
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության վարկանիշում Հայաստանը տարածաշրջանի ամենաազատ երկրներից է։ 180 երկրների շարքում Հայաստանը 78- րդ տեղում է։ Մեր հարեւան Վրաստանը գտնվում է վարկանիշի 84- րդ, Թուրքիան՝ 154, Ադրբեջանը՝ 160, Իրանը՝ 173 հորիզոնականում։ Սակայն Վրաստանն մեկ տարում իր դիրքը բարելավել է 17 կետով։
Մաքսային միության անդամներից Ռուսաստանը գտնվում է 148, Բելառուսը՝ 157, Ղազախստանը՝ 161 տեղում։ ԱՊՀ երկրներում Հայաստանից լավ միայն Մոլդովայի վարկանիշն է՝ 56- րդ տեղ։
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի բացահայտումները բացասական են ազդել Արեւմտյան երկրների վարկանիշերի վրա։ Մեծ Բրիտանիայի վարկանիշը նվազել է երեք հորիզոնականով՝ 33- րդ տեղ, ԱՄՆ- ը՝ 13 հորիզոնականով՝ 46- րդ տեղ։
2013 թվականի մամուլի համար ամենաազատ երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդները եւ Նորվեգիան։ Ազատ մամուլի երկրների ցանկը եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, որտեղ մամուլի ազատություն ուղղակի գոյություն չունի։




