
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար:
Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խարխլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները:
Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրացրել Է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը»։
Ռիա Նովոստին, անդրադառնալով այս հեռախոսազրուցին, գրում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը, ինչի կապակցությամբ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու համար քաղաքացիական տրանսպորտի անխափան տեղաշարժն այս ուղղությամբ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը նյունպես կոչ է արել ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բաքուն տեղի ունեցողը որակում է քաղաքացիական ակտիվիստների և բնապահպանների բողոքի ակցիա՝ ընդդեմ «հայկական կողմի անօրինական գործունեության»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի հարցը կարող է լուծվել մոտ ապագայում։ Նա նշել է, որ Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկել է հետևյալ մեխանիզմը. ռուս խաղաղապահները պետք է իրավասու լինեն եռակողմ համաձայնագրով վերահսկել երթևեկությունը Լաչինի միջանցքի երկայնքով, ներառյալ տրանսպորտային միջոցները՝ ստուգելու համար արգելված ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացակայության:




