ԿարևորՔաղաքական

Բաքվին պատասխանատվության ենթարկելու նոր բանաձև՝ Կոնգրեսում

Արդեն 60 օր փակ Լաչինի միջանցքն արգելափակելու գործում ջանքեր են գործադրում  ԱՄՆ կոնգրեսականները։ Ներկայացուցիչների պալատում բանաձևի նախագիծ է ներկայացվել, որով շեշտվում է Բաքվին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնն ու Բրեդ Շերմանը առաջարկում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու քայլեր մշակել  Արցախի շրջափակման, քաղաքացիական զրկանքների ու էթնիկ զտումների քաղաքականության համար։ Բարձրացնում են նաև  ադրբեջանական ագրեսիայից տուժող արցախահայերին ամերիկյան կայուն մարդասիրական օգնություն և զարգացման երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցը:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացվել, որով ընդհուպ նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Արցախը շրջափակելու համար։ Այն առաջարկում է ԱՄՆ վարչակազմին Լաչինի միջանցքը բացելու նպատակով մեծացնել ճնշումները Բաքվի նկատմամբ։

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծում շեշտվում է, որ ԱՄՆ–ն պետք է օգտագործի հասանելի բոլոր միջոցները, դիվանագիտական ջանքեր գործադրի Լաչինի  միջանցքը վերաբացելու համար, քանի դեռ առկա հումանիտար ճգնաժամը աղետի չի վերածվել։

Օրենսդիր մարմնում բանաձևն  ընդունվելու դեպքում  ԱՄՆ գործադիր մարմնին առաջարկվում է  դիմել միջազգային դատարաններ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար, ինչպես նաև համագործակցել միջազգային գործընկերների, ներառյալ Արցախի իշխանությունների հետ, Լաչինի միջանցքում միջազգային դիտորդներ տեղակայելու համար։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևի նախագիծը կարժանանա նախորդ  մյուս բոլոր օրինագծերի ճակատագրին։  Եթե անգամ ներկայացուցիչների պալատում բանաձև ընդունվի, այն գործողության չի վերածվի գործադիրի կողմից՝ կարծում է քաղաքագետը։  

«Օրենսդիր մարմինները հայամետ դիրքորոշումներ են որդեգրել շատ երկրներում ՝ Բելգիա, Ֆրանսիա և այլն։  Դրան հակառակ գործադիր մարմինները ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն կամ օրենսդիրի բանաձևերին ընթացք չեն տալիս դեռևս։ Կարծում եմ՝ մոտավոր նման մի բան էլ կլինի ԱՄՆ-ում։ Մեծ հավանականությամբ այդ օրինագիծը կարող է ընդունվել, կարող է դառնալ անգամ կոչ, բայց ԱՄՆ ադմինիստրացիան, ինչպես նախորդ դեպքերում, դժվար թե ընթացք տա դրան։ Այնուամենայնիվ, դրանք փոքր-փոքր, բայց քայլեր են Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որոնք կարող են օգտագործվել Բաքվի դեմ, եթե Ալիևը շարունակի այսպես մսխել  իր հաղթանակից հետո ստացած առավելությունը»։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատ  ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է նաև կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որով կդադարեցվի ԱՄՆ ցանկացած ռազմական աջակցության տրամադրում Ադրբեջանին։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով հազիվ թե Արևմուտքը փչացնի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հանուն ՀԱՊԿ անդամ Հայաստանի և ընդունի նման բանաձև։

«Կարծում եմ՝ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ, որովհետև փոքր է հավանականությունը, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն ուժեղացնելու նպատակով։ Ամեն դեպքում նման հայտարարությունները զուտ  քարոզչական առումով բավական օգտակար են, և եթե դրանց շարունակականությունը հաջողի ապահովել, ապա վաղ թե ուշ դա ինչ-որ ազդեցություն կունենա։ Կոնկրետ հիմա չեմ կարծում, թե ինչ-որ բան տեղի կունենա, որովհետև սա աշխարհաքաղաքական խնդիր է, և պետք է հարցը դիտարկել, թե որքանով է հավաքական Արևմուտքին ձեռնտու փչացնել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ հանուն ՀԱՊԿ անդամ Հայաստանի»։

Ազատության աջակցության ակտի 907 բանաձևում ուղղում կատարելու հարցը հաճախ է շոշափվում, սակայն կան լուրջ ու ծանրակշիռ հանգամանքներ, որ թույլ չեն տալիս  ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին  ռազմական աջակցության ցուցաբերումը։ Սա աշխարհաքաղաքական նշանակության հարց է՝ ասում է զրուցակիցս։

«907 բանաձևն ամեն անգամ Հայաստանին ու Ադրբեջանին վերաբերվող գործընթացներում շոշափվում է։ Ամեն դեպքում այն կկիրառվի մեկ դեպքում՝ երբ խնդիրը Իրանի հետ կապված լուծված կլինի, քանի որ Իրանի խնդիրը հնարավորություն չի տալիս ԱՄՆ-ին 907-րդ բանաձևն ամբողջությամբ կիրառել և արգելափակել ռազմական տեխնիկայի վաճառքը Ադրբեջանին կամ աջակցությունը»։

Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծով ոչ միայն առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այլ նաև  օգնության երկարաժամկետ աջակցության ծրագիր նախատեսել Բաքվի գործողություններից տուժող արցախահայերի համար։

Դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի և Բրեդ Շերմանի հեղինակած օրինագծի սկզբնական աջակիցների թիվը Ներկայացուցիչների պալատում արդեն հասնում է 65-ի։ Նրանց թվում ոչ միայն դեմոկրատ, այլ նաև հանրապետական օրենսդիրներ են:

Կարդացեք նաև

Back to top button