Չեք կարող ջնջել մեզ. Շերը և Էրիկ Էսրաիլյանը աշխարհի ուշադրությունը հրավիրում են Արցախի շրջափակման վրա
Հայկական արմատներով ամերիկացի հանրահայտ երգչուհի Շերը (Շերիլին Սարգիսյան) և բժիշկ, «Էմմի» մրցանակի առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռնարկատեր Էրիկ Էսրաիլյանը կոչ են անում Միացյալ Նահանգների քաղաքական առաջնորդներին և աշխարհում արդարության համար պայքար մղող մարդկանց՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։
«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը զրկել է սննդի ու կյանքի համար կարևոր միջոցների մատակարարման հնարավորությունից։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում 120 հազար մարդու կյանք վտանգված է, և աշխարհը պարտավոր է ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին ու փրկել կյանքեր: Էթնիկ զտումների այս արշավը և մշակույթը ջնջելու լկտի փորձերը բարբարոսություն են»,- Newsweek-ում հրապարակված հոդվածում գրում են Շերը և Էսրաիլյանը:
Նրանք նշում են, որ պատերազմն Ուկրաինայում և աշխարհի ջանքերը՝ սահմանափակելու ռուսական նավթի և գազի գնումը, ավելի են քաջալերել Ադրբեջանին: Նաև հիշեցնում են, որ Ադրբեջանն ունի մարդու իրավունքների և ազատության ամենավատ ցուցանիշներից մեկն աշխարհում:
«Արցախը և Հայաստանը՝ տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հարմարավետության կամ որևէ մեկի քաղաքական շահերի համար»,- գրում են հեղինակները։
Շերն ու Էսրաիլյանը նաև աշխարհի ուշադրությունն են հրավիրում հայկական կրոնական ժառանգության ոչնչացմանը:
Ամերիկահայ աստղերը բոլորին խնդրում են ուշադրություն դարձնել «բռնապետական ռեժիմներին, որոնք անպատիժ կերպով հարձակվում են հայերի վրա»:
«Շարունակելու ենք կիսվել մեր պատմություններով՝ օգնելու մեր հայրենիքում ապրող եղբայրներին ու քույրերին և աջակցելու մեր սուրբ կառույցների պաշտպանությանը: Խնդրում ենք Միացյալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին և արդարության ու պարկեշտության համար պայքարող բոլոր մարդկանց բոյկոտել և պատժել այս մարդասպան ռեժիմներին, դադարեցնել ֆինանսական հոսքերը և ավելի հետևողական լինել, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը»,- եզրափակում են նրանք: