ԿարևորՔաղաքական

ԵՄ «աչքերն ու ականջները» Հայաստանում․ դիտորդական առաքելությունը պատրաստ է վերադառնալ

ԵՄ տարբեր ատյաններում արդեն քննարկվել  և գրեթե կայացվել է որոշում քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն Հայաստան ուղարկելու մասին։ Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ երկուշաբթի Բրյուսելում՝ Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստում:

Մինչ այդ արդեն շրջանառվում են տեղեկություններ  առաքելության տեղակայման ժամկետների և դիտորդների թվի մասին։ Բաքուն արդեն հասցրել է իր անհամաձայնությունը հայտնել և դժգոհել ԵՄ որոշումից: Ադրբեջանի նախագահը նոր առաքելության գործուղումը «տհաճ» անկանկալ է որակել՝ համոզմունք հայտնելով,  որ այն կխաթարի բանակցային գործընթացը։

ԵՄ դիտորդական քաղաքացիական երկրորդ առաքելության տեղակայումը Հայաստանում  գրեթե հաստատվել է։ Պաշտոնական հաղորդագրություն այս կապակցությամբ դեռ չկա, բայց տեղեկություններ կան, որ այն առաջին առաքելությունից ավելի մեծ կլինի, ավելի երկարատև և ի տարբերություն նախորդի, որ դիտարկում էր միայն ադրբեջանական ագրեսիայի ուղղությունները, այս անգամ կտեղակայվի Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը առանձնացնում է «Հայաստանի սահմաններ» ձևակերպումը, որը վերջին շրջանում կասկածի տակ էր դրվում անավարտ սահմանագծման և սահմանազատման պատճառով։  

«Իրենք որևէ կերպ կասկածի տակ չեն դրել Ջերմուկը Հայաստան է, թե՝ ոչ, Վարդենիսի գյուղերը կամ Սոթքը Հայաստան է, թե՝ ոչ։ Այսինքն՝ այս առումով քննարկում անգամ չի ծավալվել։ Սեպտեմբերի 13-ից հետո այդ առումով ևշ՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն շատ հստակ են հայտարարել, որ սա հարձակում է Հայաստանի սուվերեն տարածքի դեմ։ Այսինքն՝ ինչպես ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ասացին՝ պարզ չէ, թե սահմանները որտեղ են և առաքելություն չեն կարող իրականացնել։ Եթե այս հարցը առաջանար իրենք ուղղակի չէին գա, որովհետև իրենք կասեին՝ իսկ որտե՞ղ է այդ սահմանը, որտե՞ղ ենք լինելու։ Իմ տեղեկությունը, որ ունեի 3 օր առաջ այնպիսին էր, որ այո, գրեթե հաստատվել էր, չնայած վերջնական հաստատումը պետք է լիներ օրեր անց և հաստատվել էր մոտավորապես 60 հոգանոց անձնակազմի ներկայությունը Հայաստանում։ Նոր տեղեկությունները, որ տեսա, որ խոսվում էր 200 հոգու տեղակայման մասին, իրականում շատ ուրախացնող են։ Բայց ես չեմ կարող ասել՝ դրանք որքանով հաստատ են և որքանով՝ ոչ»։  

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ԵՄ-ն մտադիր է դիտորդական նոր առաքելությունը Հայաստան ուղարկել մեկ ամսից։ Երկու ամսվա փոխարեն խոսվում է առնվազն 2 տարվա աշխատանքային ժամկետի մասին։ Հայաստան առաքելություն ուղարկելու հարցը հաստատվել է նախօրեին դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: Եզրակացության մեջ ասված է, որ դիտորդական առաքելության «առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի նվազմանը, այդ տարածքներում ապրողների համար վտանգների կրճատմանը, և դրանով իսկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։

ԵՄ առաջին երկամսյա առաքելության կազմում կային մասնագիտական խմբեր, նաև ռազմական ոլորտի, որոնք տեղում հավաքում էին հնարավոր բոլոր խնդիրները և ռիսկերը։ Աշխատանքի հիման վրա զեկույց արդեն պատրաստել է, բայց այն հրապարակային չէ։ Արդյո՞ք երկրորդ առաքելության հաստատումը վկայում է, որ դիտորդները նոր վտանգներ են տեսել՝ հարցին, Գայանե Աբրահամյանը նախ հստակեցնում է պետք է չէ ուենալ մեծ ակնկալիքներ քաղաքացիական մոնիտորինգից։ Սա պարզապես, պատկերավոր ասած  Եվրոպայի «աչքերն ու կանջներն են» այստեղ։

«Բայց մյուս կողմից այս ներկայությունը բավական լուրջ զսպող մեխանիզմ է։ Սովորաբար նման առաքելությունները, այնուամենայնիվ, քաղաքական որոշակի սահմանափակվածություն և կարող է շատ ուղիղ չասեն կամ հանրային իրենց ելույթներում չհայտարարեն, որ այս կողմից է եղել այդ հարձակումը և այլն, և այլն։ Բայց վստահաբար, իրենց փակ զեկույցներում ունենում հստակ և ցույց են տալիս, թե որ կողմից է եղել հարձակումը, ինչ խնդիրներ են ծագել սահմանին և այլն։ Այսինքն՝ իրենք տեսում ունենում իրենց աչքերն ու ականջները, ինչը չափազանց կարևոր է, որովհետև որքան էլ մենք ասում ենք ապացույցներով, ահռելի փաստերով, տեսանյութերով և այլն, և այլն, սրանք այնուամենայնիվկ, կողմնակալ են ընկալվու միջազգային հանրության աչքին»։

Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբումը առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան՝ սահմանելով, թե ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու և անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:

Դիտորդական առաքելությունը սպասելիքներ ունի նաև հայկական կողմից։ Մասնավորապես, Բրյուսելն ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, և անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:

Նախորդ առաքելության դրական աշխատանքից Գայանե Աբրահամյանը առանձնացնում է․

«Շատ կարևոր դիտարկում արվեց եվրոպական պատգամավորներից մեկի կողմից երկու ամիս առաջ, ով ասաց, որ հանդիպում է ունեցել առաքելության ներկայացուցիչների հետ և հետաքրքիր մի դիտարկում էր անում, երբ ասում էր, որ անգամ իրենք են ասում, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկում Ադրբեջանը որևէ կերպ կանխելու սահմանին կանգնած զինվորների կամ ահմանապահ գործունեություն իրականացնող անձնակազմի կարողությունների զարգացման կամ ապահովության համար։ Այսինքն՝ բլինդաժների, ապաստարանների կառուցում՝ արգելանք հանդիսանալով անգամ քաղաքացիական հասարակության համար ապաստարանների կառուցման և այլնի համար։ Եթե մենք սա ինքներս ասեինք, իրենք սրան թերահավատորեն կմոտենային, բայց երբ դա ասվում է իրենց ներկայացուցչի կողմից արդեն հստակ է դառնում և ապացուցվում են բոլոր մեր սածները, որ ամեն ինչ անում է Ադրբեջանը, որ մենք անգամ մեր ինքնապաշտպանության որևէ մեխանիզմ ուղղակի չունենանք»։  

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը,  խոսելով ԵՄ առաքելության մասին ընդգծում է՝ առաջին անգամ որևէ կառույց հստակ աշխատանքի հստակ մանդատ ունի։  

«Երկար տարիներ ազգովի բողոքում էինք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն տալիս է անհասցե մեղադրանքներ և դա գալիս էր նրանից, որ ԵՀԱԿ ՄԽ-ն չուներ մանդատ ասելու, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Բոլորին ակնհայտ էր որ հրադադարը խախտում է Ադրբեջանը, բայց ԵԱՀԿ ՄԽ-ն ուղղակի չուներ մանդատ կամ լիազորություն նման արձանագրում անելու։ Այժմ դա փոխվում է։ Դա փոխվեց սեպտեմբերյան էսկալացիայի արդյունքում, երբ մի շարք՝ հիմնականում արևմտյան երկրներ հստակ և աներկբա ասացին, թե ով է ագրեսորը և դիտորդների տեղակայմամբ լեգիտիմացվում է, որ սրանից հետո աշխարհը ունենալու է լիազորություն ասելու, թե ով է խախտել հրադադարը։ Հետևանքները տարբեր են»։

Հետևանքներից մեկը կարող էր լինել հենց ՄԱԿ ԱԽ-ում հայտարարության ընդունումը, որը, սակայն, տապալվեց մի քանի երկրի ջանքերով։

Ուշագրավ է, որ Բաքուն, ի տարբերություն նախորդի , այս առաքելությանը հավանություն չի տվել: Ադրբեջանի նախագահը օրեր առաջ քննադատել էր նախաձեռնությունն ու պնդել, թե եվրոպացիներն իրենց խաբել են, թե Պրահայում համաձայնել էր առաքելության կարճաժամկետ և սակավաթիվ ձևաչափին։ Նոր առաքելության գործուղումն անվանել է «տհաճ», սպառնացել է, որ այն կխաթարի բանակցային գործընթացը և ԵՄ միջնորդությամբ բանակցային ձևաչափի ապագան կդնի  կասկածի տակ։

Ամեն դեպքում ենթադրվում է, որ ԵՄ դիտորդները Հայաստան կժամանեն հաջորդ ամիս։

Կարդացեք նաև

Back to top button