
Տեսչական մարմնի որոշմամբ, Երևանի Խորենացի փողոցում գործող ոսկու շուկայի գործունեությունը դադարեցվել է։ Ստուգումներից, որոնք ավելի վաղ իրականացվել էին «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, պարզվել է, որ ինչպես «Մալաթիա» տոնավաճառում, այնպես էլ ոսկու շուկայում հակահրդեհային կանոնները չեն պահպանվում։
Ընկերությունում վստահ են՝ երկար փակված չեն մնա։ Մինչև օրվա վերջը (խոսքը փետրվարի 9-ի մասին է) բոլոր թերացումները շտկված կլինեն։ Եթե, իսկապես, բոլոր թերությունները վերացված լինեն, տեսչական մարմինը թույլ կտա տնտեսվարողին շարունակել գործունեությունը։
«Մալաթիա» տոնավաճառից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հերթական կանգառը ոսկու շուկան էր։ Մովսես Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի դռները փետրվարի 9-ին փակ էին։ Ստուգումները, որոնք ավելի վաղ իրականացվել էին «Վաղարշ և որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, պարզել են, որ ինչպես «Մալաթիա» տոնավաճառում, այնպես էլ ոսկու շուկայում հակահրդեհային կանոնները չեն պահպանվում։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում փետրվարի 6-ին արձանագրություն է կազմվել, և որոշվել է ամբողջությամբ դադարեցնել առևտրի կենտրոնի գործունեությունը։ Տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Ռադիլուրին» հայտնեց, որ շուկայում առկա թերությունների մասին տնտեսվարողը տեղեկացվել է դեռ 2021 թվականից․
«Տեսչական մարմինը 2021 թվականի օգոստոսի վերջին ստուգում էր իրականացրել, վարչական արձանագրություն էր կազմվել և կարգադրագիր տվել։ Կարգադրագրով ժամկետ էր սահմանվել մինչև 2022 թվականի հոկտեմբերի վերջը, և երեկ արդեն «Վաղարշ և որդիներ» կոնցեռնի տնօրինությունը ներկա է եղել տեսչական մարմնում, ծանոթացել են արձանագրությանը։ Փետրվարի 6-ին արձանագրությունն առձեռն տրվել է տնօրինությանը»։
Ոսկու շուկան երկար փակ չի մնա, համոզված են ընկերությունում։ Թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։ Նույնիսկ մինչև օրվա վերջը, ամենայն հավանականությամբ, կավարտեն, «Ռադիոլուրին» հայտնեց աշխատակցուհին, չցանկանալով, սակայն, ներկայանալ․
«Անվտանգության բոլոր համակարգերն արդեն տեղադրված են, ու այս պահին արդիականացման և ավելացման աշխատանքներ են տարվում մեզ մոտ։ Ըստ մեր կանխաեսումների՝ մինչև օրվա վերջը բոլոր աշխատանքներն ավարտված կլինեն։ Նման չնչին թերությունները գրեթե բոլորի մոտ էլ առկա են, ոչ միայն մեզ մոտ։ Հուսով ենք՝ ըմբռնումով կմոտենան»։
Եթե իսկապես բոլոր թերությունները վերացված լինեն, տեսչական մարմինը թույլ կտա տնտեսվարողին շարունակել գործունեությունը։ Մինչ այդ, սակայն, դեռ պետք է համոզվեն, որ հակահրդեհային բոլոր նորմերը առևտրի կենտրոնում պահպանվում են։
«Օրինակ՝ շենքերի միջանցքներում տեղակայված չէ հակածխային պաշտպանության համակարգ, տարհնաման ճանապարհները ազատ չեն, ապահովված չէ մարդկանց անարգել տեղաշարժը, էլեկտրական տնտեսությունը մոնտաժված չէ կանոններին համապատասխան, առևտրի կենտրոնի տարհանման ելքերը երկու մետր լայնությամբ ազատ անցում չունեն։ Տարհանման ճանապարհներն ու առաստաղը երեսպատված չեն չայրվող նյութերով։ Տիպիկ հրդեհային անվտանգության խախտումներ են, որոնց առկայությունը անմիջական սպառնալիք է»,-ասում է Տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։
Արդյոք հնարավո՞ր է նման կարճ ժամանակահատվածում այդ բոլոր խնդիրները վերացնել, ժամանակը ցույց կտա։ Նժարի մյուս կողմում էլ հասարակության թերահավատությունն է։ Շատերի համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչպես կարող էին «Մալաթիա» տոնավաճառի պես հսկայական տարածքում արձանագրված բազմաթիվ խնդիրները մի քանի օրում լուծել։ Տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետը անհիմն է համարում նման քննարկումները․
««Մալաթիա» տոնավաճառի դեպքում, երբ մենք տեսչական մարմնում հանդիպում ունեցանք տնօրինության և տնտեսվարողների հետ, տեսչական մարմնի ղեկավարի կողմից առաջնահերթության կարգով առանձնացվել էին այն հիմնական մի քանի կետերով խախտումները, որոնք պետք է շտկվեին։ Իհարկե, ամբողջությամբ շտկելու համար ժամանկ էր պետք, բայց առաջնային ու հրդեհային անվտանգության տեսանկյունից սպառնալիք հանդիսացող խնդիրները մեծ ծավալներով, նույնիսկ 24-ժամյա ռեժիմով շտկվել են տնօրինության կողմից։
Մնացած խնդիրները, որոնք էլինորմատիվ փաստաթղթերի պահանջներ են, կարգադրագիր է տրվել, ժամկետ սահմանվել, որ տնօրինությունը դրանք ընթացիկ շտկի։ Եթե սահմանված ժամկետներում այդ աշխատանքները չիրականացվեն, տեսչական մարմինը նորից գործունեության դադարեցման որոշում կկայացնի»։
Կա տեսակետ, որ եթե, օրինակ՝ «Մալաթիա» տոնավաճառին չթույլատրվեր մնացած թերացումները աշխատելուն զուգահեռ շտկել, տնտեսությունը դրա երկար փակված մնալուց միայն կտուժեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ համոզված է, որ եթե կառավարությունը շատ խիստ նորմեր սահմանի և կտրուկ քայլեր ձեռնարկի, Հայաստանի տնտեսության 30-40 տոկոսը ստիպված պետք է դադարի գործել։
«Մենք տոնավաճառներ ենք ժառանգել, որտեղ հակահրդեհային կանոնները խրոնիկ չեն պահպանվում։ Մեր մոտեցումն է, նախ՝ խելամիտ ստանդարտներ սահմանել և այդ ստանդարտները կիրառել խելամիտ ժամկետներում»,-ասել է վարչապետը փետրվարի 8-ին խարհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
Կառավարությունն, առանց այդ էլ, արդեն խստացրել է անվտանգային քաղաքականությունը։ Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի։ Թերությունների հայտնաբերմանն անմիջապես հաջորդում է գործունեությունը կասեցնելու որոշումը։




