ԿարևորՀասարակություն

Երբ քաղաքի լույսերն արդեն երևում էին, մեքենաների մեջ իսկական ցնծություն էր․ Արցախ վերադարձածները՝ անցած ճանապարհի մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կփաստագրի և երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին, ՄԱԿ–ի մոնիտորինգային մարմիններին կներկայացնի նախօրեին՝ հունվարի 17-ին, ադրբեջանական ուժերի կողմից Գորիսից Ստեփանակերտ վերադարձող երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները․ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՄԻՊ գրասենյակը։ Դեկտեմբերի 12-ից Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանում՝ ծնողներից ու ընտանիքներից բաժանված շուրջ 300 երեխա է մնացել։ 19 երեխա երեկ վերադարձավ Արցախ, ինչից հետո ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն արձանագրեց, որ փակ ճանապարհն անցնելիս ադրբեջանցիները ահաբեկել ու թիրախավորել են երեխաներին։ «Ռադիոլուրն» այսօր զրուցել է առայժմ Երևանում մնացած արցախցի երեխաների հետ․ նրանք թեև լսել են միջադեպի մասին, բայց անհամբեր սպասում են տուն վերադառնալուն։

Արցախցի 13–ամյա Վլադիմիրը այսօր առավոտից փորձում է կապ հաստատել նախօրեին Գորիսից Ստեփանակերտ վերադարձած դասընկերուհու հետ։ Փակ ճանապարհով տուն հասած ընկերոջ հետ դեռ չի խոսել, փոխարենը հույս ունի, որ շուտով ինքն էլ տուն կվերադառնա։

«Ծնողներս այնտեղից մեզ դուխ են տալիս, ասում են՝ պատկերացրեք, որ ճամբար եք գնացել, փորձեք հարմարվել։ Բայց դե մենք էլ նրանց համար ենք անհանգստանում, քանի որ գիտենք, որ այնտեղ էլ վիճակը լավ չէ, գազ չկա, հոսանք չկա»,– պատմում է 13–ամյա արցախցին։

Մանկական Եվրատեսիլին մասնակցելու համար Երևան եկած և արդեն 38 օր տնից, ընտանիքից ու ծնողներից կտրված  երեխաներն այստեղ դպրոց են հաճախում։ Վլադիմիրը պատմում է, որ դասերից բացի նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոց են գնում․ առօրյան հագեցած է։

«Մենք Եվրատեսիլը նայելու հենց հաջորդ օրը պետք է ճանապարհվեինք Ստեփանակերտ, բայց մեզ ասեցին, որ ճանապարհը փակ է։ Մենք դասերից հետ չմնալու համար դպրոց ենք գնում, բայց չենք ուզում գնալ, ընդամենը ուզում ենք շուտ վերադառնալ Ստեփանակերտ։ Մեր գլխավոր խնդիրը դա է»,– ասում է Վլադիմիրը։

Վլադիմիրի նման ևս շուրջ 300 երեխա դեկտեմբերի 12-ից Բերձորի փակ ճանապարհի պատճառով բաժանված է ընտանիքից։ Հունվարի 17-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ նրանցից19–ը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով տուն է վերադարձել։ Օմբուդսմենը նաև տեղեկացրեց, որ «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները կանգնեցրել են երեխաներին տեղափոխող մեքենան , նկարահանել երեխաներին ու բղավոցներուվ, գոռգոռցներով ճանապարհել նրանց։ Հայերի նկատմամբ ադրբեջանցիների էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին՝ ընդգծել է Գեղամ Ստեփանյանը։

Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը երեխաներին ուղեկցող 6 մեծահասակներից մեկն է։ Պատմում է՝ երեկոյան 6-ի սահմաններում  են դուրս եկել Գորիսից, ինքն էլ վստահ է եղել՝ եթե խաղաղապահներն հետ են գնում, ապա ապահով տեղ կհասնեն, բայց ճանապարհին անակնկալներ են եղել։ Շուշի–Քարին տակ հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան։

«Գլուխները ներս մտցրեցին, կամերաները դրեցին, սկսեցին նկարել, հետո ռուսները նկատեցին, եկան, իրենց դուրս հրեցին ու դուռը փակեցին։ Այդ ամենը շատ արագ կատարվեց, բայց հասկանելի է՝ երեխաները, հատկապես աղջիկները հետ–հետ գնացին, վախեցան։ Հետո, երբ արդեն դուռը փակ էր, պետք է նորից շարժվեինք, երեխաներն ասում էին․ «Մենք ուժեղ ենք, չէ՞, ընկեր Գյանջումյան», ես էլ ասում էի՝ իհարկե»,– պատմում է Աիդա Գյանջումյանը։

Մի քանի կիլոմետր անց արդեն ավտոբուսում այլ տրամադրություն էր։

«Երբ արդեն քաղաքի լույսերը երևում էին, մեքենաների մեջ այնպիսի ցնծություն էր, բոլորը «ուռա» էին գոռում, ծափահարում էին։ Այդ բերկրանքն ամեն ինչ արժեր։ Երեխաներն անհամբեր սպասում էին, նրանցից մեկն ասում էր՝ ցավդ տանեմ, Ստեփանակերտ, ասում էր՝ ընկեր Գյանջումյան, իջնելու եմ հողը համբուրեմ»,– պատմում է Արցախ վերադարձած արցախցին։

Արդեն Ստեփանակերտում երեխաներին դիմավորել են ծնողները։ Արմինե Ավետիսյանը, որ տանը երկու որդիների հետ դստերն է սպասել, պատմում է՝ երեխաների վերադարձի լուրն անսպասելի էր, անհանգստությունն էլ՝ մեծ․ ճանապարհին երեխաների հետ կապ պահնապանել չի հաջողվել։

«Ժամը 10-ն անց էր, 11–ը, ու երեխաներից լուր չկար, բնականաբար, շատ անհանգիստ էինք։ Բավական երկար էնտեղ ադրբեջանցիներն իրենց կանգնեցրել են։ Երեկ թվում էր թե երեխան ուրախ է, բայց մի փոքր առիթ եղավ ու ինքը այդ հուզմունքը լարվածությունը արտահայտեց։ Պատմում էր, որ թույլ չեն տվել մեքենայի մեջ լույսեր վառել, հեռախոսները անջատված են եղել։ Բայց դե երեխաները, ինչպես բոլոր արցախցիները, ուժեղ են, ու կարծում եմ՝ տան ջերմությունը կօգնի երեխաներին հաղթահարել էտ տագնապը»,– պատմում է Արմինե Ավետիսյանը։

Այս միջադեպն անպայմանորեն պետք է փաստագրվի ու կցվի բոլոր այն գործերին ու գանգատներին, որոնք Հայաստանի դիմումներով քննվում են միջազգային ատյաններում ՝ պնդում է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Եթե խոսենք իրավունքների մասին, ապա երեխաների արժանապատվության, կյանքի անվտանգության, ազատ տեղաշարժի, մասնավոր կյանքի բոլոր իրավունքները բացահայտ խախտվել են։ Այդ երեխաների իրավունքներն արդեն իսկ խախտված էին, քանի որ նրանք զրկված են մայրական խնամքից, նրանք հարկադրաբար զրկված են այդ իրավունքից ավելի քան մեկ ամիս»,– ընդգծում է Թաթոյանը։

Հակամարտության կամ հետհակամարտության գոտներում երեխաների իրավունքները, ըստ միջազգային ստանդարտների պետք է առավել պաշտպանված լինեն՝ ընդգծում է Թաթոյանը ու հավելում՝ նույնիսկ տուն վերադառնալուց հետո նրանք շարունակում են զրկանքներ կրել՝ ապրել շրջափակման մեջ ու հումանիտար ճգնաժամի պայմաններում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ այս միջադեպով ադրբեջանցիները ևս մեկ անգամ ուզում են ցույց տալ, որ իրենք են վերահսկում ճանապարհը։ Ստեփանյանը վստահեցնում է՝ ամեն ինչ պետք է արվի Հայաստանում մնացած ու ընտանիքներից կտրված մյուս երեխաներին տուն վերադարձնելու համար։

«Առաջիկայում նման հնարավորություն ունենալու դեպքում պետք է անպայման հաշվի առնել երեկվա միջադեպի փորձը և առավել ուշադիր ու առավել մանրակրկիտ պլանավորել երեխաների տեղափոխումը, որ նման դեպքերը չկրկնվեն»,– շեշտում է Գեղամ Ստեփանյանը։

Ստեփանյանը հիշեցնում է՝ սա ադրբեջանցիների կողմից երեխաների թիրախավորման, հոգեբանական ահաբեկչության առաջին դեպքը չէ։ Շուրջ մեկ տարի առաջ ևս մեկ դեպք գրանցվել էր Գորիս–Կապան ճանապարհին, երբ արցախցի երեխաների ֆուտբոլային թիմը Ստեփանակերտ էր վերադառնում։

Կարդացեք նաև

Back to top button