լաբորատոր գործիքային հետազոտության համար համավճար ներդնելը: Առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը հայտարարեց, որ լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտություններն անվճար են միայն բժշկի ցուցումով:
Սակայն լինում են դեպքեր նաև, երբ բժշկի ցուցումով նույնիսկ մինչև յոթ տարեկան երեխայի համար գումար են պահանջում: Ավելին՝ Արաբկիր բժշկական կենտրոնում ատամնաբուժական բաժանմունքում պատին փակցված է գնացուցակ, ինչն էլ զարմացրեց առողջապահության նախարարի տեղակալին:

Վահան Պողոսյանը վստահեցնում է, որ նախարարության կողմից յուրաքանչյուր տարի կազմվելու են բուժօգնության կազմակերպման չափորոշիչներ, որով էլ կկարգավորվի դաշտը:

Back to top button