
Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագիծը կառավարությունն արդեն հաստատել է։ Մինչև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելը, այն կանցնի նաև խորհրդարանական լսումների փուլով։ Մասնագիտական դաշտում առաջարկվող փոփոխությունները դրական են համարում, բայց նաև մի շարք ռիսկեր են մատնանշում՝ երիտասարդների զբաղվածության խնդրից մինչև գործադուլ կազմակերպելու սահմանափակված մեխանիզմներ։ Նախագծով արհմիություններին ու գործատուներին նոր գործիքակազմ է տրվում՝ արտադատական աշխատանքային վեճերի լուծման ինստիտուտը․ սա աշխատողի ու գործատուի միջև վեճերի կարգավորման փորձն է՝ մինչև դատարան հասնելը։
Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածներից 122–ում առաջարկվող փոփոխություններն անհատական աշխատանքային հարաբերություններն են կարգավորում, կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները դեռ պետք է կանոնակարգվեն, արձանագրում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։ Ընդհանուր առմամբ, նա առաջարկվող փոփոխություններից գոհ է, բայց բացեր տեսնում է։ Խոսքը, հատկապես, գործադուլ անելու մեխանիզմների սահմանափակված լինելու մասին է․
«Այս փաթեթով որոշակի փոփոխություններ եղել են։ Նախկինում գործադուլ կարող էին անել՝ ելնելով ձայների 2/3 –ի հնարավորությունից։ Այժմ հնարավորություն կտրվի 50+1 քանակի դեպքում։ Խնդիրն այն է, որ այս 50+1 չպետք է պակաս լինի ընդհանուր կազմակերպության աշխատողների 50 տոկոսից։ Գործադուլը արհմիության իրակաանցման բացառիկ իրավունքն է, ու եթե արհմիության անդամները քիչ լինեն, ապա 50+1 քանակն ավելի քիչ է լինելու։ Այս իմաստով պետք էր մի քիչ ազատականցնել գործադուլի իրավունքը»,– ասում է Էլեն Մանասերյանը։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախագծով արհմիություններին ու գործատուներին նոր գործիքակազմ է տրվում՝ ներդրվում է արտադատական աշխատանքային վեճերի լուծման ինստիտուտը։ Սա աշխատողի ու գործատուի միջև վեճերի կարգավորման փորձն է՝ մինչև դատարան հասնելը։
«Երբ հասավ դատարան, ծախս է արդեն, բավականին մեծ ժամանակի կորուստ։ Բացի այդ, ինչպիսի վճիռ էլ լինի, աշխատող գործատու հարաբերությունները արդեն չեն բարելավվում։ Հետևաբար այդ ինստիտուտի ներդրումը կունենա անվճար ու արագ խնդիրների լուծում, ինչպես նաև խնդրի լուծում ՝ առանց կոնֆլիկտի»,– պարզաբանում է փոխնախարարը։
Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում են կենսաթոշակային տարիքի աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու պայմանները: Ըստ գործող օրենսգրքի՝ գործատուն չի կարող թոշակառուին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված պայմանագրով: Փոփոխություններով առաջարկվում է գործատուին տալ այդ հնարավորությունը։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան․ «Եթե գործատուն ցանկանում է, որ տվյալ աշխատակիցը շարունակի իր մոտ աշխատել, իսկ աշխատողը ցանկություն ունի և ունակ է աշխատելու, խոչնդոտները փորձեցինք հանել։ Վստահ եմ՝ դա երկու կողմի համար էլ ավելի արդյունավետ կլինի»։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն այստեղ էլ է ռիսկ տեսնում։ Սյս դեպքում երիտասարդների զբաղվածության մասին է խոսքը․
«Մենք որքանո՞վ ենք այս փոփոխությամբ նպաստում երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանը։ Կան կենսաթոշակառուներ, որոնք աշխատում են, գործատուն պայմանագրերը լուծելու հիմքեր է փնտրում։ Մինչդեռ երիտասարդներ կան, որոնք ունեն այդ աշխատանքի կարիքը»։
Էլեն Մանասերյանն ընդգծում է՝ կողմ են, որ թոշակառուներն աշխատեն, բայց պետք է նաև փորձ արվի՝ պահել երիտասարդներին Հայաստանում։ Աշխատանքային պայմաններն ավելի հարմար պետք է լինեն նաև մանկահասակ երեխա ունեցող կանանց համար։ Եթե այժմ աշխատանքային ժամերն ավելի կարճ են մինչև 1 տարեկան երեխա ունեցող կանանց համար, ապա նախագծի ընդունման դեպքում կրճատված ժամաքանակով կարող են աշխատել նաև մինչև 2 տարեկան երեխա ունեցողները։ Այս խմբի համար մեկ այլ փոփոխություն էլ կա։
Նախատեսված է մինչև 1.5 տարեկան երեխա խնամող կանանց համար 3 ժամը մեկ կես ժամանոց ընդմիջումներ սահմանել։ Այս փոփոխության դեպքում մինչև երկու տարեկան երեխա ունեցողների համար նույն սկզբունքն է պահպանվելու։ Փորձ է արվում կանոնակարգել նաև հեռավար աշխատող–գործատու հարաբերությունները։ Նախագիծը, մինչ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելը, կանցնի նաև խորհրդարանական լսումների փուլով։




