
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Բովանդակային առումով իմաստուն և պատգամ հաղորդող տոներ առաջիկայում կտոնի Հայ Առաքելական եկեղեցին` փետրվարի 13-ին` Տեառն ընդ առաջը, իսկ 15-ին` Սուրբ Սարգիսի տոնը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը նշում է, որ եկեղեցական տոները հնարավորություն են տալիս առավել մոտենալու մեր ազգային արմատներին: Հոգևորականը խորհուրդ է տվել տարբերել տոնի ծիսաարողական և ազգային մասերը` մատնանշելով աղի բլիթի ավանդույթը:
http://www.armradio.am/hy/?attachment_id=47184
Տեառն ընդ առաջը` Տրնդեզը, կարգվել է Երուսաղեմի առաջին եպիսկոպոսի կողմից և տոնը հրավեր է Տիրոջն ընդառաջ գնալու, զորանալու հավատքի մեջ և ապրել սիրով ու նվիրումով: Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամով` տոնը հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Տեառն ընդ առաջը խորհրդանշում է քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին:
Փետրվարի 13-ի երեկոյան լույսն օրհնվում է եկեղեցու կողմից և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներն այն տանում են տուն: Եկեղեցական տոները բացի ծիսաարարողականից ունեն նաև ազգային մաս: Տեառն ընդ առաջին ազգային տոնի բնորոշողը կրակ վառելն է։ Իսկ փետրվարի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնելու է Սուրբ Սարգիսի տոնը, որի ժամանակ եկեղեցի այցելող երիտասարդները հայցում են սրբի բարեխոսությունը: Իսկ այն, որ տոնի նախօրեին երիտասարդներն ուտում են աղի բլիթ՝ երազում իրենց սիրեցյալին տեսնելու ակնկալիքով, դա եկեղեցու հետ ամենևին կապ չունեցող ավանդույթ է, բարձրաձայնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը և խորհուրդ տալիս հավատը չկապել երազների և աղի բլիթի հետ:
Ժլատ մի’ եղիր սիրեցյալիդ գեղեցիկ խոսքեր շռայլելու հարցում, խորհուրդ է տալիս հոգևորականը և հորդորում ամեն ժամն ու օրը սիրած էակի համար վերածել տոնի: Վերջին տարիներին հայ հասարակության կյանք ներխուժած օտարամուտ այլևայլ տոները` Հելոուինն ու Վալենտինը, հոգևորականը կարծում է, բիզնես-կոմերցիոն միջոցառումներ են:




