ԿարևորՔաղաքական

Բանակցային հետընթաց․ ԱՄՆ–ն փոխում է բանակցողին, Հայաստանը՝ հստակեցնում սպասելիքները միջնորդից

Հայաստան–Ադրբեջան բանակցությունների հետընթացի մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը և նշել, որ Վաշինգտոնը ցանկանում է վերականգնել կառուցողական երկխոսությունը։

Նախօրեին խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Երևանը դեռ չի ստացել Բաքվի պատասխանները «խաղաղության պայմանագրին» առնչվող հայկական առաջարկների վերաբերյալ։ Սա, ըստ Արարատ Միրզոյանի, արգելակել է փաստաթղթի շուրջ քննարկումը։  Խորհրդարանական ընդդիմությունն ավելացնում է ևս մի քանի գործոն, որոնք վկայում են բանակցությունների ձախողման մասին։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին ժամանակաշրջանում հետընթաց է տեսել՝ հայտարարում է կառույցի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։  

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին զրուցել է Հայաստանի վարչապետի հետ, իսկ առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի նախագահի հետ։ Արդյոք այսպիսով Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր բանակցություններ նախաձեռնե՞լ, թե՞ պարզապես շոշափում է կողմերի տրամադրությունները բանակցությունները շարունակելու հարցում՝ Փրայսը պատասխանել է․

«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար կլինի։ Անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան, որոնք քարտուղարը միջնորդեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք ցանկանում ենք վերականգնել կառուցողական երկխոսությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես գործընկերների հետ՝ երկկողմ ձևաչափով, ԵԱՀԿ-ի միջոցով կամ եթե և երբ դա տեղին է, եռակողմ ձևաչափով։ Ինչպես դա արել ենք անցյալում»։

ԱՄՆ–ի պետքարտուղարության մամուլի խոսնակը չի մանրամասնում, թե ինչ ձևաչափով են նախապատրաստվում բանակցությունները:

Մինչդեռ նախօրեին խորհրդարանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանը Ադրբեջանից չի ստացել «խաղաղության պայմանագրին» առնչվող՝ դեռ դեկտեմբերին Ադրբեջանին փոխանցված հայկական խմբագրական առաջարկների պատասխանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունն արդեն փոխադարձ մեղադրանքներ հնչեցրել է՝ Հայաստանին մեղադրելով 2022–ի տարեվերջին արտգործնախարարների եռակողմ հանդիպումը տապալելու մեջ։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ հենց այնտեղ պետք է շարունակվեր տեքստի համաձայնեցումը։ Բայց Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչն այդպես էլ չի ասել, թե ինչու ադրբեջանական կողմը չի պատասխանում Հայաստանի առաջարկներին։

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հաստատել էր, որ Բաքուն ստացել է Հայաստանի առաջարկները։ Նա ասել էր, որ հասցրել է մի փոքր ուսումնասիրել առաջարկները, սակայն գործընկերների հետ մանրամասն քննարկում չի եղել։ Ամեն դեպքում նշել էր, որ կա ընդհանուր պատկերացում փաստաթղթի վերաբերյալ։

Խաղաղության և բանակցային օրակարգը փակուղային է թվում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի տպավորությամբ՝ «խաղաղության պայմանագրի» երկու տարբերակներն էլ փակուղում են։

«Նախ՝ Փաշինյանը ինքն է ընդունել ԱԺ–ում, որ խաղաղության օրակարգը ձախողվել է։ Առկա է խաղաղության երկու բանակցություն։ Մեկով Արցախի վերաբերյալ հիշատակում չկա, մյուսում առկա է հիշատակում և առկա է ինքնորոշման հնարավորություն տարիներ անց։ Այո, ես խոսում եմ ռուսական առաջարկի մասին։ Աբսուրդ համար մեկ․ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել երկուսին էլ։ Երկու անկյունաքարային տարբերություն ունեցող պայմանագրի պայմաններում, ինչպե՞ս կարելի է երկուսին էլ համաձայնել, ո՞ր տրամաբանությամբ։ Ձեր մտքով կանցնե՞ր ռուսական տարբերակի պատասխան առաջարկները փոխանցել Վաշինգտոնում տվյալ աշխարհաքաղաքական իրադրության ժամանակ։ Պաշտոնական Երևանը ռուսական տարբերակի առաջարկի պատասխանները Վաշինգտոնում է փոխանցում»։  

Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկումից ստացվող ազդակները, ըստ ընդդիմադիր գործչի, նույնպես մտահոգիչ եզրակացությունների տեղիք են տալիս․

«Հայաստանի իշխանությունները դադարել են խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի, երեք հիմնարար սկզբունքների, Հելսինկյան ակտում նշված սկզբունքների մասին, բայց շրջանառվող բանաձևում դա հստակ նշվում է՝ որպես հանգուցալուծման հիմնարար տարբերակներից մեկը։ Ուստի հերթական անգամ միջազգային հանրությունը մեկ քայլ առաջ է արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից իր խոսույթով, քան ՀՀ իշխանությունները։ Ինչքան ուզում է հիմա խոսեն, որ միջազգային հանրությունը նշաձող է ուզում իջեցնել և այլն, և այլն, բայց այն, ինչ հիմա գրված է Եվրոպական Խորհրդարանի բանաձևի մեջ այ դա է միջազգային հանրության մոտեցումները։ Հիմա թող իրենք պատասխանեն՝ դա մեկ քայլ առա՞ջ է, մեկ քայլ հե՞տ է, նշաձող իջեցնե՞լ է, թե՞ ինչ է»։  

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համար ընդունելի չէ բանաձևը, ըստ որի՝ խաղաղությունը ընկալվում է որպես անվտանգության երաշխիք։ Այն  հիմնարար արժեք է, իսկ երաշխիքը պետք է ռեալ լինի, ասում է Օհանյանը՝ առաջարկելով, այսպես ասած, գետնի վրա տեսնել թե ինչ երաշխիքներ կան։ Ներկա պայմաններում որպես կայունության ամրապնդող կամ երաշխավոր ընկալվում է ԵՄ քաղաղացիական դիտորդական առաքելությունը, սակայն, Օհանյանի կարծիքով՝ դա լավագույն ընտրությունը չէր․

«Հայաստանը բոլոր ուղղություններով պետք է աշխատի։ ԵՄ–ն մեր թշնամիները չեն, բայց ԵՄ–ն այս տարածաշրջանում խնդիրներ ունեն մեր ռազմավարական գործընկերների և հարևանների հետ։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Դիտորդական առաքելություններին, կարծում եմ, որ դեմ չպետք է լինենք, եթե այս իշխանությունները այդ ուղղությամբ կարողանում են համապատասխան աշխատանք տանել, բայց դիտորդական առաքելությունը միայն կարող է ֆիքսել որևէ իրադրության փոփոխություն, ներկայացնել եվրոպական հարթակին, իսկ եվրոպական հարթակը այստեղ այլ միջոցներ կիրառելու հնարավորություններ չունի»։  

Ընդդիմությունն այժմ քննադատում է իշխանությանը ՀԱՊԿ մոնիտորինգից և առաջարկած տեխնիկական աջակցությունից հրաժարվելու համար։ Մինչդեռ իշխանությունը բոլոր մեղադրանքներին ի պատասխան վկայակոչում է որոշում կայացնելու համար իր համար առանցքային և առաջնային սկզբունքը։ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սարգիս Խանդանյանը խոսում է երաշխիքների մասին։

«Նախընտրությունների հարց չէ սա։ Հարց է, թե գործընթացը որքանով է արդյունավետ ընթանում և ամենակարևորը, թե միջնորդ կողմը որքանով է կարողանում երաշխավորել այդ պայմանագրի՝ կնքվելու պարագայում, կենսունակությունը։ Երաշխիքների մասին խոսելիս պետք չէ միանգամից մտածել, որ որևէ երկիր որևէ կերպ երաշխավորելու է իր ֆիզիկական կամ որևէ այլ ներկայությամբ այդ պայմանագրի գոյությունը։ Օրինակ, երաշխիք կարող է լինել զորքերի հետքաշումը, ապառազմականացումը սահմանի երկայնքով և այլն։ Կարևոր է, որ միջնորդը նպաստի, որպեսզի այս համաձայնությունները ձեռք բերվեն և մեր ակնկալիքն է բոլոր միջնորդներից՝ ԵՄ, ԱՄՆ, թե ՌԴ, որպեսզի կաարողանա ապահովել փոխընդունելի առաջարկների հաստատումը և ձևակերպումը խաղաղության պայմանագրի տեքստի մեջ»։

Իշխանական պատգամավորը շտապողական է համարում պնդումները, որ խաղաղության պայմանագրի քննարկումները փակուղում են։ Ըստ Խանդանյանի՝ Հայաստանը հիմա էլ հաստատում է, որ ցանկացած հարթակում պատրաստ է շարունակել բանակցությունները։

Ի դեպ, բանակցային արևմտյան ձևաչափում արդեն կան հստակ փոփոխություններ։ ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այլևս չի մասնակցի ԼՂ հարցով բանակցություններին, քանի որ անցյալ շաբաթ թոշակի է անցել։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի խոսքով՝ գերատեսչությունում կան մի շարք այլ անհատներ, որոնք խորապես ներգրավված են այս գործընթացում։ Փրայսը հստակ անուններ է տվել՝ Վիկտորիա Նյուլանդ, Քերըն Դոնֆրիդ և  Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։  

Ֆիլիպ Ռիքերը առավելագույնը 6 ամիս հասցրեց զբաղվել մեր հարցերով։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ռիքերին նշանակել էր Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նախորդ տարվա օգոստոսին։

Կարդացեք նաև

Back to top button