
Բանակաշինություն, ինքնիշխանություն, ապաշրջափակում․ սրանք, ըստ Լեզվի կոմիտեի ուսումնասիրության, 2022–ի ամենահայտնի բառերն են։ «Տարվա բառ» է ճանաչվել, սակայն, բոլորովին նոր, նույնիսկ բառարանային գրանցում չունեցող մի բառ։ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը մանրամասնում է՝ «Տարվա բառ» առցանց քվեարկությամբ առավելագույն ձայները հավաքել է «գիտարբուք» բառը։
«Նոր բառ է, ինքնատիպ է և, որ ամենակարևորն է, առնչվում է գիտությանը։ «Գինարբուք» բառի նմանությամբ ստեղծված բառ է, բառարանային գրանցում չունի, շատ հաճախ գործածվող չէ։ Հատկապես գիտական միջավայրում, երբ մարդիկ հավաքվում են, ինչ-որ բան են քննարկում, ընթացքում նաև ինչ-որ բան են խմում, այդ երևույթի անունը դրել են «գիտարբուք»»,-ասում է Դավիթ Գյուրջինյանը։
Երկու տարի անընդմեջ Լեզվի կոմիտեն անցնող տարին ամփոփում է նաև բառերով․ դրանք կամ նոր, կամ տարվա իրողությունները լավագույնս արտահայտող բառեր են։ 2021-ին, օրինակ՝ հաղթող էին ճանաչվել «առաջնագիծ», «ապատեղեկատվություն», «պատվաստանյութ» ու «հայաստանակենտրոն» բառերը։
«Սա խորհրդանշական մի միջոցառում է, որը սրում է հասարակության ուշադրությունը հայերենի բառապաշարի կամ հայերենի բառային կազմի նկատմամբ»,–ասում է Գյուրջինյանը։
Նա 2022 թվականը Լեզվի կոմիտեի գործունեության տեսանկյունից հաջողակ տարի է համարում,– «Արձանագրված արդյունքը նկատելի է․ փոխվել է վերաբերմունքը հայերենի նկատմամբ»։
Արձանագրված հիմնական խախտումները, ինչպես նախորդ տարիներին, մայրաքաղաքի արտաքին հարդարման և սպասարկման ոլորտներում են նկատվել։
«Շատերը չգիտեն կամ փորձում են ցույց տալ, որ նոր իմացան, որ գովազդային վահանակների վրա գրվածքները պետք է հայերեն լինեն։ Ընդ որում՝ հայերենը լինի կամ վերևում կամ ձախ կողմում, քանի որ մենք ձախից աջ ենք կարդում։ Մենք, իհարկե, բոլորին իրազեկում ենք, որ օրենքի պահանջը սա է, հետևանքները այսպիսին կարող են լինել, ուշադիր եղեք։ Գիտակից մարդիկ փոփոխություններ անում են, շտկում են, շատերն էլ սպասում են, միչև գործը հասնում է վարչական դատարան»,– իրավիճակն այսպես է ներկայացնում Լեզվի կոմիտեի նախագահը։
Դավիթ Գյուրջինյանը տարակուսում է․ հայ տնտեսավարողները իրենց խանութի, ծառայության կամ վարսավիրանոցի հաջողությունը, չգիտես ինչու, օտարալեզու անվան հետ են կապում։
«Ամրագրված պահանջն էլ, որ հայերեն պետք է լինի, երբեմն ձևական են կատարում․երկար–բարակ, խուճուճ անունները պարզապես տառադարձում են, ստացվում է՝ հայերեն է, բայց հայերեն չէ։ Սա մարդկանց ինքնագիտակցության պակասն է»։
Այս իրավախախտումների վերաբերյալ Լեզվի կոմիտեն 2022-ին վարչական դատարան է ներկայացրել շուրջ 4 տասնյակ հայցադիմում, նույնքան բողոք էլ ներկայացրել է վերաքննիչ դատարան։ Կոմիտեում առաջնային են համարում լեզվաքարոզչությունը․ պարբերաբար օտար բառերի հայերեն թարգմանություններով բառացանկեր են հրապարակում։ Դավիթ Գյուրջինյանը հույս ունի, որ դրանք ժամանակի հետ ավելի գործածելի կդառնան։ Նա շեշտում է՝ կյանքն այնքան արագ է զարգանում, որ լեզվաբանները հաճախ չեն հասցնում բառամթերքը թարմացնել։
«Հասարակությունը և՛ սվիններով, և՛ ջերմորեն, և՛ անտարբեր, մեզ փորձում է համոզել, որ դե գիտեք՝ ամբողջ աշխարհը այսպես է ասում, մենք՝ հայերս, պետք է անպայման տարբե՞ր լինենք։ Ես դրա պատասխանն ունեմ․ դա ամբողջ աշխարհը չէ, պարզապես մեր իմացած միջավայրերն են»,– նշում է Գյուրջինյանը։
Նա վստահեցնում է, որ կոմիտեի նպատակը ոչ թե տուգանք նշանակելն է, այլ լեզուն պահպանելը։ Այս նպատակով մշտադիտարկվում են նաև լրատվամիջոցները․ 2022–ին նրանց շուրջ 30 ամփոփագիր են ուղարկել։






