ԿարևորՔաղաքական

ՄԽ համանախագահները ԱԳՆ- ում. շենքի մոտ բողոքի ցույց՝ ընդդեմ երկակի ստանդարտների (լրացված)

լրացված ժամը 17։41

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հունվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները: Այդ համատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994 թ. մայիսին հաստատված զինադադարի և 1995 թ. փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ ավելի քան մեկուկես ժամ տեւեց: Արտգործնախարարության նախասրահում հանդիպման ավարտին սպասող լրագրողներին մոտեցավ եւ հարցերին պատասխանեց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Ռուսաստանցի համանախագահը նախ հիշեցրեց, որ երեկ Ադրբեջանում է հարցազրույց տվել լրագրողներին եւ այնտեղ ասածներին որեւէ բան չի կարող ավելացնել։

«Մենք Բաքվում շարունակեցին խոսակցությունը, որը սկսվել էր դեռ Վիեննայում»,- ասաց համանախագահը՝ ավելացնելով, որ ոսել են ներկայումս սեղանին դրված փաստաթղթի շուրջ: Բացի այդ՝ Պոպովի ոխանցմամբ՝ իրենք քննարկել են շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված հարցեր։

«Մենք հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ, նա շարադրեց իր վարկածը»,- շեշտեց ռուսաստանցի համանախագահը` հավելելով, որ նույն խնդրի շուրջ խոսել են նաեւ արտգործնախարարի հետ: Լսելով կողմերի, Իգոր Պոպովի ձեւակերպմամբ, վարկածները, ռուսաստանցի համանախագահը եզրահանգել է, որ հարցի հետ կապված ամեն ինչ չէ, որ համընկնում է: Չնայաց դրա` մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ` ելնելով նրանից, որ «ցանկացած կողմից զոհը մեծ կորուստ է եւ դա ամեն ինչ տանում է խաղաղ, բանակցային գործընթացի խաթարման, հետեւաբար` մենք հուսով ենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի»:

Ռուսաստանցի համանախագահի խոսքով` իրենք այդ կոչն են արել ադրբեջանական կողմին եւ այդ թեմայի շուրջ խոսել են նաեւ Հայաստանի արտգործնախարարի հետ ու, բնականաբար, խոսելու են նաեւ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանցի համանախագահը տեղեկացրեց նաեւ, որ իրենք պլանավորել են քննարկել նաեւ հարցերը, որոնք կապված են հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հետ` առաջարկել այն հնարավոր տարբերակները, որոնք արդեն արտգործնախարարները քննարկել են Փարիզում։ Պոպովի գնահատմամբ` Փարիզում բավականին կառուցողական խոսակցություն է եղել, սակայն, բնականաբար, բոլոր հարցերը չէ, որ լուծում են ստացել: Կան մի շարք անհամաձայնություններ, որոնց վրա էլ մենք շարունակելու ենք աշխատել, տեղեկացրեց ռուսաստանցի համանախագահը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի խոսքով` երկու երկրների նախագահների հերթական հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է: Նա հավելեց նաեւ, թե սկզբունքորեն պետք է ելնել նրանից, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի ամենաբարձր մակարդակով. այդ մասին պայմնավորվածություն է եղել  Վիեննայում, հիշեցրեց դիվանագետը։ 

Ի դեպ՝ այն պահին, երբ արտգործնախարարության շենքին մոոտեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արտաքին գերատեսչության շենքի առջեւ նրանց էին սպասում մի խումբ դաշնակցական երիտասարդներ: Երիտասարդները համանախագահներին դիմավորեցին բողոքի ակցիայով` «Ոչ երկակի ստանդարտներին վանկարկումներով»։ Բողոքի ցույցի կազմակերպիչներն էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ երիտասարդական միությունները։

Ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ Մինսկի խմբիցպահանջում էին վերջ տալ, իրենց ձեւակերպմամբ, կեղծ հավասարության քաղաքականությանը եւ համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանն ասաց, որ իրենց բողոքի ակցիան ուղղված է հենց Մինսկի խմբի համանախագահներին` հիշեցնելու եւ պահանջելու նրանցից, որ կատարեն իրենց առաքելությունը։

«Մինսկի խմբի համանախագահների իրական պարտավորվածությունն այն է, որ նպաստեն խաղաղության պահպանմանը, խաղաղության հաստատմանը, բայց իրենք իրենց գործողություններով նպաստում են պատերազմի վերսկսմանը` հավասարության նշան դնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողությունների միջեւ։ Դա  նշանակում է նպաստել, խրախուսել Ադրբեջանի ներկայիս տարվող հակահայկական ագրեսիվ քաղաքականությանը եւ թույլ տալ Ադրբեջանին, որ շարունակի այդ քաղաքականությունը»,- ասաց նա։

Երիտասարդներն ասացին, թե դեմ են Մինսկի խմբի համանախագահների նման մոտեցմանը եւ պահանջում են, որ նրանք ոչ թե հավասարեցման նշան դնեն, այլ` համարժեք վերաբերմունք եւ կեցվածք դրսեւորեն ու իրերն իրենց անուններով կոչեն։

Back to top button