
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտում բռնկված հրդեհը հայկական բանակում դժբախտ պատահարների պատմության մեջ զոհերի ամենամեծ թիվը գրանցած դեպքն է։ Ողբերգական միջադեպը քննարկվում է տարբեր տեսանկյուններից՝ անվտանգության կանոնների պահպանումից մինչև համակարգային պատասխանատվության ինստիտուտ։ Նախորդ տարի հայկական ԶՈՒ-ում կրկին գրանցվել է հակահրդեհային կանոնների խախտման դեպք։ Այն ժամանակ ունեինք մեկ զոհ, այս ողբերգությունից հետո՝ 15–ը, ինչը, փորձագետների կարծիքով, տեղի ունեցածից հետևություններ չանելու ապացույց է։
Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտում տեղի ունեցածի առիթով առայժմ շրջանառվում է նախնական վարկածը, քննությունը շարունակվում է։ Մինչդեռ հանրության մեջ շրջանառվում են տարբեր վարկածներ՝ դիվերսիայից մինչև ԱԹՍ–ով հարված։ Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը միանգամից հերքում է այն վարկածները, որոնք հաստատում չեն ստացել։ Առաջին հերթին խոսում է ԱԹՍ-ով հարվածի մասին․
«ՀՀ տարածքում ԱԹՍ–ի որևէ տվյալ քննչական մարմինները, այդ թվում նաև դատախազությունը, չունեն։ Կարծում եմ, որ բացառված է, որովհետև ողջ մնացած զինծառայողներ կան, սպաներ կան և նրանց հետ զրույցները ուղղակի ցույց են տալիս տեղի ունեցածի իրողությունը, որ պայթյունային որևէ բան տեղի չի ունեցել»։
Ինչպե՞ս արագորեն ձևավորվեց և հանրությանը մատուցեց նախնական վարկածը, ըստ որի` հակահրդեհային կանոնների խախտմամբ վառարանի մեջ ավտոբենզին է լցվել, Էլիզբարյանը պարզաբանում է՝ դեպքից անմիջապես հետո՝ գիշերը ժամը 2–ի սահմաններում, մասնագետներն արդեն աշխատել են դեպքի վայրում։ N զորամասի դասակի հրամանատարն արդեն հստակեցրել է՝ այրված կացարանում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում:

«Դա ընդամենը վարկած է։ Վառարանը անընդհատ էլ վառ է եղել, ուղղակի, եթե այդ վարկածը վերցնենք, կրակը թեժացնելու համար է դա արվել, եթե վերցնենք էլի այդ վարկածը։ Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որ չեմ կարող բարձրաձայնել, որովհետև դա այդ դեպքը չէ։ Պետք է քննությունը մինչև վերջ տարվի ու մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»։
Զինդատախազը պնդում է, որ որևէ ուսադիր կամ պաշտոն չի կաշկանդի իրեն որևէ մեկին պատասխանատվության կանչելու համար։
Դեպքի վայրում դեռ չեն եղել ոչ պաշտպանության նախարարը, ոչ նրան տեղակալները, ոչ էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից որևէ մեկը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ պլանավորում է այցելել Ազատ գյուղ․
«Կիրակի օրը կլինեմ երկրորդ կորպուսում։ Երկուշաբթի օրը, կարծում եմ, ավելի հանգամանալի ասելիք կունենամ»։
Այլ հարցերի Քոչարյանը ԱԺ-ում չպատասխանեց, թեև մոտ մեկ ամիս առաջ պնդում էր, որ բանակն այսօր այնպես է կահավորվում, որ զինվորների կյանքեր փրկվեն։ Պաշտոնական մեկնաբանություն չկա նաև հարցին , թե ՊՆ հաշվեկշռից դուրս գտնվող գյուղական սովորական տունը, որը վարձակալությամբ էր տրված ԶՈՒ-ին, ինչու էր մոտ 2 տարի շահագործվում առանց տարրական պայմանների, առանց անվտանգային նորմերի և 2 տարի շարունակ համարվում ժամանակավոր կացարան։ Սրանք հարցերի մի մասն են, որոնք բարձրացնում են քաղհասարակության ներկայացուցիչները։ Խնդրի լուծում չեն համարում նաև միայն երեկ՝ դեպքից հետո, ՊՆ-ի արած այն պարզաբանումը,թե ժամանակավոր կացարանը շուտով փոխարինվելու էր իտալական մոդուլային տնակով։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը զարմանում է, թե ինչու զինվորական կացարանը չի ունեցել երկրորդ մուտքը կամ ելքը։ Իսկ եթե կրակի փոխարեն լինե՞ր հարձակում՝ հարցնում է ու միանգամից պատասխանում՝ կացարանը կվերածվեր ծուղակի հայ զինվորի համար։
«Փաստորեն, դա էլ ապահովված չի եղել։ Ես հասկանում եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո պետք է նոր կացարաններ լինեին, բայց պետք է արվեր։ Գիշեր–ցերեկ, օրնիբուն, հաշվի առնելով սահմանային իրավիճակը, ոչ թե հիմա գալ ասել, որ պայմաններ չեն եղել։ Բա որ պայմաններ չեն եղել ու այդ պայմանների համար պատասխանատուները, առաջին հերթին ԳՇ պետը՝ զինվորական ծառայության կազմակերպման թիվ 1 պատասխանատուն, երկրորդը քաղաքականությունն իրականացնող մարմնի ղեկավարը՝ պաշտպանության նախարարը ի՞նչ էին անում։ Ինձ հետաքրքի՞ր է՝ տեղյա՞կ է եղել։ Պետք է տեղյակ լիներ։ Մարդկանց զորակոչում ես, զինվորական ծառայության ես կանչում, դու չես կարող տեղյակ չլինես»։

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը առնվազն 6 խնդիր է առանձնացնում, որ արձանագրել են նախկինում տարբեր զորամասեր այցելելուց հետո։ Դրանց թվում են զորամասերի գերծանրաբեռնվածությունը, պատուհաններին խնդրահարույց ճաղավանդակների առկայությունը, ոչ կանոնադրական հարաբերությունները կամ վատ բարքերը, ոչ պատշաճ վերահսկողությունը, սպայի գերծանրաբեռնվածությունը, որ կատարում է տարբեր պաշտոնների պարտականություններ, տարբեր հարցերում գիտելիքների պակասը։
«Այս ամենով հանդերձ, թեկուզ ժամանակավոր կացարաններում պետք է պետությունը առավելագույնն անի, որպեսզի ոչ միայն նվազագույն կենսապահովման պայմաններն ապահովվեն, այլ նաև անվտանգության միջոցներն այնպիսին լինեն, որոնք մարդու կյանքի համար վտանգ չսպառնան կամ վտանգի պարագայում հնարավորինս չեզոքացվեն»։
Քաղհասարակության ներկայացուցիչները տարակուսում են՝ առանց քննության վերջնական եզրահանգումների ինչպե՞ս միանգամից որոշվեց, թե ովքեր են այն 9 պաշտոնյաները, որոնք պետք է պաշտոնանկ արվեն, իսկ քաղաքական պատասխանատվության դեպքում նշվում է, որ քննությունը պետք է ավարտվի։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պնդում է՝ պաշտոնանկությունները բավարար չեն։
«Առնվազն նմանատիպ աղմկահարույց միջադեպերի պարագայում ցանկացած ժողովրդավարական երկրում ամենա-ամենաբարձր մակարդակում են լինում պաշտոնանկություններ։ Եվ երբ դրանք չկան, ուրեմն մենք գործ ունենք համակարգային լուրջ բացթողումների և խնդիրների հետ»։
Պաշտոնական պարզաբանումների է սպասում նաև այն հարցը, որն առնչվում է Զինված ուժերի 2022-ի ֆինանսավորմանը։ Պետական հաշվետվություններից արդեն հայտնի է, որ նախորդ տարվա ընթացքում ՊՆ-ին հատկացված 360 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 170 միլիարդը։ Գումարի մնացած՝ ավելի մեծ մասը, վերադարձվել է բյուջե։




