
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսով այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել է անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել են դեսպան Ջոն Հեֆֆերնը և ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Ավելի ուշ ակցիային կմասնակցի նաև Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Անհատույց արյունատվությունը, ի տարբերություն Ամերիկայի, Հայաստանում դեռևս լայն տարածում չունի: Այսօր ՀՀ-ում կան շուրջ 20. հազար դոնորներ, որոնց հիմնական մասը հիվանդների հարազատներ են, իսկ անհատույց դոնորները քիչ թիվ են կազմում` մոտ 5 տոկոս: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ կենտրոնում առկա են բավարար քանակությամբ արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ են անհատույց դոնորներից հավաքագրված արյան քանակները, ուստի կենտրոնի նպատակն է հնարավորինս ավելացնել կամավոր դոնորների թիվը:
Լինում են նաև դեպքեր, որ հենց այս ակցիաների շնորհիվ փրկվում են հազարավոր երեխաների կյանքեր: Այսօր Արյունաբանական կենտրոնում այս ակցիայի արդյունքներին են սպասում հեմոֆիլեով հիվանդ երեխաները, որոնք արյան ներարկման կարիք ունեն և կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը հուսով է, որ այսօրվա ակցիան կօգնի այդ երեխաներին:
3-րդ կարգի բացասական արյուն ունեցող ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն էլ Ամերիկայում բազմիցս, սակայն Հայաստանում առաջին անգամ է արյուն հանձնում և գոտեպնդում մյուս դոնորներին, որ այն ցավոտ չէ:
«Կարծում եմ, որ այս ուղղությամբ միջոցներ պետք է ձեռնարկեն դպրոցները, դեսպանատները և այլ կազմակերպություններ: Արյունատվությունն Ամերիկայում շատ է ընդունված, մենք ուրախ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ: Ովքեր ցանկություն ունեն կազմակերպել անհատույց արյունատվության ակցիա, կարող են դիմել կենտրոնին»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բժիշկն Էլեն Դեմփսին էլ նշեց, որ մեր Արյունաբանական կենտրոնն իրեն հիշեցրել է ամերիկյան կենտրոնը` նույնն պայմաններով և տեխնիկական հագեցվածությամբ:
«Ամերիկայում 60-70-ական թվականներին իրավիճակը նույնն էր, ինչ որ Հայաստանում, երբ դոնորների գերակշիռ մասը վարձատրվում էին, սակայն մենք քայլեր ձեռնարկեցինք իրազեկելու ազգաբնակչությանը անհատույց արյունատվության կարևորության մասին, որ այն կարող է փրկել բազում մարդկային կյանքեր»:
Այս ակցիայի շրջանակներում հավաքագրված արյունն անվճար կտրամադրվի հիվանդ երեխաներին և կարիքավոր մեծահասկաներին:




