ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը դադարեցրել է «խաղաղության պայմանագրի» տեքստի քննարկումները և գնում է նոր էսկալացիայի․ հարցուպատասխան ԱԺ–ում

Կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը Բաքվին մեղադրել են  «խաղաղության պայմանագրի» բանակցությունները դադարեցնելու և հայտարարություններով ու գործողություններով նոր էսկալացիա հրահրելու մեջ։ Սակայն նշել են, որ Հայաստանը պատրաստ է դիմադրել դրան ՝ միջազգային հանրության հետ ակտիվ աշխատանքով, որի արդյունքները, ըստ պաշտոնյաների, արդեն տեսանելի են։

Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձել է  նաև նախօրեին՝ Հայաստանի նախաձեռնությամբ և առաջարկով տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։

ԱԺ–կառավարություն հարց ու պաասխանին այսօր չի մասնակցել խորհրդարանական ընդդիմությունը, որը, սակայն, այս շաբաթ  մասնակցում էր լիագումար նիստերին աշխատանքներին։

Հայաստանը Ադրբեջանից դեռ որևէ պատասխան չի ստացել նախորդ տարվա դեկտեմբերին «խաղաղության պայմանագրի» տեքստին առնչվող խմբագրական առաջարկների առնչությամբ։ Թեև Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով նույն դեկտեմբերին Հայաստանը Մոսկվայում չմասնակցեց արտգործնախարարների՝ Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ հանդիպմանը, բայց Հայաստանը չէ, որ ձգձգում է «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ աշխատանքը՝ ԱԺ–ում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հստակեցնում է, որ հայկական կողմը դեռ սպասում է ադրբեջանական պատասխանին․

«Որպես կանոն այդպես է ընթացել մինչ այժմ գործընթացը՝ նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, այնուհետև հայկական, այնուհետեև ադրբեջանական առաջարկներ, ենթադրաբար մինչև այն պահը, երբ ամբողջությամբ համաձայնեցված տեքստ հնարավոր կլինի ունենալ։ Մենք մեր հերթական առաջարկները և դրանց կից հիմնավորումները ուղարկել ենք ադրբեջանական կողմին և արդեն կարելի է ասել մեկ ամիս է որևէ արձագանք չունենք։ Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում։ Գոնե մինչ այս պահը, կրկնում եմ, ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն «խաղաղության պայմանագրի» տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողություններ Լաչինի միջանցքում և նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներ»։

Հայաստանը ասիմետրիկ դիվանագիտությամբ է պատասխանելու Ադրբեջանի՝ սադրանքի միջոցով տարածաշրջանում նոր էսկալացիա հրահրելու փորձերին` հստակեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը տարբեր փորձագետների կողմից կանխատեսվող հավանական էսկալացիան կանխելու համար։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը հստակ արձանագրում է, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ է գնալ «խաղաղության պայմանագրի» ստորագրման։

Սակայն Լաչինի միջանցքը արգելափակելուն և Արցախը շրջափակելուն զուգահեռ Ադրբեջանը զարգացնում է նոր ագրեսիվ հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ։ Օրերս Ադրբեջանի նախագահը խոսել էր 2023–ին «Սյունիքի միջանցքը» բացելու և տարածքային այլ հավակնությունների մասին։

«Միջազգային հանրությունն էլ է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար։ Բայց հարց․ իսկ ո՞վ է ասել, որ դա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով՝ ամբողությամբ վիժեցվի «խաղաղության գործընթացը»։ Դրա համար մենք մեր վերաբերմունքի բանաձևը, մեթոդը պետք է չփոխենք, և ես ավելի եմ համոզվում այդ մեթոդի ճշմարտության մեջ։ Մեր արձագանքն այդ ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ։ Նախ՝ ակտիվ միջազգային դիվանագիտությունը և երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելը, չհրաժարվելը։ Դա պետք է լինի մեր արձագանքը»։

Միջազգային հանրությունը սկսել է ճիշտ ընկալել Հայաստանի դիրքորոշումը, փաստում են պաշտոնյաները։ Հայաստանի արտգործնախարարի համար սա առավել ակնհայտ է դարձել նախօրեին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ, որի ընթացքում՝ Հայաստանի առաջարկով և նախաձեռնությամբ քննարկվել են Լաչինի միջանցքի խնդիրն ու Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները։

Հանդիպումը փակ է եղել և Միրզոյանը քննարկումից ու  ելույթներից մանրամասներ չներկայացրեց։ Պարզապես խոսեց  ընդհանուր տպավորության մասին։

«Ելույթներից ակնհայտ էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ, այդ թվում և ում կողմից ինչ է խախտվել, ում կողմից ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ կան, որոնք խախտվել են, ովքեր են խախտել և ինչպիսի պարտավորություններ կան, որ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում։ Հստակ գիտակցում կա ոչ միայն ԵԱՀԿ–ում, դուք դա կարող եք տեսնել նաև առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներից։ Կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու»։

Միջազգային բոլոր ուղղություններով Հայաստանը շարունակելու է աշխատել։ Թեև ՄԱԿ–ի ԱԽ–ում չի հաջողվել հասնել փաստաթղթի ընդունման, ինչպես Միրզոյանն է ասում, «որոշ դեպքերում առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով», բայց հավաստիացնում է, որ այդ ատյանում աշխատանքները դեռ շարունակվում և շարունակվելու են։

Կարդացեք նաև

Back to top button