ԿարևորՀասարակություն

Հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության․ այրվածքաբանական

Գեղարքունիքում N զորամասի հրդեհից հետո առավոտյան Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված 3 զինվորականներից 2-ը վերակենդանացման, 1-ը՝ այրվածքաբանության բաժանմունքում են։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը լրագրողների հետ զրույցում մանրամասնում է․ «Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ժամկետային զինծառայողի ու սպայի վիճակը ծանր է, վերին շնչուղիների այրվածքներ ունեն, երրորդ բուժառուի վիճակը համեմատաբար կայուն է, այրվածքաբանության ազգային կենտրոն ընդունվել է ստորին վերջույթների խորը այրվածքներով»։

«Վերականդանացման բաժանմունքում գտնվող երկու զինվորների վիճակը գնահատվում է ծանր, գրանցվել է շնչուղիների այրվածք, հիմա գտնվում են հսկողության տակ, կատարվել են վիրակապություններ։ Մյուս զինվորը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, նրա վիճակը բավարար է, կայուն է ավելի, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Առհասարակ, բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները արդեն կյանքի համար վտանգավոր են։ Բոլոր բուժառուները գիտակցություն ունեն, պարզապես վիրակապվել են ու ցավազրկողների ազդեցության տակ են, քնած են։ Բոլոր հիվանդները բոցից են այրվել, քանի որ եղել է կրակ, իսկ բոցից առաջացած այրվածքները հարաբերական խորն են լինում»,– նշում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներովտեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:

Կարդացեք նաև

Back to top button