ԿարևորՀասարակություն

«Հայակ 2014»-ը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունն այս տարի արդեն երրորդ անգամ կգնահատի և կարժևորի հայկական կինոարտադրանքը: 2014 թվականի մայիսի մեկին ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն: Լավագույն աշխատանքներն ու դրանց հեղիանկները կարժանանան ազգային կինոյի մրցանակին: Հայտերի ընդունման գործընթացը մեկարկել է փետրվարի 3-ից և կշարունակվի մինչև մարտի 10-ը:

«Հայակ 2014» թվով արդեն երրորդ ազգային կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2012 թվականին արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին և 2013-ին արտադրված ֆիլմերը՝ առանց ժանրային սահմանափակումների: Մրցութային հանձնաժողովն այս տարի ղեկավարում է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: «Հայակ 2014»-ը նույնպես կունենա 15 անվանակարգ: Այս առումով նորամուծություններ չկան, բայց կան որոշ փոփոխություններ, որոնց մասին այսօր խոսեց Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախագահ Գևորգ Գևորգյանը.«Փոխվել է ժյուրիի կազմը: Մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն այս տարի «Աֆինա Պալադա» ընկերությունների միությունն է ՝ ի դեմս միության նախագահ Հայկ Մաղաքելյանի»:

«Աֆինա Պալադա» ընկերության ներկայացուցիչ, ինչպես նաև մոսկովյան «Հայ TV» հեռուստաընկերության տնօրեն Համլետ Ղուշչյանն այսօր նշեց, որ «Հայակն» իսկապես համահայկական միջոցառում է, որի գլխավոր հովանավոր դառնալը և հաճելի էր, և անսպասելի: Նրա վստահեցմամաբ՝ հայկական ազգային կինոմրցանակաբաշխությունը լայնորեն կլուսաբանվի ռուսալեզու առաջին հայկական հեռուստաընկերության կողմից:

Մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի որոշմամբ՝ «Հայակ 2014»-ը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի կապակցությամբ և սահմանվելու է Փարաջանովի անվան «Հայակ» հատուկ մրցանակը: Բացի այդ, առաջին անգամ կսահմանվեն ևս երկու նոր հատուկ մրցանակներ՝ Ռուբեն Մամուլյանի անվան մրցանակ՝ կինոյում ունեցած վաստակի համար և Համո Բեկնազարյանի անվան մրցանակ՝ հայկական կինոյում ունեցած ներդրման համար: Հավելենք, որ հայտերի ընդունման փետրվարի 3-ից մեկնարկած գործընթացը կշարունակվի մինչև մարտի 10-ը: Գևորգ Գևորգյանի տեղեկացմամբ՝ բոլոր ֆիլմերը նախապես կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում:

Back to top button