Երևանի համատիրությունների կառավարումն առաջիկայում կփոխվի: Նոր օրենքով նախատեսվում է բազմաբնակարան շենքերի կառավարումն ու պահպանումը դնել պրոֆեսիոնալ հենքի վրա ։ Ենթադրվում է նաև, որ այդ կառույցների ծախսերն ավելի թափանցիկ կդառնան և աշխատանքի արդյունքը շոշափելի կլինի։ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2022-2024 թթ. ընթացքում կառավարությունը կսահմանի բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, նրանց վերապատրաստման և շենքերի կառավարմանը ներգրավելու կարգերը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականից: Գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է 3 եղանակով՝ համատիրություն, լիազորագրային կառավարում և հավատարմագրային կառավարում: «Ռադիոլուրի» հարցախույզը ցույց է տալիս, որ մայրաքաղաքի միայն բացառիկ համատիրություններում է, որ թե բնակիչները, թե համատիրության պատասխանատուները գոհ են համատեղ աշխատանքից։
Երևանի մոտ 5000 բազմաբնակարան շենքերը կառավարում են 260 համատիրությունները, 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս վճարում են, բայց միշտ չեն վստահ, որ ծախսերն արդյունավետ են։ Դժգոհությունները շատ են՝ համատիրության ղեկավարի հետ շփվում են միայն գումար մուծելիս։ Բայց, երբ կոնկրետ խնդիր պետք է լուծվի, պարզվում է՝ գումարներն արդեն սպառված են։ «Ռադիոլուրի» զրույցը մայրաքաղաքի բնակիչների հետ։
«Բնակվում եմ Նոր Նորքի 1-ին զանգվածում։ Ամեն ամիս պարտադիր գալիս, հավաքում են համատիրության գումարները։ 1200 դրամ երկու սենյականոցից են գանձում, 1500՝ 3 սենյականոցից, 1000 դրամ՝ 1 սենյականոց բնակարանից։ Թե հավաքված գումարի հետ ինչ է արվում, պատասխան չենք ստանում։ Պատուհաններին շենքի բնակիչներն են ցելոֆան կպցնում, որ ձմռանը ցուրտ չլինի։ Բակը ամռանը շենքի բնակիչներն են մաքրում, ձմռանը ոչ մի բան չի արվում»։
«Մալաթիա-Սեբաստիա։ Շենքի համար գրեթե ոչինչ չի արվում։ Երբ հարցնում, պահանջում ես, ասում են գումարները չեն վճարում բնակիչները։ Հիմա հաշվեհամար են տրամադրել, որ վճարենք հաշվեհամարին, բայց ժամանակ առ ժամանակ տեսուչները գալիս, ասում են՝ գումարը կորել է, կանխիկով տվեք։ Բայց եթե պետությունը հաշվեհամար է տրամադրում, սա ի՞նչ բան է»։
«Վերջերս ինձ վերևի հարևանը ջրել էր։ Մեծ վնաս էր հասցրել նոր վերանորոգած բնակարանիս։ Հարևանս չէր ուզում լիովին փոխհատուցել, դիմեցի համատիրություն։ Պատասխանեցին, որ ոչնչով չեն կարող օգնել։ Դուրս է գալիս, ով ում ուզի կարող է վնասել, ու ոչ մի փոխհատուցում չկա՞։ Այսօր էլ եկան գումար հավաքելու, հարցրեցի՝ իսկ իմ վճարած գումարները մինչև հիմա ինչի վրա են ծախսվել, համատիրության աշխատողը չկարողացավ պատասխանել, թե այդ գումարներն ուր են գնում»։
Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարը բնակչի համար պարտադիր է, չվճարելը կարող է դատարան հասցնել։ Բայց թե ինչի վրա են ծախսվում այդ գումարները, բնակիչները չեն էլ իմանում։ Այդ ամենից միայն անվստահություն և անորոշություն է առաջանում։ Շատերն էլ հենց այդ անորոշությունից ելնելով են դադարում վճարել համատիրությանը։ Թեև, ինչպես պարզեց մեր փոքրիկ հարցախույզը, վճարողը վճարում է, չվճարողը, չի վճարում։ Համատիրությունների ղեկավարներն էլ են այդ համոզմանը եկել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համատիրություններից մեկի նախագահ Սարգիս Սարգսյանի հետ եմ զրուցում։
«Համատիրության ցանկացած խնդիր բնակչի խնդիրն է, բայց ցավոք ոչ բոլորն են դա ընկալում։ Ավելի շատ բողոքավոր են այն բնակիչները, որոնք ընդհանրապես մասնակցություն չեն ունենում համատիրության հոգսերին, և խնդրի դեպքում, համատիրությանը դիմելու փոխարեն, ավելի վերադաս մարմնի են դիմում։ Մեր իրավիճակն ավելի բարդացավ, երբ կառավարությունը որոշեց, որ վճարումները պետք է կատարվեն անկանխիկ։ Քանի որ համատիրույթունը չունի լծակ, մյուս կոմունալ վճարները չմուծելու նման չի կարող անջատել ծառայությունը, բնակիչների մի մասը զլանում է մուծել»։
Փաստորեն ոչ միայն բնակիչներն են դժգոհ համատիրությունից, այլև համատիրության պատասխանատուներն են դժգոհում ոչ պարտաճանաչ վճարումներից։ Բայց , պարզվում է՝ այսպես ասենք՝ նախանձելի օրինակներ էլ կան։
« 16 բնակիչ ենք, բացել ենք Ալֆա համատիրությունը և 16 բնակչով այդ շենքը պահում ենք։ Մեր բախտը բերել է, մի ընտանիքի նման ենք։ Մենք մեր միջոցներով որոշում ենք՝ ինչ անել, միասին այդ աշխատանքն անում ենք։ Իմը ամենաբարիդրացիական հարաբերություններով համատիրությունն է»։
Բազմաբնակարան շենքերի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու բազմաթիվ փորձեր ենք մինչ օրս ունեցել։ Թերևս առաջին հաջող քայլը ֆինանսական մուտքերն անկանխիկ դարձնելն էր։ Միայն թե, ինչպես արդեն պարզեցինք, դա էլ իրեն ինչպես հարկն է չի արդարացնում։
Բնակիչների գոհ ու դժգոհ դիտարկումները քաղաքապետարանից արդեն խորհրդարան են հասել։ Այսուհետ ամեն ոք չի կարող համատիրություն ղեկավարել։ Եթե գործող օրենսդրությամբ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասով գիտելիքի, փորձառության և այլ պահանջներ սահմանված չեն, նոր օրենքով՝ բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեություն։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը վստահ է՝ նոր օրենքով շենքերի կառավարումն ու պահպանումը ավելի պրոֆեսիոնալ հենքի վրա կդրվի, ավելի թափանցիկ կդառնա և տեսանելի արդյունք կապահովի։
« Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները հիմնականում ձևավորվել են մեխանիկորեն, առանց ընթացակարգերի պահպանման, առանց գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջի սահմանման։ Եվ պարզ է, որ կառավարմանն առնչվող իրավական տեխնիկական , վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության պարագայում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացման»։
Ակնկալիքները նոր օրենքից մեծ են, արդյունքները, սակայն, ժամանակը ցույց կտա։ Քանի որ Երևանի բազմաբնակարան շենքերի կառավարման վերահսկողությունը քաղաքապետարանին է վերապահված, կառավարման արդյունավետության վերաբերյալ իր դիրքորոշումն ունի նաև քաղաքային իշխանությունը։ Բայց այն առայժմ չեն բարձրաձայնում։ Այդ մասին կխոսեն բոլոր առաջարկները ի մի բերելուց հետո։
Մինչ այդ հայտնի է միայն, որ նախատեսվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա 2022-2024 թթ. ընթացքում կառավարությունը կսահմանի բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգերը: Բացի այդ, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան՝ կմշակվեն և կկազմակերպվեն դասընթացներ: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականից:





